ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ


59 shares

Շարադրությո՜ւն… Դու է՞լ ես սարսափում այս բառից: Պատրա՞ստ ես ամեն ինչի, միայն թե ուսուցիչը կրկին չհանձնարարի շարադրություն գրել: Ուրեմն այս խորհուրդները հենց քեզ համար են: Միասին այդ շարադրության «հախից կգանք» ու կտեսնես, որ նրա մեջ ոչ մի սարսափելի բան էլ չկա:

Շարադրությունները տարբեր են լինում, շատ տարբեր, բայց նրանց համար ընդհանուր է մեկ բան: Բոլոր շարադրություններն էլ պետք է ունենան հստակ ու գեղեցիկ կառուցվածք, բաղկացած լինեն նախաբանից, հիմնական մասից և վերջաբանից: Ամենից առաջ ուշադիր կարդա վերնագիրը. դրա ամեն մի բառը շատ կարևոր նշանակություն ունի: Հենց այնպես չեն ուսուցիչները շարադրության վերջում գրում. «Շեղվել ես թեմայից» կամ «Չի համապատասխանում վերնագրին»:

Նախաբանը քո շարադրության առաջին պարբերությունն է, որտեղ պետք է կարողանաս մի նախադասության սահմանում ներկայացնել, թե ինչի մասին ես խոսելու քո աշխատանքում, և անցում կատարել հիմնական մասին: Այս հատվածում դու պետք է կարողանաս տեղավորել բոլոր մտքերդ և որպեսզի շփոթ չառաջանա ու ամենալավ մտքերը հանկարծ չմոռանաս, նշումներ արա սևագրում, գրիր հիմնական մտքերը: 4-5 կարևոր միտք, և դրանց շուրջ դու կկառուցես քո շարադրությունը:

bigstock-Male-Student-Working-At-Desk-I-38771890

Ենթադրենք, քեզ հանձնարարել են շարադրություն՝ Իմ մայրիկը թեմայով: Ինչի՞ մասին կարող ես գրել դու: Մայրիկների մասին անվերջ կարելի է խոսել, չէ՞ որ մայրիկն ամենաթանկ մարդն է, նրա հետ են կապված մեր ամենալավ հիշողությունները: Պատմե՞լ է մայրիկդ, թե ինչպիսին էիր դու, երբ նոր էիր լույս աշխարհ եկել, ինչպե՞ս էր նա հոգ տանում քո մասին: Ե՞րբ ես առաջին անգամ արտասանել «մայրիկ» բառը: Իսկ ի՞նչ է նա սովորեցրել քեզ: Որքա՞ն ես կարոտում նրան, երբ չես տեսնում որոշ ժամանակ: Ո՞ր վայրերում ես սիրում լինել մայրիկի հետ, արդյո՞ք օգնում ես նրան տնային գործերում, իսկ նա քե՞զ: Մայրիկի պատրաստած ո՞ր ուտեստներն ես սիրում ամենից շատ: Երբևէ անակնկալ մատուցե՞լ ես նրան: Տեսնո՞ւմ ես, թե որքան բան կարելի է  գրել մայրիկների մասին: Նույն կերպ վարվիր, եթե պետք է գրես շարադրություն հայրիկի, պապիկի կամ տատիկի մասին: Քո հարազատների հետ կապված ջերմ ու քնքուշ հիշողությունները անպայման կօգնեն քեզ այդ հարցում:

Եվ իհարկե, հարկավոր է մի լավ վերջաբան քո շարադրության համար: Գեղեցիկ վերջաբան չունեցող շարադրությունը նման է կիսաեփ թխվածքի: Այնպես որ, քո կարծիքով ամենալավ միտքը արտահայտիր հենց վերջաբանի մեջ: Եզրակացություններ արա:

Հաճախ ուսուցիչները հանձնարարում են շարադրություն գրել այն գրական ստեղծագործության մասին, որը դուք անցել եք բոլորովին վերջերս: Այս դեպքում հարկավոր է մի լավ վերլուծել ստեղծագործության հերոսներին ու բնութագրել նրանց, գնահատական տալ նրանց արարքներին: Այս դեպքում դու պետք է դրսևորես իսկական գրաքննադատի հատկություններ: Եվս մեկ անգամ կարդա ստեղծագործությունը, նշումներ արա այն հատվածների վերաբերյալ, որոնք առնչվում են շարադրության թեմային: Եթե կան այլ հեղինակների աշխատանքներ տվյալ ստեղծագործության վերաբերյալ, անպայման կարդա դրանք, բայց ոչ մի դեպքում չարտագրես, չէ՞ որ այդ բոլոր աշխատանքները քեզնից առաջ կադացել է ուսուցչուհիդ: Այսպիսի շարադրություններում պետք չէ պատմել ստեղծագործության սյուժեն, ուսուցչուհին դա էլ շատ լավ գիտի, նրան հետաքրքրում է քո կարծիքը այդ վեպի, պատմվածքի կամ բանաստեղծության մասին: Սակայն շարադրության մեջ կարող ես անդրադառնալ քեզ առանձնահատուկ դուր եկած որոշ հատվածների և մեջբերումներ անել:

Եթե պետք է գրես շարադրություն աշնան կամ գարնան մասին, ապա նախ և առաջ պատուհանից դուրս նայիր: Բնությունը ինքը կհուշի, թե ինչ է պետք գրել: Այսպիսի շարադրություններում առավել, քան որևէ այլ աշխատանքում, նկարագրելու տաղանդը պետք կգա քեզ: Կարող ես դիտել աշնանային կամ գարնանային մի գեղեցիկ նկար կամ պարզապես դուրս գալ զբոսնելու: Կարդա աշնանը կամ գարնանը նվիրված բանաստեղծություններ ու պատմություններ: Այս ամենը քեզ անկասկած «աշնանային ու գարնանային տրամադրություն» կհաղորդի և ավելի հեշտ կկարողանաս ձևակերպել մտքերդ: Եվ հիշիր, գրիր այն, ինչ քեզ իսկապես դուր է գալիս:

Իսկ եթե շարադրությանդ թեման է Իմ ամառային արձակուրդները, ապա գործն ավելի հեշտ է: Մտովի վերադարձիր ամառ և հիշիր ամառային ուրախ օրերդ: Եթե դու այն երջանիկներից ես, որ ծով ես մեկնել, ապա կիսվիր տպավորություններով: Կամ էլ գուցե գյո՞ւղ ես մեկնել կամ ճամբա՞ր: Իսկ եթե ամառը տանն ես անցկացրել, ապա պատմիր, թե ինչպես ես հետաքրքիր դարձրել օրերդ: 5-6 միտք, գեղեցիկ ձևակերպում, հստակ կառուցվածք և շարադրությունը պատրաստ է:

Եվ մի քանի տեխնիկական ցուցումներ.

Սևագիր արա:

Գրիր մեկ ոճով: Հետևիր բայերի ժամանակաձևերին:

Գործածիր նոր ու գեղեցիկ բառեր:

Ստուգիր ուղղագրական սխալները, կետադրությունը:

Եվս մեկ անգամ կարդա աշխատանքը: Գուցե ինչ-որ բան ես բաց թողել: Ջնջիր ավելորդությունները:

Խուսափիր բառային կրկնություններից:

Մաքրագիր արա:

Եվ վերջապես հանգիստ խղճով ու բարձր տրամադրությամբ հանձնիր տետրդ ուսուցչուհուն և… սպասիր բարձր գնահատականի 🙂


Like it? Share with your friends!

59 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։