Նա տեսել է երևի արևային մի քաղաք…
Եղիշե Չարենց
Ալեքսանդր Թամանյանի անունը դու հաստատ լսել ես և հավանաբար գիտես, որ նա հայ հանճարեղ ճարտարապետ է: Բայց թե ինչու են մի շարք այլ ճարտարապետների կողքին անընդհատ շեշտում հենց նրա արած գործի կարևորությունը և թե ինչպիսի կենսագրություն ունի նա, կպարզենք միասին:
Ալեքսանդր Թամանյանն իսկապես աննկարագրելի մեծ աշխատանք է տարել Հայաստանի ու հայերի համար: Հենց նա է 1924 թվականին գծել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար։ 1934 թվականին էլ սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար, չէ՞ որ Երևանը մեծանում էր և օր օրի ավելի ու ավելի շատ մարդիկ էին բնակություն հաստատում այստեղ։ Ապա Թամանյանը նախագծել է Գյումրիի, Էջմիածնի, Ստեփանակերտի, Գավառի, Հրազդանի և մի շարք այլ քաղաքների հատակագծերը։ Երևանում Թամանյանի նախագծերով կառուցվել են տարբեր-տարբեր շենքեր, այդ թվում՝ Օպերայի և Բալետի թատրոնի հրաշալի շենքը, Հայաստանի Ազգային գրադարանը, Երևանի աստղադիտարանը, Ժողովրդական տնտեսության ինստիտուտը և, իհարկե, Հայաստանի Կառավարության շենքը, որը կանգնած է հենց Հանրապետության հրապարակում:
Իսկ հիմա սկսենք ամենասկզբից: Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Կրասնոդար քաղաքում: Սովորել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում և ստացել նկարիչ-ճարտարապետի կոչում։ Հենց այստեղ էլ նա կատարել է իր առաջին կարևոր աշխատանքը՝ վերականգնելով 18-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին:
Իսկ երբ ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Թամանյանը տեղափոխվել է Հայաստան ու անմնացորդ նվիրվել հայրենիքի վերակառուցմանն ու գեղեցկացմանը: Մեկը մյուսի հետևից ծնվում էին մե՜ծ գաղափարներ, որոնք հավանության էին արժանանում և շուտով վերածվում իրականության: Թամանյանին օգնում էին նույնիսկ Հայաստանի բազմազան քարերը, որոնք ասես իրենք էին թելադրում շենքերի կառուցվածքները, ճարտարապետական ձևերն ու «հագուստները»:
Ալեքսանդր Թամանյանը Երևանը կառուցել է ամֆիթատրոնի տեսքով, որը փռված է Մասիս սարի առջև: Իսկ Երևանի փողոցները ձգվում են քաղաքի կենտրոնից դեպի ծայրամասեր՝ իբրև արևի ճառագայթներ: Նրա գաղափարներից շատերը անկատար մնացին, բայց այն ամենը, ինչ հասցրեց ստեղծել Թամանյանն իր կյանքի ընթացքում, դարձավ հայկական ճարտարապետության հիմքը: Բազմաթիվ երիտասարդ ճարտարապետներ սովորեցին նրանից և շարունակում են դասեր քաղել նրա թողած ժառանգությունից:
Թամանյանը վառ, բազմակողմանիորեն օժտված անձնավորություն էր: Նկարում էր, մեծ սեր ուներ դեպի գծանկարն ու ջրանկարը, հիանալի տիրապետում էր քանդակի ու զարդաքանդակի արվեստին: Նա սիրում էր նաև երաժշտություն, հաճախ իր թավ բարիտոնով արիաներ էր երգում օպերաներից, նվագում էր կորնետ, դաշնամուր և սիրահարված էր թատրոնին: «Ճարտարապետությունն էլ քարե սիմֆոնիա է», – ասում էր Թամանյանը:
1974 թվականին Երևանի կենտրոնում քանդակագործ Արտաշես Հովսեփյանը կերտեց Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը: Թամանյանի անունով Երևանում կոչվեցին փողոց, Հայաստանի ճարտարապետների տունը և թանգարան-ինստիտուտը: 2001 թվականին էլ Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանեց Թամանյանի անվան ոսկե մեդալ:
Անի Ավագյան