Մանկական բարի երգերը հավանաբար ամենալավ բանն են աշխարհում, իսկ եթե դրանք կատարում է այնպիսի տաղանդավոր ու հմայիչ երգչուհի, ինչպիսին Լիդուշիկն է, անտարբեր չի մնում ոչ ոք: Լիդուշիկին սիրում են թե իր տարեկիցները, թե մեծահասակները: Նա իր երգերի հետ մարդկանց հրաշալի տրամադրություն ու դրական լիցքեր է նվիրում և չի դադարում մեզ զարմացնել իր նոր երգերով: Իր նորությունների, նոր հաջողությունների ու ցանկությունների մասին մեզ պատմում է Լիդուշիկը:
–Բոլորը քեզ գիտեն որպես փոքրիկ հմայիչ երգչուհի, բայց բոլորի համար աննկատ դու էլ ես մեծանում: Քանի՞ տարեկան ես այժմ, ո՞րերորդ դասարան տեղափոխվեցիր:
Շնորհակալ եմ գեղեցիկ ու ջերմ խոսքերի համար: Ես արդեն 13 տարեկան եմ: Սովորում եմ 8-րդ դասարանում:
–Ինչպե՞ս բացահայտվեց, որ դու այդքան լավ երգում ես: Ե՞րբ սկսեցիր հաճախել երգի: Արդյո՞ք հայրիկն ու մայրիկն էլ քեզ պես սիրում են երգել:
Ինքս եմ ընտրել երգի ճանապարհը: 3 տարիս չլրացած տատիկիս խնդրել եմ ինձ տանել «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ: Հայրիկս ու մայրիկս չեն երգում, բայց շատ են սիրում լսել:
– Լիդուշիկ, քո բոլոր տեսահոլովակներում դու նաև հրաշալի պարում ես: Գուցե կան էլի թաքնված տաղանդներ, որոնց մասին մենք չգիտենք: Ունե՞ս այլ հետաքրքրություններ:
– Այո, երգին զուգահեռ հաճախել եմ պարի: Նվագում եմ դաշնամուր,շվի: Ունեմ երգեր («Եվ արև, և անձրև», «Հայուհի»), որոնց միջնամասում շվի եմ նվագում:
–Հիշու՞մ ես՝ առաջին անգամ երբ ես բեմ բարձրացել: Հիմա հուզվո՞ւմ ես բեմ բարձրանալուց առաջ, թե՞ քեզ արդեն զգում ես, ինչպես ձուկը ջրում:
– Անհատական առաջին երգով («Սագի տրտունջը») բեմ եմ բարձրացել, երբ 4 ու կես տարեկան էի: Այդ ժամանակ բացարձակ չէի հուզվում, այլ անհամբեր սպասում էի ու շտապում, թե երբ է հասնելու իմ հերթը: Հիմա մի քիչ այլ է, ետնաբեմում մի փոքր հուզվում եմ, իսկ բեմի վրա կամաց-կամաց չքանում է հուզմունքս:
–Քո երկրպագուները չեն հասցնում վայելել մի երգդ, երբ նրանց հերթական անակնկալն ես մատուցում: Քո բոլոր երգերն էլ հիթային են ու շատ սիրված: Իսկ քեզ համար ո՞ր երգն է առավել սիրելի:
– Եվս մեկ անգամ շնորհակալություն բարի ու ջերմ խոսքերի համար:Մի փոքր անհամեստ լինեմ, հաստատեմ ձեր ասածը, որ իմ անհատական երգերը սիրում են և երգում են բազմաթիվ մանուկներ: Անկեղծ ասած, բոլոր երգերս էլ շատ-շատ սիրելի են, որովհետև նրանք ինձ հետ մեծացել են: «Սագիկը», «Փուշը», «Սոխն ու սխտորը», «Թզուկը», «Մրջյունները», «Փոքրերի աշխարհը», «Երգ եմ հորինել»-ը, «Եվ արև, և անձրև»-ը, «Իմ Երևանը», «Մանկությունս» գովերգել, «Պարը» Հայաստանից դուրս եմ տարել, վերադարձել, «Մամա»-յիս կրկին անգամ` սիրում եմ քեզ եմ ասել ու ծնունդը «Շնորհավոր»-ել, «Երգիս հասցեն» եմ փնտրել ու գտել և դեռ շատ-շատ նոր որոնումներ, որոնցով քայլ առ քայլ հարթել ու հարթում եմ իմ երգի ճամփան:
–Գաղտնիք չէ, որ երգերիդ մեջ մեծ ներդրում ունեն նաև մի շարք հայտնի երգահաններ: Ո՞ւմ հետ ես համագործակցում ամենից հաճախ և ո՞ր կոմպոզիտորների ու հեղինակների երգերն են քեզ ամենից շատ դուր գալիս:
– Երաժշտությունն ընտրելուց հետո ես շատ կարևորում եմ երգի խոսքերը: Հիմնականում ես եմ ընտրում երգի թեման և այս հարցում մշտապես իմ կողքին է իմ շատ սիրելի Ավետ Բարսեղյանը: Ինձ համար կարևորը ստեղծագործությունն է, և ես ունեմ երգեր,որոնք գրել են ինչպես հանրությանը շատ հայտնի, այնպես էլ ոչ այնքան ճանաչված ստեղծագործողներ: Կարևորում եմ նաև երգի գործիքավորումը:
