Անտառում խոզուկները երկուսն էին: Երկուսն էլ՝ քույր ու եղբայր թմբլիկ, չաղլիկ, վարդագույն, միայն թե նրանք աղվեսի պես սուր դունչ ունեին ու վայրի կատվի պես ճանկեր:
ճիշտն ասած, աղվեսի դունչն ու կատվի ճանկերը նրանց շատ էին դուր գալիս, և երևի մինչև այսօր էլ խոզուկները այդպիսին մնացած լինեին, եթե կաղինի պատճառով պատմությունների մեջ չընկնեին:
Բանն այն է, որ խոզուկները դեռ այն ժամանակ էլ կաղին շատ էին սիրում: Միայն, դժբախտաբար, կաղինն աճում էր ծառերի վրա, իսկ խոզուկները, չնայած երկար դունչ ու սուր ճանկեր ունեին, միևնույն է, ծառ բարձրանալ չէին կարողանում: Ինչպես բարձրանային, երբ խեղճերի մարմինը նույնքան չաղլիկ ու լխտիկ էր, որքան այսօր: Նրանք, այդ քույր ու եղբայր խոզուկները, առավոտից երեկո կանգնում էին կաղնու ծառի տակ և սպասում, թե երբ մի հասած կաղին ցած կընկնի:
— Արի այսպես կանգնել-սպասելու փոխարեն ծառը ցած գցենք ու վրայի կաղիններն ուտենք, — մի անգամ ասաց եղբայր խոզուկը:
Խոզուկները ծառն այս կողմ հրեցին, այն կողմ հրեցին, բան դուրս չեկավ:
— Ես խորն արմատներ ունեմ, — ասաց ծառը, — դուք ինձ չեք կարող տապալել:
— Հարկավոր է սկզբում արմատները պոկել, — գլխի ընկավ քույր խոզուկը:
Ինչ խոսք, ծառը շատ փոշմանեց իր բացբերանության համար, բայց դե արդեն ուշ էր:
Խոզուկները վրա ընկան ծառի արմատներին ու ճանկերով սկսեցին պոկոտել դրանք: Քիչ հետո ծառը ճռնչալով տապալվեց:
Խոզուկները մի քիչ կերան ընկած ծառի կաղիններից ու որոշեցին կողքի ծառի կաղիններն էլ փորձել: Խոսքից գործի անցնելը մեկ եղավ: Երկրորդ ծառից նրանք միայն մեկական կաղին կերան և անցան մյուս ծառերին:
Երեկոյան, երբ անտառի գազանները վերադարձան, զարմացան: Բոլոր արահետները փակված էին տապալված ծառերով:
— Այս ով է ճանապարհը փակել, — փնթփնթաց արջը:
— Մենք ինչպես գիշերենք ընկած ծառերի ճյուղերին, — բողոքում էին թռչունները:
— Եթե բոլոր ծառերը արմատահան արվեն, ախր անտառը կմեռնի ու մենք պատսպարվելու տեղ չենք ունենա, — դժգոհեց գայլը:
— Հարկավոր է գտնել ծառերը տապալողին և պատժել, — վրդովվեց աղվեսը:
Այդ պահին մեջքի վրա շրջված մի ծառի սաղարթների արանքից գլուխը դուրս հանեց նապաստակը: Պարզ բան է, Նա երբեք հեռու տեղեր չի գնում որս անելու: Նա ընդհանրապես աշխատում է ցերեկները բնից դուրս չգալ: Նա իր աչքերով տեսավ, ինչպես խոզուկները՝ քույր ու եղբայր, ճանկերով պոկոտում էին արմատները ու ծառերը շրջում:
Կենդանիները մտածեցին՝ ինչ պատիժ տալ չարաճճի խոզուկներին: Մտածեցին, մտածեցին ու գտան: Որոշեցին ընտրել ամենամեծ կաղինները, մեջները փորել ու անցկացնել խոզուկների ճանկերին, որ այլևս չկարողանան գետինը քանդել:
