Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե որն իրենցից շատ տարի կապրի,
Որն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգ հարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի.
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպի ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղրն երկաթի,
Խոր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգ հարյուր տարում:
Դարեր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ – թույլ թևերը հազիվ քարշ տալով:
Տեղ հասավ մի կերպ, նայեց դեսուդեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
– Հեյ, կանչեց. գոռոզ, պարծենկոտ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգ հարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
– Հինգ հարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին: