Ամանորյա շա՜տ բարձր տրամադրությունը շարունակվում է: Մենք մեր ձեռքերով արդեն պատրաստեցինք բացիկներ, միայն թե մոռացանք շատ կարևոր մի բանի՝ ծրարի մասին: Իսկ մեր գեղեցիկ բացիկները պետք է դրվեն միայն ու միայն գեղեցիկ և էլի ամանորյա ծրարների մեջ: Պատրաստ ես չէ՞, չէ՞, դե լավ կատակելու ժամանակը չէ, շտապի՜ր…
Նախ պետք է իմանանք, թե ինչպես պատրաստել ծրար և հետո միայն նրան ամանորյա շունչ հաղորդենք:
Ահա և ծրար պատրաստելու շա՜տ, շա՜տ հեշտ մի տարբերակ: Վերցրու շագանակագույն թուղթ և, ինչպես նկարում է պատկերված, կտրիր դրա ծայրերից 72 մմ-ի չափով: Հետո ստացված քառանկյան նախ երկու՝ աջ ու ձախ կողմերը բեր, միացրու իրար, ապա նաև ներքևի հատվածը: Այս ամենը սոսնձիր և ասա ի՞նչ ստացվեց: Դե իհարկե, գեղեցիկ ծրար: Հենց նույն կերպ պատրաստիր նաև սև թղթից:
Մենք ունենք արդեն գեղեցիկ ծրարներ, իսկ ու՞ր մնաց ամանորյա տրամադրությունը: Նա մեզ հետ է՝ այստեղ… Ուրեմն ինչպե՞ս այս ծրարները դարձնել տոնական: Մենք ընդամենը նրանց կվերածենք եղջերուների: Թղթերից կպատրաստենք կոտոշներ, աչքեր և իհարկե կարմի՜ր քիթ…
Գեղեցիկ ստացվեցին, չէ՞, բայց տես հա՜ հանկարծ նվերները ժամանակից շուտ չհանձնես, միայն Ամանորի գիշերը…
Անի Ավագյան