ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ ՕՐՆ ԱՌԱՆՑ ԿԱՄԱԿՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


10 shares

Հաճախ է պատահում այնպես, որ երեխան առավոտյան կամակորություններ է անում, ոչ մի կերպ չի ցանկանում վեր կենալ անկողնուց և գնալ մանկապարտեզ կամ դպրոց: Իսկ մայրիկները ստիպված են լինում բարկանալ, հունից դուրս են գալիս և այդքան ցանկալի «բարի առավոտ»-ը վերածվում է իսկական մղձավանջի: Ինչպե՞ս խուսափել այս ամենից և օրը սկսել բարձր տրամադրությամբ ու առանց կամակորությունների:

Միշտ հիշեք, որ նոր օրը սկսվում է այն պահից, երբ երեխան քնում է: Ուրեմն հենց քնից առաջ նրան պետք է տրամադրել հաջորդ օրվան: Խոսեք երեխայի հետ, ասեք, օրինակ, որ վաղը նրան անկրկնելի օր է սպասվում, և եթե նա առավոտյան լսի մայրիկին, առանց կամակորությունների վեր կենա ու գնա դպրոց կամ մանկապարտեզ, ապա նրան փոքրիկ անակնկալ կսպասի: Օրինակ, երեխայի համար գեղեցիկ բուտերբրոդ-նախաճաշը՝ իր սիրելի մուլտհերոսի տեսքով, արդեն իսկ հաճելի անակնկալ է: Միայն թե այս պայմանը երբեք խախտել չի կարելի, խոստացել եք, ուրեմն անպայման պետք է կատարեք Ձեր խոստումը:

Երեխային առավոտյան չի կարելի կտրուկ արթնացնել: Նախ համբուրեք նրան և շշնջացեք ականջին, որ արդեն պետք է արթնանալ: Շոյեք նրա դեմքը և սկսեք խուտուտ տալ, բայց դարձյալ ոչ շատ կտրուկ: Արդեն կստացվի, որ նա ժպիտով է արթնանում: Հետո սկսեք խոսել: Հարցրեք, թե ինչ երազ է տեսել այսօր, և միասին փորձեք մեկնաբանել: Բայց հիշեք, որ երեխաների տեսած երազները միշտ բարի նշանակություն են ունենում: Եվ մի խորհուրդ էլ. երեխայի սենյակում պետք է դեղին գույնի ինչ-որ բան լինի՝ բարձ, խաղալիք, վարագույր: Դա գույներից ամենադրականն է և միաժամանակ նաև արթնացնողը:

Որոշումներ կայացրեք միասին: Թույլ տվեք, որ իր հագուստը հենց երեխան ընտրի: Հետո սկսեք զանազան հարցեր տալ, թեկուզ մայրիկի սանրվածքի և հայրիկի հագուստի վերաբերյալ: Երեխաները շատ են սիրում խորհուրդ տալ, այդպես իրենք կարևոր են զգում իրենց:

Կարծես թե այսքանը: Մի փոքր համբերություն և ամեն ինչ իր տեղը կընկնի…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

10 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։