Հոկտեմբերի 3-ը հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է: Արմեն Ջիգարխանյանին սիրում ու երկրպագում են միլիոնավոր մարդիկ Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Մեզ համար նա ոչ միայն մեծ դերասան է, այլև կենդանի լեգենդ: Ջիգարխանյանը հրաշալի խաղում է և բարդ դրամատիկ դերեր, և հանդես է գալիս երաժշտական կատակերգություններում ու դետեկտիվ-արկածային ֆիլմերում: Նա խաղացել է ավելի քան 200 կինոնկարում, մարմնավորել է բազմաթիվ մուլտֆիլմերի հերոսների: Խաղացած դերերի քանակով նա գերազանցում է անգամ Ալեն Դելոնին և Մարլոն Բրանդոյին և հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Երևանի թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ նա սկսեց իր դերասանական կարիերան Ստանիսլավսկու անվան ռուսական-դրամատիկական թատրոնում, ապա Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում: Առաջին ֆիլմերում փոքրիկ դերերից սկսելով՝ 1966 թվականին նա նակարահնվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում՝ Արտյոմ Մանվելյանի դերում, որը նրան հաջողություն և ճանաչում բերեց և հաստատեց որ, հայկական կինոյում նոր տաղանդավոր դերասան է հայտնվել: Այդ ժամանակ էլ սկսվեցին մեկը մյուսին հաջորդող բազմաթիվ ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրում Ջիգարխանյանը կարողացավ չկրկնվել ու միանգամայն նոր ու յուրահատուկ կերպարներ ստեղծել: Ցանկացած ֆիլմ, որտեղ նկարահանվում էր Ջիգարխանյանը իրադարձություն էր դառնում: Իսկ ֆիլմերին զուգահեռ նա շարունակում էր խաղալ նաև բազմաթիվ ներկայացումներում:
Արմեն Ջիգարխանյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել` 1975 թվականին «Եռանկյունի» ֆիլմի համար ստացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ, 1985 թվականին Ջիգարխանյանին շնորհվել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանի կոչում, 2000 թվականին նա ճանաչվեց 20-րդ դարավերջի լավագույն դերասան, 2009 թվականին նա ընդգրկվել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանում…
Ջիգարխանյանին մեծարում են իբրև կուռքի, բայց ինքը դերասանը ծիծաղում է, երբ իրեն մեծ դերասան են կոչում և շարունակում է մնալ պարզ ու անմիջական իր մեծության մեջ: Այսօր բազմաթիվ ռեժիսորներ երազում են, որ Ջիգարխանյանը խաղա իրենց ֆիլմերում, իսկ հանդիսատեսը հաճույքով սպասում է նրա մասնակցությամբ նոր ֆիլմերի: Արմեն Ջիգարխանյանը ավելի քան 40 տարի է ապրում և աշխատում է Մոսկվայում և Ռուսաստանի ամենաթանկ վճարվող դերասաններից մեկն է: Ֆիլմերում նկարահանվելուց բացի նա ղեկավարում է իր իսկ հիմանդրած դրամատիկական թատրոնը Մոսկվայում:
Ջիգարխանյանն ասում է, որ կինո չի գնում, հեռուստացույց չի դիտում, փոխարենը կարդալ է շատ սիրում, իսկ հետաքրքիր ու լավ ֆիլմերի առաջարկներ նա այսօր էլ ընդունում է: Իսկ հիմա քեզ առաջարկում ենք այս հրաշալի մուլտֆիլմը, որի հերոս գայլին հնչյունավորել է հենց ինքը՝ Արմեն Ջիգարխանյանը: Մուլտֆիլմը կոչվում է «Կար-չկար մի շուն»…