Մենք գիտենո, որ մարդու 5 զգայարանները հինգն են՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, համի զգացողություն և շոշափելիք։
Աչքերը
Աչքերն օգնում են տեսնել մարդկանց, կենդանիներին, առարկաներին և բնությունը։
Աչքերի շնորհիվ մենք տարբերում ենք գույները, ձևերը և չափերը։
Աչքերն օգնում են նաև կարդալ, գրել, նկարել և անվտանգ շարժվել։
Ականջները
Ականջներն օգնում են լսել տարբեր ձայներ։
Երբ լսում ես թռչունների ծլվլոցը կամ մեքենայի ազդանշանը, աշխատում է քո լսողության զգայարանը։
Ականջներն օգնում են նաև պահպանել մարմնի հավասարակշռությունը։
Շատ բարձր ձայները կարող են վնասել լսողությունը, ուստի պետք է պաշտպանել ականջները։
Քիթը
Քիթն օգնում է զգալ տարբեր հոտեր։
Դա կարող է լինել տհաճ հոտ, օրինակ՝ աղբի հոտը, կամ հաճելի բույր, օրինակ՝ տաք շոկոլադի բույրը։
Հոտառությունն օգնում է հասկանալ՝ սնունդը թարմ է, թե ոչ։
Քիթը նաև մասնակցում է շնչառությանը՝ մաքրելով և տաքացնելով ներշնչվող օդը։
Լեզուն
Լեզուն օգնում է տարբերել ուտելիքների համերը։
Անկախ նրանից՝ ուտելիքը քաղցր է, թթու, դառը, աղի կամ կծու, դու կարողանում ես զգալ դրա համը։
Լեզուն նաև օգնում է ճիշտ խոսել և արտասանել բառերը։
Այն կարևոր դեր ունի ծամելու և կուլ տալու ժամանակ։
Մաշկը
Մաշկն օգնում է դիպչել և զգալ տարբեր առարկաներ։
Երբ դիպչում ես կավին և փայտին, դրանք տարբեր զգացողություն են տալիս։ Կավը փափուկ և հարթ է թվում, իսկ փայտը՝ կոշտ և կոպիտ։
Մաշկն օգնում է հասկանալ՝ որևէ բան տա՞ք է, թե՞ սառը, փափո՞ւկ է, թե՞ կոշտ, հեղո՞ւկ է, թե՞ պինդ։
Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է։
Այն պաշտպանում է մարմինը վնասվածքներից, մանրէներից և օգնում է պահպանել մարմնի բնական ջերմաստիճանը։
Լրացուցիչ զգայարաններ
Բայց այս հինգ հիմնական զգայարանները միակը չեն․ մարդն ունի նաև այլ զգացողություններ, որոնք կարևոր դեր են խաղում մեր առօրյա կյանքում։
Ճնշման զգացողություն
Ճնշման զգացողությունն օգնում է հասկանալ, թե որքան ուժ է գործադրվում մեր մարմնի վրա։
Օրինակ՝ երբ որևէ մեկը սեղմում է քո ձեռքը կամ երբ ծանր առարկա ես պահում, դու զգում ես այդ ճնշումը։
Ճնշման զգացողությունը տարբերվում է սովորական շոշափելիքից։
Ջերմության զգացողություն
Ջերմության զգացողությունն օգնում է տարբերել տաքն ու սառը։
Երբ դիպչում ես տաք թեյի բաժակին կամ սառույցին, հենց այս զգացողությունն է քեզ տեղեկացնում դրա ջերմաստիճանի մասին։
Մեր ուղեղն անընդհատ հետևում է նաև մարմնի ջերմաստիճանին, որպեսզի այն մնա նորմալ։
Մկանների լարվածության զգացողություն
Մկանների լարվածության զգացողությունն օգնում է հասկանալ, թե որքան ուժ են գործադրում մեր մկանները։
Դրա շնորհիվ մենք կարողանում ենք բարձրացնել թեթև կամ ծանր առարկաներ և վերահսկել մեր շարժումները։
Սովի զգացողություն
Սովի զգացողությունն օգնում է հասկանալ, թե երբ է մարմինը սննդի կարիք զգում։
Երբ ստամոքսդ դատարկ է, մարմինդ քեզ հուշում է, որ ժամանակն է ուտելու։
Ծարավի զգացողություն
Ծարավի զգացողությունն օգնում է հասկանալ, թե երբ է մարմինը ջրի կարիք զգում։
Երբ օրգանիզմում ջուրը քիչ է լինում, մենք ծարավ ենք զգում և ջուր խմելու ցանկություն ունենում։
Ցավի զգացողություն
Ցավի զգացողությունն օգնում է հասկանալ, երբ մարմնի որևէ հատված վնասվել է։
Ցավը կարևոր ազդանշան է, որը մեզ զգուշացնում է վտանգի մասին և օգնում է պաշտպանել մեր առողջությունը։
Ցավի զգացողությունն ունի իր առանձին զգայական համակարգը և պարզապես շոշափելիքի մի մասը չէ։
Հավասարակշռության զգացողություն
Հավասարակշռության զգացողությունն օգնում է պահպանել մարմնի հավասարակշռությունը և զգալ մարմնի շարժումները։
Դրա շնորհիվ մենք կարողանում ենք կանգնել, քայլել, վազել և չընկնել։
Մագնիսական դաշտի զգացողություն
Մագնիսական դաշտի զգացողությունն օգնում է որոշ կենդանիների գտնել ճիշտ ուղղությունը։
Գիտնականները կարծում են, որ որոշ կենդանիներ, օրինակ՝ թռչուններն ու կրիաները, օգտագործում են Երկրի մագնիսական դաշտը ճանապարհը գտնելու համար։
Հետաքրքիր փաստեր
- Գիտե՞ս, որ օձերը լսում են իրենց ծնոտի ոսկորների միջոցով։
- Մարդկանց զգացող համի մոտ 80%-ը իրականում պայմանավորված է հոտառությամբ։
- Թարթելու միջոցով աչքերը մշտապես մաքրվում և խոնավանում են։
- Յուրաքանչյուր մարդու մատնահետքերը յուրահատուկ են և երբեք չեն կրկնվում։
- Մարդու մեջքի մաշկը մարմնի ամենաքիչ զգայուն հատվածներից մեկն է։
- Մարդու «հինգ զգայարանների» դասական գաղափարը ներկայացրել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։
