Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՇՆԱՆԸ ՏԵՐԵՒՆԵՐԻ ՀԵՏ


Աշնան տերևներ

Ամեն եղանակ իր հետ բերում է լի՜քը նոր բաներ՝ քամի, տաքություն, անձրև, արև, խոնավություն… Բայց որ ամենակարևորն է, բերում է լիքը-լիքը՜ նոր հարցեր: Հիմա աշուն է եկել և իր հետ բերած հարցերից մեկն էլ այն է, թե ինչու են գունավոր երանգներ ստանում տերևները: Այս հարցի պատասխանը հենց հիմա մենք միասին կիմանանք:

Նախ սկսենք այստեղից. ինչու՞ են տերևները կանաչ: Նրանց պարունակության մեջ քլորոֆիլ կա, որը կանաչ գույն ունի: Ահա հենց նրա շնորհիվ էլ տերևները կանաչ են: Բայց քլորոֆիլը շուտ քայքայվելու հատկություն ունի: Ամռանն ու գարնանը լույսն ու ջերմությունը շատ են, և դրանց շնորհիվ այն շուտ վերականգնվում է: Իսկ ահա աշնանը, երբ օրը սկսում է շուտ մթնել, եղանակն էլ զգալիորեն ցրտում է, այն քայքայվում է և չի հասցնում վերականգնվել:

Տերևի պարունակության մեջ կան նաև այլ գունավոր նյութեր, որոնք, սակայն, քլորոֆիլից թույլ են և ամռանը չեն երևում: Իսկ հիմա, երբ քլորոֆիլը չի հասցնում վերականգնվել, այդ նյութերն առիթից օգտվում են և տերևները ներկում իրենցով:

Լավ, սա հասկացանք, իսկ ինչու՞ են տերևները սկսում թափվել: Գիտնականներն ասում են, որ աշնանը տերևների բջիջներում հայտնվում են վնասակար նյութեր, որոնք ծանրացնում են տերևներին: Եվ շատ թեթև քամին էլ բավական է, որ նրանք սկսեն թափվել: Բացի այդ, եթե տերևները չթափվեն և մնան ծառերի վրա, ապա ձմռան խոնավությանը, միևնույնն է, չեն դիմանա:

Ահա թե ինչ է կատարվում տերևների հետ աշնանը…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։