Մաթեմատիկական հավասարումների լուծումները կարող են շա՜տ բարդ լինել ու շա՜տ ջանք պահանջել, իսկ ա՛յ խոհանոցային հավասարումները, ընդհակառակը: Այսօրվա մեր խոհանոցային հավասարումն է «ձու + երևակայություն», և մենք հենց հիմա կգտնենք նրա լուծումը:
Միայն ասեմ, որ այս հավասարումն ունի անթիվ-անհամա՜ր լուծումներ:
Լուծում առաջին
-Ձուն և գազարները խաշել ու դնել մատուցվող ափսեի մեջ:
-Խաշած գազարներից մեկից պատրաստել նապաստակի աչուկները, քիթիկն ու երկա՜ր ականջները:
-Հազարի տերևներն էլ ամրացնել խաշած գազարներին:
Պատասխան՝ Վախեցած նապաստակ
Լուծում երկրորդ
-Կեղևազրկել Սուրբ Զատիկի համար ներկված երկու ձու:
-Կտրել ուղիղ մեջտեղից: Մի ձվի կեսը նորից կտրել:
-Մատուցվող ափսեի վերևի հատվածում դնել քառորդ ձվիկները, դրանց անմիջապես ներքևում՝ ձվի մի կեսը, դրա ներքևում էլ՝ մյուս կեսը:
-Գազարի ու կանաչիների միջոցով էլ պատրաստել նապաստակի դեմքը:
Պատասխան՝ Ուրախ նապաստակ
Լուծում երրորդ
-Ձուն խաշել, կեղևազրկել:
-Գազարի օգնությամբ պատրաստել կտուց, ոտիկներ և կատար:
-Ձիթապտղի հատիկներից էլ՝ աչուկներ:
Պատասխան՝ Հավիկ
Լուծում չորրորդ
-Խաշած ձվիկի վրա պետք է ամրացնել երկու գազար՝ իբրև ականջներ:
-Գազարից պատրաստել քիթ, ձիթապտղի հատիկից՝ աչուկներ:
-Կանաչին էլ կօգնի պատրաստել բեղիկներ:
Պատասխան՝ Զարմացած նապաստակ
Լուծում հինգերորդ
-Խաշած ձուն կտրել ուղիղ մեջտեղից:
-Գազարից պատրաստել կտուց, ձիթապտղի հատիկներից՝ աչուկներ, կանաչուց էլ՝ մազիկներ:
Պատասխան՝ Ճուտիկներ
Եվ մի բան էլ՝ խոհանոցային հավասարումների լուծումները գտնելուց հետո կարելի է մե՜ծ ախորժակով ուտել նրանց…
Անի Ավագյան