ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ – ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1 share
Նաիրա Եդիգարյան բանաստեղծություններ

Մկնիկի պոչիկը

Իմ պոչիկը երկար պարան է,
Այն ինձ համար շատ վատ օգնական է,
Դեռ ավելին`  խանգարում է,
Անպետք փիսիկը պոչիկիցս բռնում է:

Իսկ ա՛յ սկյուռիկի բախտը բերել է,
Նրա պոչիկը ոչ թե մի թել է,
Այլ փափուկ` ինչպես ամպերը,
Նրան նախանձում են բոլոր մկնիկները:

Չէ՞ որ փաթաթվում է պոչիկով տաքուկ,
Էլ սարսափելի չէ ո՛չ քամի, ո՛չ բուք:
Իսկ ես ցրտից դողում եմ, մրսում,
Սկյուռիկի փափուկ պոչիկից եմ ուզում:

Կետը

Բողոքում է կետը հսկա.
-Ի՞նչ է, ուրիշ անուն չկա՞,
Ինձ` հսկայիս, կետ եք կոչում,
Գիտե՞ք ոնց եմ ես ամաչում:

Ժայռի չափ եմ, նույնիսկ` քիչ մեծ,
Ո՞վ կետ անունն ինձ կպցրեց:
Դե գնացե’ք ու ինձ համար,
Անուն գտեք նոր ու հարմար:

Փնչացնում է, լողում-գնում,
Մեջքը ջրից դուրս է հանում,
Ու թե հեռու հեռվից նայես,
Ծովում մի կետ կնշմարես:

Խոզուկի երազանքը

Խոզուկը մի երազանք է պահել,
Ուզում է լուսնի վրա հայտնվել:
Բայց ի՞նչ է անելու նա լուսնի վրա,
Անվերջ պետք է այնտեղ խռխռա,
Հետո կեղտոտ ոտքերով կքայլի,
Լուսինը  չի շողա ու էլ չի փայլի:

Լուսնի մասին լավ է մոռանա,
Մինչև որ կարգին չլողանա:
Երբ փնթի խոզուկին տեսնեմ,
Հենց այդպես էլ նրան կասեմ:

Չղջիկի երազները

Սևուկ չղջիկը գլխիվայր կախվում է
Եվ քթի տակ կամաց երգում է,
Մի քիչ օրորվում, մի քիչ էլ երգում,
Աչքերը փակում  ու հանգիստ քնում:
Թարս ու շիտակ են նրա երազները,
Մի քիչ էլ խամրած են գույները,
Ու թե չղջիկը գլխիվայր չկախվի,
Միգուցե գունավոր երազներ տեսնի:

Փայտփորիկը

Փայտփորիկը փորեց փայտը,
Փուշը ծակեց խեղճի այտը,
Բայց դեռ գործը շարունակում է,
Կտուցով թխկթխկացնում է.
Թը՛խկ-թը՛խկ-թը՛խկ-թը՛խկ…  ավարտեց,
Ծառին փչակ հայտնվեց:

Փոքրիկ հսկան

Երբ մրջյունի ուժը տեսա ,
Կոչեցի նրան փոքրիկ հսկա:
Ծանր բեռը մեջքին դնում,
Թեթև-թեթև տուն է տանում:

Անգամ արջին է նա գրկել,
Այդպես գրկած որջն է տարել,
Այնքան զգույշ ու այնքան կամաց,
Որ չզարթնի արջը հանկարծ:

Ա՛յ քեզ մրջյու՛ն` փոքրի՛կ հսկա,
Դժվար բան քեզ համար չկա,
Ու թե մի օր մտքիդ դնես,
Երկրագունդը կշալակես:

Լացկան Ոզնին

Երբ ոզնին գայլին հանդիպեց,
Լաց ու կոծն իսկույն դրեց.

-Հանկարծ չուտես, թո՛ղ, որ գնամ,
Մայրիկիս մոտ վերադառնամ,
Ինձ են սպասում Ասեղիկը`
Փշոտ-մշոտ իմ քույրիկը,
Հորաքույրս` Կծկծիկը,
Մորաքույրս` Բծբծիկը,
Իմ տատիկը ու  պապիկը,
Ոզնիների ընտանիքը…

Այսպես երկար ոզնին խոսեց,
Մինչև գայլը նրան ընդհատեց.
-Հանգստացի՛ր, փշո՛տ ոզնի,
Ախր ուտել քեզ  կլինի՞:
Ի՞նչ ես լացում իզուր տեղը,
Երբ մեջքիդ են ասեղները:

Բանաստեղծությունների հեղինակ՝
Նաիրա Եդիգարյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։