ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 8-ՐԴ


1 share
Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասները

Գլուխ 8-րդ

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Մհերը հիշում էր, որ առաջին կենդանին, ում պետք է ինքը հաղթի օձն է: Նա մտածում էր, որ օձը կարող է  աննկատ մոտենալ և իրենք չեն հասցնի պաշտպանվել: Մհերը չգիտեր, որ այդ օձը չափազանց մեծ էր` աննկատ մոտենալու համար: Քիչ անց հեռվում երևացին երկու խոշոր փայլուն աչքեր:

-Ահա նա, – տղաներին կանգնեցնելով` ասաց Առոնը,- նա մեզ չի տեսնում այս հեռավորությունից, չնայած՝ իր մեծ աչքերին: Բայց հոտառությամբ զգացել է, որ միջանցքում օտարականներ կան և պատրաստ սպասում է:

-Հիմա ի՞նչ անենք,- տագնապած ասաց Հայկը

Մհերը ուզում էր պայուսակից հանել իր սուրը, բայց Առոնը թույլ չտվեց, նա բացատրեց, որ այդքան պայծառ լուսավորությունը միայն կկատաղեցնի օձին:

-Ուրեմն ուրիշ բան է պետք մտածել,-ասաց Մհերը:

Նա շփոթվել էր, և դա զարմանալի չէ, ախր ով կպատկերացներ, որ օձը այդքան մեծ կլինի:

-Գոնե լավ է՝ աննկատ չի կարող մոտենալ և մենք միշտ կտեսնենք, թե որ կողմում է թշնամին,- բարձրաձայն մտածեց Մհերը:

-Ինչպե՞ս ես կարողանում ամեն իրավիճակում մի դրական բան գտնել,- ասաց Հայկը:

Մհերը չհասցրեց որևէ բան պատասխանել: Նրանք երկուսն էլ նայեցին առաջ և տեսան, որ օձի կարմիր աչքերը իրենց այնքան են մոտեցել, որ եթե ձեռք մեկնեին, հաստատ կդիպչեին դրանց: Առոնը կանգնել էր օձի դիմաց և ասես կախարդված լիներ, չէր կարողանում ոչ մի ձայն արտաբերել և տեղաշարժվել: Օձը մի քիչ հետ գնաց, շատ դանդաղ թարթեց աչքերը և լեզուն դուրս հանեց:

-Ինձ մոտ տպավորություն է, որ նա մեզ չի տեսնում,- ասաց Հայկը,-հակառակ դեպքում մեզ վաղուց կուլ տված կլիներ:

Մհերը փորձեց գրավել Առոնի ուշադրությունը և մի փոքրիկ քար նետեց նրա ոտքերի մոտ, բայց Առոնը անթարթ նայում էր օձի խոշոր աչքերին և չէր շարժվում:

Մհերը, տեսնելով, որ օձը դանդաղ մոտենում է Առոնին, առաջ վազեց, բռնեց Առոնի թևից ու քաշեց դեպի պատը: Նրանք թաքնվեցին պատից դուրս եկած մեծ քարի ետևում: Առոնը անմիջապես ուշքի եկավ և զարմացած նայեց տղաներին:

-Ի՞նչ է, ի՞նչ է եղել,- գրեթե շնչահեղձ լինելով` ասաց նա:

-Հանգստացի՛ր, Առո՛ն, շո՛ւնչ քաշիր,- ասաց Հայկը:

-Դու անթարթ նայում էիր օձին, ոնց որ կախարդված լինեիր,- ավելացրեց Մհերը և նայեց քարի ետևից՝ տեսնելու, թե ինչ է անում օձը, բայց այլևս չէին երևում ոչ օձը, ոչ էլ նրա խոշոր, կարմիր աչքերը: Հայկը նորից մոտեցավ Առոնին և հարցրեց.

-Հիմա ասա, Առոն, ինչու՞ էիր այդպես անշարժ կանգնել:

-Ես չգիտեմ,- ասաց Առոնը,- չհասկացա՝ ինչ կատարվեց, մեկ էլ տեսա՝ առջևումս երկու հսկայական աչք և էլ չեմ հիշում:

-Ամեն ինչ պարզ է, նա հիպնոզացրել է քեզ,- ասաց Հայկը, մենք պետք է խուսափենք օձի ուղիղ հայացքից:

-Ճիշտ ես ասում,- համաձայնեց Մհերը,- հիմա պետք է առաջ գնանք:

Մհերը նորից փորձեց նայել իրենց թաքստոցից, բայց դեռ չէր հասցրել գլուխը թեքել, երբ հենց իր առջև տեսավ օձի վարդագույն, երկար լեզուն: Նա միաժամանակ և՛ վախ, և՛ զզվանք զգաց: Մհերը հիշեց, որ օձը շատ դանդաղ է թարթում աչքերը և որոշեց սպասել. երբ այդ հսկայական գազանը կփակի աչքերը, ինքը մի քանի վայրկյան  կունենա, որպեսզի հանի իր սուրը և, եթե բախտը բերի, կհասցնի նաև մի քանի հարված հասցնել: Օձը չէր հեռանում, նա հազարամյակների ընթացքում բոլորովին կուրացել էր, բայց հոտառությամբ զգում էր, որ օտարականները շատ մոտ են: Վերջապես գազանը փակեց աչքերը: Մհերը, ոչ մի վայրկյան չկորցնելով, հանեց սուրն ու որքան ուժ ուներ հարվածեց, օձը անսպասելիությունից գալարվեց և այնպիսի ձայն արձակեց, որ Ահրիմանի միջանցքի պատերը դողացին: Հայկը և Առոնը ամուր փակել էին իրենց ականջները, իսկ Մհերը թեև դեռ ձեռքերում ամուր պահած էր սուրը, բայց ողջ մարմնով դողում էր՝ կենդանու գալարումները տեսնելով: Օձը այդքան հեշտ չէր պատրաստվում հանձնվել, նա հոտառությամբ և գուցե մեզ անհայտ այլ զգայարաններով  որոշեց Մհերի կանգնած տեղն ու իր հսկայական պոչով հարվածեց: Մհերը հասցրեց խույս տալ և ևս մեկ անգամ թրով  հարվածել Օձին: Վերջինս նորից սկսեց գալարվել ցավից, բայց այս անգամ ավելի կատաղեց և փորձեց ատամներով բռնել անտեսանելի թշնամուն: Հայկը և Առոնը սկսեցին թիկունքից քարերով հարվածել Օձին, որպեսզի շեղեն նրա ուշադրությունը: Չգիտեմ, թե ինչպես, գուցե պարզապես Օձի բախտը բերեց, բայց նա պոչի մեկ ոլորումով բռնեց Հայկին ու Առոնին և այնքան ամուր սեղմեց, որ նրանք այլևս չէին կարողանում շարժվել: Երբ օձը հերթական անգամ հարձակվեց, Մհերը էլ խույս տալու տեղ չուներ և բնազդաբար ձեռքով ծածկեց դեմքը և հենց այն պահին, երբ Մհերը պատրաստ էր հանձնվել,  Արամազդի նվիրած թևնոցը բացվեց և դարձավ հսկայական վահան, որի ետևում կարող էր թաքնվել ոչ միայն Մհերը, այլև Հայկն ու Առոնը միասին: Այդ վահանը այնքան թեթև էր, որ Մհերը հեշտությամբ բարձրացրեց այն, բայց միևնույն ժամանակ այնքան ամուր էր, որ նույնիսկ Օձի ամենաուժեղ հարվածների ժամանակ կարող էր պաշտպանել Մհերին: Հայկը և Առոնը փորձում էին ազատվել Օձի օղակից, բայց ապարդյուն: Մհերը նայեց վահանի ետևից և տեսավ, որ կատաղած կենդանին անշարժացել էր և փորձում էր որևէ ձայն լսել, որը կօգներ գտնել անծանոթին:

Մհերը զգուշությամբ շրջանցեց օձին և նկատեց, որ միջանցքի պատը շատ անհարթ է և ինքը կարող է մագլցել վերև: Նա ձեռքը սահուն իջեցրեց ներքև և վահանը փակվեց, նորից թիկնոց դառնալով, հետո սկսեց վերև բարձրանալ: Հայկը և Առոնը սկսեցին աղմկել, որպեսզի Օձի լսողությունը շեղեն: Հայկը բարձր գոռում էր.