Այդպես էլ արեցին: Միայն, քանի որ մի կաղինի մեջ մի թաթը չէր տեղավորվում, խոզուկների յուրաքանչյուր թաթին երկուական կաղին անցկացրին՝ մեկը բութ մատին ու ցուցամատին, մյուսը’ մնացած երեք մատներին: Խոզուկները հիմա քայլում էին սայթաքելով, էլ ինչպես ծառի ՜արմատները պոկոտեին: Բայց թե մի շաբաթ էլ չէր անցել, երբ եղբայր խոզուկը, որն ավելի չարաճճի էր, ելքը գտավ:
— Արի հիմա էլ դնչով փորենք ծառերի տակ, — առաջարկեց քրոջը: Եվ նրանք՝ քույր ու եղբայր թմբլիկ, վարդագույն խոզուկները սուր դնչերով վրա ընկան մի ծառի արմատի ու չրըխկ՝ ծառն ընկավ: Հետո մյուս ծառին ու չրըխկ՝ մյուս ծառն էլ տապալվեց:
Երեկոյան գազանները վերադարձան ու տեսան, որ արահետները նորից փակված են շրջված ծառերով:
Նրանք շվարած իրար էին նայում և զայրույթից, բարկությունից ու հուսահատությունից չգիտեին ինչ անել:
— Նորից այդ քույր ու եղբայր խոզուկներն են, — կողքի վրա շրջված մի ծառի սաղարթների միջից գլուխը հանեց նույն նապաստակը: Նա հիմա էլ այստեղ էր բույն սարքել, բայց շրջված ծառը քանդել էր այն և խեղճ Նապաստակին դարձյալ անտուն թողել: — Այս անգամ էլ նրանք դնչերով էին պոկոտում ծառերի արմատները:
Կենդանիները խտացրած կաթի պահածոյի երկու դատարկ տուփ գտան, շնչելու համար նրանց վրա մեխով անցքեր բացեցին և անցկացրին խոզուկների դնչերին:
— Նրանք հիմա էլ ժանիքներով կփորեն ծառերի արմատները, — ասաց Նապաստակը, վախեցած, թե տապալվող մեկ ուրիշ ծառ նորից իր բույնը կքանդի, հենց որ ինքը նոր բույն սարքի: — Ավելի լավ է՝ Նրանց բերանից դուրս եկած ժանիքներն էլ քաշեք:
Արջը բռնեց եղբայր խոզուկին, իսկ գայլը ունելիով փորձեց քաշել նրա ժանիքները:
Եղբայր խոզուկը ճչաց, դուրս պրծավ արջի ձեռքից ու խելագարի պես փախավ անտառի խորքը:
Գազանները վազեցին նրա ետևից: Այդ ժամանակ քույր խոզուկը, տեսնելով, որ շուրջը ոչ ոք չկա, դնչին դեռ չամրացրած պահածոյի տուփը գցեց և փախավ մարդկանց մոտ:
Եղբայր խոզուկը վազեց-մտավ ճահճուտի եղեգների մեջ, և այնտեղ արդեն գազանները նրան չհետապնդեցին. Նա այդպես էլ մինչև հիմա մնացել է եղեգնուտներում, ժանիքները ցցած, իսկ դնչի տուփը, չնայած քարերին ու ծառերին խփվելուց ծռմռվել ու որոշ չափով սրվել է, միևնույն է՝ ծայրը մի քիչ տափակ է մնացել:
Բոլորովին այլ բան պատահեց քույր խոզուկի հետ:
«Լավ է, որ եկել է մեզ մոտ, — ասացին մարդիկ: — Միայն թե սա իր սուր ցցված ժանիքներով քարուքանդ կանի մեր մարգերն ու այգիները»:
Նրանք վերցրին ձկան պահածոյի լայն ու տափակ մի տուփ, որ ժանիքներն էլ ծածկի, և հագցրին խոզուկի մռութին:
Ու քանի որ թիթեղյա տուփերը խանգարում են ազատ շնչել, դրա համար էլ և անտառում ու եղեգնուտներում թափառող ժանիքավոր վայրի խոզուկը, և մարդկանց մոտ ապրող ընտանի խոզուկը մինչև այսօր էլ շարունակ խռխռում ու դժգոհ մրթմրթում են…
ՎԱՀԵ ՊՈՂՈՍՅԱՆ