ԱՌՅՈՒԾ ԵՎ ՁՈՒԿ՝ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԵՐԵՎՆԵՐԻՑ


1 share
առյուծ և ձուկ աշնանային տերևներից

Ահա և աշնան երկրորդ ամիսը մոտեցավ իր ավարտին: Դեղին, կարմիր ու նարնջագույն տերևները ցած են թռչում ծառերից ու հեռավոր ճամփորդությունների ուղևորվում: Նրանց մենք չենք տեսնի մինչև գարուն, և պատկերացնում եմ, թե ինչպես ենք կարոտելու նրանց: Այնպես որ, աշնանային այս հրաշալի օրը պետք չէ բաց թողնել. շտապենք բակ՝ մի քիչ տերևների հետ զվարճանալու: Դե իհարկե, կարող ես  վազվզել խշխշան տերևների մեջ, թռցնել նրանց երկինք ու տերևային տեղատարափ ստեղծել, բայց վերջում չմոռանաս քեզ հետ մի բուռ գունեղ տերևներ վերցնել, որպեսզի միասին պատրաստենք այս ձեռքի աշխատանքները՝ առյուծ և ձուկ՝ աշնանային տերևներից: Հավաքիր նաև մի քիչ կաղին ու շագանակ, դրանք երբեք ավելորդ չեն լինում:

առյուծ և ձուկ աշնանային տերևներից
Եթե արդեն եկար տուն, ասեմ, թե ինչ է հարկավոր այս աշխատանքի համար: Նախ նկարիր կամ արտատպիր այս գծապատկերները: Հետո ներկիր գունավոր մատիտներով կամ ֆլոմաստերներով:

առյուծ և ձուկ աշնանային տերևներից

Իսկ հիմա քեզ հարկավոր է սոսինձ, որպեսզի իրար սոսնձես բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Առյուծին պատրաստելու համար քեզ մի ուրիշ գունավոր թուղթ էլ հարկավոր կլինի: Այն պետք է դնել առյուծի գլխի ետևում և այդ երկուսի միջև տեղավորել աշնանային տերևները՝ պատկերելով առյուծի բաշը: Ձկնիկի գործն ավելի հեշտ է. տերևները նրա համար թեփուկներին են փոխարինելու և պետք է պարզապես փակցվեն նրա վրա:

առյուծ և ձուկ աշնանային տերևներից

Երբ տերևների հետ գործն ավարտես, անցիր կաղիններին, շագանակներին ու մյուս զարդարանքներին: Շագանակը կծառայի որպես քիթ առյուծի համար: Ծառերի բարակ շիվերը կլինեն առյուծի բեղիկները: Կաղինների գլխիկները կարող ես շարել ձկնիկի վրա՝ որպես եզրագիծ: Եվ վերջապես չեն խանգարի նաև ծառերի երկարավուն սերմերը, որոնցից դու անպայման կգտնես բակում: Դրանք նույնպես հրաշալի զարդարանք կլինեն այս երկուսի համար:

Ահա այսքանը: Իսկ հիմա մի պատվավոր տեղ հատկացրու սենյակումդ քո նոր հյուրերին, և թող նրանք ամեն առավոտ քեզ հրաշալի աշնանային օր մաղթեն գոնե մինչև ձմեռ…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։