-Դու մեզ չես հաղթի, մենք դեռ քեզ ցույց կտանք:

-Միգուցե պետք չէ նրան ավելի կատաղեցնել,-մտահոգված ասաց Առոնը:

-Դու կարծո՞ւմ ես, որ նա հասկանում է մեր լեզուն,- պատասխանեց Հայկը և շարունակեց իր բարձր ձայնով շեղել օձի ուշադրությունը:

Մհերը արդեն բավական բարձր էր, նա սպասեց մի քանի վայրկյան, և երբ օձը անորոշ որոնումների մեջ գլուխը մոտեցրեց Մհերի բարձրացած պատին, վերջինս ցատկեց և նստեց Օձի վզին: Կենդանին խուճապի մատնվեց և սկսեց թափահարել ինքն իրեն, այդ ընթացքում նա բացեց ոլորած պոչը և Հայկն ու Առոնը ընկան գետնին: Հայկը ընկնելով գլուխը հրավածեց պատին և ուշագնաց եղավ: Երբ Մհերը տեսավ անգիտակից պառկած ընկերոջը, որոշեց, որ ոչ մի դեպքում չի հանձնվի և սկսեց շարժվել դեպի Օձի գլուխը: Կենդանու մաշկը լպրծուն էր, և Մհերը դժվարությամբ էր առաջ շարժվում: Օձը շարունակում էր խելագարվածի նման թափահարել իրեն : Մհերը վերջին անգամ նայեց ընկերոջը և զգալով, որ ուժերը լքում են իրեն, վերջին ճիգը գործադրեց ու որքան ուժ ուներ, հարվածեց օձի ծոծրակին: Կենդանին մի քանի վայրկյան անշարժացավ, ապա առաջվանից ավելի բարձր ու ահարկու ճիչ արձակեց ու բարձր դղրդյունով ընկավ գետնին: Մհերը չէր սպասում, որ հաջողությունն իրեն կժպտա վերջին պահին: Նա ցած իջավ օձի վրայից ու վազեց դեպի Հայկը: Առոնը փորձում էր նրան ուշքի բերել:

-Հա՛յկ, Հա՛յկ, ուշքի՛ արի, չմահանա՜ս…

-Հանգստացի՛ր Մհեր, նա չի մահանա, պարզապես ուժեղ հարվածել է գլուխը, հիմա ես կգնամ ուսապարկերի ետևից, այնտեղ ջուր ունենք,- ասաց Առոնը:

Մհերը գրպանից հանեց թաշկինակը և Հայկի ճակատից մաքրեց արյունը: Նա այդ պահին հասկացավ, թե որքան հարազատ է իր համար Հայկը: Առոնը մոտեցավ տղաներին և Հայկի երեսին մի քիչ ջուր ցանեց: Մի քանի վայկյան անց Հայկը դեռ փակ աչքերով ասաց.

-Մհե՛ր, դու հաղթեցի՞ր այդ ապուշ կենդանուն:

-Հաղթեցի, ընկե՛րս, մենք միասին հաղթեցինք,- ասաց Մհերը և այնքան ուրախացավ՝ ընկերոջ ձայնը լսելով, որ թվաց, թե դեռ տասը այդպիսի կենդանու կարող է հաղթել:

Շուտով Հայկը արդեն  ոտքի վրա էր: Մհերը մաքրել էր իր սուրը և մեր հերոսները պատրաստ էին շարունակել իրենց ճանապարհը:

-Սա դեռ փորձությունների սկիզբն է, կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է,- ասաց Առոնը:

-Ուրեմն պետք չէ ժամանակ կորցնել,- ասաց Մհերը և առաջ քայլեց:

 Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 7-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։