ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ


23 shares
Առնո Բաբաջանյանը

Այսօր՝ հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է: Իրականում, նա ծնվել է  հունվարի 21-ին, սակայն հենց իր ծննդյան օրը մահացել է Վլադիմիր Իլյիչ Լենինը: Բաբաջանանի հայրն էլ վախենալով հետևանքներից՝ փոքրիկի ծննդյան տարեդարձը տեղափոխել է…

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին: Նա հայտնի, շա՜տ հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր է:

Հենց նրա ստեղծած երաժշտությունն է այսօր հնչում ամենատարբեր միջոցառումների և հանդեսների ժամանակ: Դե իսկ նրա յուրահատուկ հուշարձանն էլ 2003 թվականից զարդարում է մեր քաղաքը: Շատերը նայելով նրա հուշարձանին՝ մի քանի րոպե զարմանում են: Բայց ախր այդ արձանը Առնո Բաբաջանյանի բնավորությունն ունի: Նա էլ այդպես յուրահատուկ ու տարբերվող էր:

Առնոն, ինչպես և աշխարհի բոլոր փոքրիկները, նախ հաճախել է մանկապարտեզ: Եվ հենց այդտեղ էլ առաջին անգամ հանդիպել է իսկական կոմպոզիտորի հետ: Նա այդ հանդիպումը շատ լայն ժպիտով է հիշել. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Խաչատրյանն էր»:

Երևի հենց այս հանդիպումն էլ շատ մեծ ազդեցություն ունեցավ մասնագիտության ընտրության հարցում: Ութ տարեկանում Առնոն ընդունվեց Երևանի Պետական Կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց և պատկերացնու՞մ ես ընդամենը ինը տարեկանում էլ նա գրեց իրա առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգ»-ը, որը նրան ճանաչում բերեց:

Առնո Բաբաջանյանը

Առնո Բաբաջանյանը երկար է սովորել. երաժշտական դպրոցից հետո նա ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիա, իսկ հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում: Իսկապես որ շա՜տ երկար է սովորել…

Առնո Բաբաջանյանը նաև սիրված ուսուցիչ է եղել: Նորագույն մեթոդներով սերունդներ է կրթել և նրա սաները շատ մեծ հաջողությունների են հասել՝ բարձր պահելով կոմպոզիտորի անունը:

Առնո Բաբաջանյանի մասին ավելի լավ կպատմեն հենց իր ստեղծագործությունները՝ «Գուշակիր ցանկությունս», «Կամուրջներ», «Բարձր պահենք բարեկամության դրոշը», «Քեզ հետ», «Ես սպասում եմ քեզ»… Նրա երգերը նաև մեզ քաջ ծանոթ են սիրված ֆիլմերից՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:

Առնո Բաբաջանյանը

Ահա իր կատարած այս հսկայական աշխատանքի և պարզապես հետաքրքիր ու լավ մարդ լինելու համար էլ այսօր Երևանում Բաբաջանյանի անունով են  կոչվում Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, մեկ փողոց և մեկ երաժշտական ուսումնարան:

Շնորհավո՜ր տարեդարձդ, մաեստրո՛…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

23 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։