–Դու շատ մրցույթների ես մասնակցել, գրավել պատվավոր տեղեր: Ո՞րն էր քեզ համար ամենամեծ հաջողությունը մինչև այժմ և դեռ ի՞նչ հաջողությունների կցանկանաս հասնել:
– Նշեմ, որ որպես անհատ կատարող մինչ այժմ մասնակցել եմ միայն 2011 թ-ի Մանկական Նոր Ալիք մրցույթին` ներկայացնելով իմ երկիրը: Շատ կարևորում եմ այս մրցույթը, քանի որ այս մրցույթի կազմակերպիչների կողմից հրավիրվում եմ մասնակցելու մի շարք երաժշտական նախագծերի Ռուսաստանում և Ուկրաինայում, իսկ ամենակարևորը մրցույթում ստացած իտալական հեռուստաալիքի կողմից Հատուկ մրցանակն է, որի շնորհիվ մասնակցելու եմ այս տարի Հռոմում կայանալիք հառուստաշոուին:
–Առջևում ևս մեկ մրցույթ է՝ Մանկական Եվրատեսիլ 2012-ը: Պատմիր քո երգի մասին, ինչպե՞ս ընտրեցիր այն և ի՞նչ ակնկալիքներ ունես մրցույթից:
Մանակական եվրատեսիլ 2012-ի նախընտրական փուլին մասնակցում եմ հերթական երգերիցս մեկով,որը կոչվում է «Շնորհավոր»: Այն մոտ 1.5 տարի առաջ ինձ նվիրել էր Ռիչարդ Մադլենյանը: Երգի հիման վրա Իննա Մկրտչյանը գրեց խոսքերը: Սակայն և երաժշտության, և խոսքերի մեջ ես զգալի փոփոխություններ կատարեցի գործիքավորող Էդգար Ալեքսանյանի հետ: Նշեմ, որ հատուկ Եվրատեսիլի համար չի գրվել, սակայն համապատասխանում է եվրատեսիլյան ստանդարտներին: Այն ինձ շատ է դուր գալիս և ակնկալում եմ, որ եզրափակիչ փուլում այն ներկայացնելուց հետո կսիրվի նաև հանդիսատեսի կողմից: Թերևս ակնկալում եմ միայն դա:
–Իսկ առհասարակ ի՞նչ երաժշտություն ես սիրում լսել:
Սիրում եմ լսել տարբեր ոճի երգեր, բայց հիմնականում դուր են գալիս փոփն ու փոփ-ռոքը:
– Դու արդեն ունեցել ես շատ հետաքրքիր դուետներ հայ և արտասահմանյան երգիչների հետ: Կա՞ն այլ կատարողներ, ում հետ կցանկանայիր համագործակցել:
– Մեկ տարի առաջ ինձ համար երազանք էր, հիմա` իրականություն, երգել Նունե Եսայանի հետ ինձ համար աշխարհում ամենաթանկ մարդու «մամա»-յի մասին: Դե իսկ, Դոմինիկ Ջոկերի հետ ունեցած դուետի համար ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալ լինել ամենաբարի ու ամենամանկական մրցույթի կազմակերպիչներին ու անձամբ ռուսական հայտնի աստղ Դոմինիկ Ջոկերին: Իհարկե, դարձյալ կուզենամ ունենալ գեղեցիկ զուգերգ հայտնի պրոֆեսիոնալ երգիչների հետ, անուններ դժվարանում եմ տալ, որովհետև զուգերգը, իմ կարծիքով, չի կարող լինել ինքնանպատակ կամ էլ կամակոր ցանկություն:
– Անդադար համերգների ու շրջագայությունների մեջ չե՞ս կարոտում մանկական չարաճճիություններին: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ:
Մանկական չարաճճիություններին չեմ կարոտում, հասցնում եմ խենթություններ անել ինչպես քույրիկիս ու եղբայրներիս հետ, այնպես էլ շրջագայությունների ժամանակ ընկերներիս հետ: Հանգստանում եմ միայն ընթերցելիս:
–Հավանաբար քեզ այլևս չեն տանջում այն ավանդական հարցով՝ «Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու»: Եվ այնուամենայնիվ, կցանկանա՞ս այլ մասնագիտություն ևս ձեռք բերել, թե՞ ապագադ միայն երգարվեստում ես պատկերացնում:
– Ավանդական հարցին ունեմ ավանդական պատասխան. «Ինչ էլ դառնամ, միևնույն է, լինելու եմ բեմի վրա,իմ երգի հետ»:
–Ունե՞ս մեծ, շա՜տ մեծ երազանք, որը դեռ չի իրականացել:
Իմ երազանքները իրականանում են և ես էլ ինձ շատ երջանիկ եմ համարում: Ամենամեծ երազանքս…… չգիտեմ, գուցե ավելի շատ ցանկության է նման. ուզում եմ Երկիր մոլորակը միշտ լինի խաղաղ, իմ կողքին լինեն իմ մտերիմները և ես էլ իմ բարի ու մանկական երգերով շրջեմ մեր մոլորակի տարբեր անկյուններով: