ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ ՄԱՍԻՆ


2 shares

Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցել, և եղբայրները ծերացել են: Նրանք սկսել են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ հակառակ իրենց սովորության՝ մոռացել են նախ գոտիները կապել և բարևել են իրար։ Աստված տեսնելով դա՝ բարկացել է ու պատժել եղբայրներին։ Նրանք քարացել, լեռներ են դարձել, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։

Ահա այդ լեռներ դարձած եղբայրների շարքում է եղել նաև Արագածը, որ Հայաստանի ամենաբարձր, իսկ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ չորրորդ լեռն է: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո՝ հյուսիս-արևմտյանը՝ 4080մ, արևելյանը՝ 3916մ և հարավայինը՝ 3879մ:

Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի հետ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի հետքեր. քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ:

Aragats (1)

Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Լեռան հարավային լանջին՝ 1800– 2300 մ բարձրության վրա, պահպանվել է մի փոքրիկ անտառ, որտեղ աճող հիմնական ծառն արևելյան կաղնին է: Իսկ Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը և թռչունները, որոնք շա՜տ են, շատ-շա՜տ:

Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն։ Նրա գագաթներին մշտական ձյուն է նստած (հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ կմ է), իսկ փեշերին՝ տարվա բոլոր եղանակները` իրենց նրբերանգներով:

Արագած լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնցից գոյանում են Քասախ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլ գետակներ: Լեռան աղբյուրների ջրով է սնվում նաև Արարատյան դաշտում գտնվող Մեծամոր լիճը:

Արագածի լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։ Այս տեսակետից Արագածը Մասիսի «հականիշն» է։ Հենց այս փաստի հիման վրա ժողովուրդը պատմում է ևս մի ավանդություն.

Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ։

Aragats (3)

Արագածը հայ ժողովրդի ամենասիրած լեռներից է: Այս մասին վկայում են բոլոր բանաստեղծություններն ու պատմությունները, որոնք  հորինել է ժողովուրդը մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ և ամենաբարձր լեռներից մեկի մասին:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։