Ինձ թվում է` մուլտֆիլմ հնարողները ամենախելացի մարդիկ են: Որքան էլ մտածում եմ, միևնույն է, մուլտֆիլմերից ավելի լավ բան չեմ կարողանում գտնել: Ինչ լավ է, որ մենք էլ սովորեցինք, թե ինչպես են մուլտֆիլմ նկարում: Եթե ուշադիր ու աշխատասեր լինենք, անպայման մի օր էլ մենք կկարողանանք մուլտֆիլմ ստեղծել:
Իսկ մինչև կհասցնես նկարել քո առաջին մուլտհերոսին, ուզում եմ քեզ ծանոթացնել աշխարհի ամենալավ ու աշխատասեր մուլտիպլիկատորներից մեկի` Ուոլտ Դիսնեյի հետ: Նա նկարահանել է համարյա 600 մուլտֆիլմ և բոլորն էլ մեկը մեկից հրաշալի են: Նա իր բոլոր հերոսներին էլ շատ էր սիրում, բայց նրա ամենասիրելի ընկերը մեծ ականջներով ուրախ մկնիկն էր: Ճիշտ գուշակեցիր` Միկի Մաուսը:
Մի օր գնացքի մեջ Ուոլտ Դիսնեյը մտածեց, որ, ճիշտ է, ինքը շատ է վախենում մկներից, բայց, միևնույն է շատ է սիրում նրանց, չէ՞ որ նրանք այնքան զվարճալի են: Եվ Ուոլտ Դիսնեյը վերցրեց թուղթն ու մատիտն և նկարեց ամենաառաջին Միկի մկնիկին: Առաջին Միկին ահա այսպիսի տեսք ուներ, իսկ նրա անունն էլ շատ լուրջ էր հնչում` Մորտիմեր:
Բայց Մորտիմեր անունը շատ շուտով դարձավ Միկի Մաուս, իսկ մկնիկի ձեռքերին էլ մեծ սպիտակ ձեռնոցներ հայտնվեցին: Առաջին անգամ Միկին եթերում հայտնվեց հենց 1928 թվականի նոյեմբերի 18-ին:
Դիսնեյն այնքան շատ էր սիրում Միկիին, որ ինքն էլ հնչյունավորում էր նրան. Այսինքն` Միկին խոսում էր նրա ձայնով: Միկին նաև շատ լավ ընկերներ ունի` ուրախ ու բարի Գուֆֆին, Պլուտո անունով հետաքրքրասեր շնիկը, համառ Դոնալդ բադիկն ու նրա ընկերուհի Դեյզին և իհարկե Միկիի թիթիզ ընկերուհին` Մինի մկնիկը: Ի Դեպ, շատ տարիներ առաջ Մինիին էլ Միրանդա էին կոչում:
Միկի Մաուսն իր ընկերների հետ նկարահանվել է 87 մուլտֆիլմում, դարձել հրշեջ, վաճառական, անգամ արքայազն: Նա աշխարհի միակ մուկն է, որ արժանացել է Օսկար մրցանակի: Միկին արդեն 84 տարեկան է, բայց երբեք չի մեծանում, նույն պստիկ, զվարճալի մկնիկն է:
Միկի Մաուսի մյուս գործընկերների մասին ես քեզ անպայման կպատմեմ, իսկ դու հենց հիմա փորձիր նկարել Միկիին, նույնիսկ կարող ես նրա մասին մի ուրախ պատմություն գրել ու ինձ ուղարկել: Ես շատ եմ ուզում կարդալ դա, իսկ մի օր համոզված եմ կտեսնեմ հենց քո առաջին մուլտֆիլմը, չէ՞ որ այն միասին ենք ստեղծելու…