Սպունգ Բոբի հետ ծանոթացանք, անգամ հասցրինք ուտել նրան… Այսինքն իսկական ժամանակն է սովորել նրան նկարել: Ի՞նչ, ի՞նչ, չե՞ս կարող… Դու այդպես ես ասում, որովհետև անգամ չես էլ պատկերացնում, թե ամեն ինչ որքան հեշտ է: Ես ինքս նկարելուց այդքան էլ լավ չեմ, բայց ինձ մոտ ամեն ինչ անկրկնելի ստացվեց: Դե ուրեմն շտապիր վերցնել մատիտ, թուղթ, մեկ էլ դարակի ամենախոր անկյունում ինքնավստահությունդ է թաքնված, դա էլ չմոռանաս, լա՞վ: Ուրեմն սկսում ենք:
Քայլ 1: Սպունգ Բոբին սկսում ենք նկարել նրա զիգզագաձև մարմնից:Իհարկե, սկզբում այն կարող ես նկարել ուղիղ գծերով, որպեսզի ավելի հեշտ լինի:
Քայլ 2: Հիմա նկարում ենք թաթիկներն ու ոտիկները այնպես, ասես Սպունգ Բոբն ուրախ-ուրախ վազում է:
Քայլ 3: Իսկ հիմա ալիքաձև կամ զիգզագաձև ենք դարձնում Սպունգ Բոբի մարմնի եզրագծերը:
Քայլ 4: Ժամանակն է նկարելու նրա աչուկները, որոնք մեծ են ու կլոր, իսկ նրա թարթիչներն ընդամենը երեքն են:
Քայլ 5: Հետո նկարում ենք նրա քիթը, որը մի քիչ վերև է բարձրացած, ինչպես նաև բացված բերանը, որից պարզ երևում են լեզուն և երկու ատամները:
Քայլ 6: Հիմա նկարիր Սպունգ Բոբի փողկապն ու օձիքը:
Քայլ 7: Ավելի մանրամասն նկարիր թաթիկներն ու ոտիկները:
Քայլ 8: Նկարիր անցքեր Բոբի վրա:
Քայլ 9: Մգեցրու անհրաժեշտ հատվածները:
Քայլ 10: Եվ վերջապես ներկիր:
Դե՞, որևէ դժվար բան կա՞ր: Թեև համոզված եմ, որ քեզ մոտ ամեն ինչ ուղղակի հրաշալի է ստացվել, բայց փորձիր մի քանի անգամ էլ նույն քայլերով նկարել նրան, որպեսզի է՛լ ավելի հրաշալի ստացվի: Իսկ հենց սա վերջացնես, մենք կսկսենք սովորել նկարել Սպունգ Բոբի ընկերներին, չէ՞ որ առանց նրանց նա չի կարող, ինչպես ես՝ առանց քեզ…
Անի Ավագյան