Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Նա խաղաղ և հանգիստ ապրում է իր տոհմակիցների հետ, լույս աշխարհ բերում փոքրիկ, հմայիչ ընձուղտիկի և օրվա մեծ մասը համեղ բույսեր ու ծառերի տերևներ ուտում: Ժամանակն է ծանոթանալու նաև նրա յուրօրինակ հատկությունների հետ: Եվ այսպես, հետաքրքիր փաստեր ընձուղտների մասին:
Առաջին ընձուղտին Եվրոպա բերել է Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ)), նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:
Բայց տարիներ անց, երբ ընձուղտների մասին եվրոպացիները արդեն հասցրել էին մոռանալ, արաբները ևս մի ընձուղտ բերեցին: Նրան կոչեցին Զարաֆա, որը նշանակում է «շքեղ, տոնական»: Հենց Զարաֆայի անունից էլ առաջացան giraffe, жираф և մի շարք այլ ընձուղտային անվանումներ:
Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ: Ընձուղտի լեզուն էլ ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:
Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:
Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու համար և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:
Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու: Եվ հաճախ «դայակի» անուշադրության պատճառով ձագուկների մի մասը զոհ են գնում գիշատիչների:
Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:
Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:
Ընձուղտը նաև սարսափելի բուրում է (իհարկե, վատ իմաստով), այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:
Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ:
Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Տանզանիայի, Ուգանդայի և Զամբիայի արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում, շարունակում են ապրել իրենց խաղաղ, հաստատուն և անհոգ կյանքով: