ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՐԻԿԻ ՄԱՍԻՆ


9 shares
բանաստեղծություններ հայրիկի մասին

Մեծ ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում Սուրեն Մուրադյանի հրաշալի բանաստեղծությունների հայրիկի մասին: Հայրիկները տարբեր են, ունեն տարբեր մասնագիտություններ, և մեզնից յուրաքանչյուրը շատ բան ունի սովորելու իր հայրիկից:

Ինքը՝ Սուրեն Մուրադյանը ասում է. «Հանդիպումների ժամանակ ընթերցողներն ինձ հաճախ նախատելու չափ հարցնում են, թե ինչու ավելի շատ բանաստեղծություններ են գրում մայրիկների մասին, իսկ հայրիկները մի տեսակ անուշադրության են մատնվել: Հարցը ավելի շատ ուղղված է մանկական բանաստեղծներին, որոնք քիչ են գրել հայրիկների մասին: Այս փաստը հաշվի առնելով՝ ես մի ամբողջ շարք եմ նվիրել հայրիկներին, որը խորագրել եմ «Իմ հայրիկը»»:

բանաստեղծություններ հայրիկի մասին

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՀՈՎԻՎ է

Իմ հայրիկը հովիվ է
Ծաղկած սարերում,
Ոչխարները անթիվ են,
Հազիվ եմ հաշվում:

Հայրիկս շվի ունի,
Այնպես է փչում,
«Կաքավիկն» ու «Անտունին»
Ձորում են հնչում:

Երգն ու կարկաչը թողած
Կկուն ու առվակը,
Ունկնդրում են հիացած
Անուշ նվագը:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՈՍՏԻԿԱՆ Է

Ոստիկան է իմ հայրիկը
Քաղաքում,
Փողոցների կարգ ու կանոնն է
Հսկում:
Եթե մեկը փողոցի կարգն է
Խախտում,
Իմ հայրիկը նկատում է,
Խիստ սաստում:

Վարորդները հայրիկից ոն՞ց են
Դողում,
Մեղավորին հայրիկը շատ է
Նեղում:
Իմ հայրիկը աշխատանքում
Խիստ է շատ,
Տանը՝ բարի ու ժպտում է
Անընդհատ:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՇԻՆԱՐԱՐ է

Իմ հայրիկը շինարար է,
Կառուցում է անդադար,
Նրա ձեռքում երգաշար են՝
Ցեմենտ, սվաղ, տուֆաքար:

Երևանում քանի՜-քանի՜
Շենքեր է նա կառուցել,
Նրա ձեռքով տասհարկանի
Տասը շենք է բարձրացել:

Կառուցել է մանկապարտեզ,
Բնակելի շենք, դպրոց,
Որոնք նայում են ժպտերես
Իմ հայրիկին քարագործ:

Թեկուզ ոչ մի շենքի վրա
Անուն չկա վարպետի,
Բայց հայրիկիս ոճն արևկա
Ամեն անցորդ էլ գիտի:

Իմ հայրիկը շինարար է,
Կառուցում է անդադար,
Նրա ձեռքում երգաշար են’
Ցեմենտ, ավազ, վարդաքար:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՇԱԽՄԱՏԻՍՏ Է

Իմ հայրիկը անընդհատ
Տանը խաղում է շախմատ,
Խաղաքարերը ձեռքում
Տարբերակ է մշակում:

Մատ է անում մայրիկին
Ու իմ Զաքար պապիկին:
Շատ է սիրում ձիուկին,
Թագուհուն ու փղիկին:

Նեղն է ընկնում հենց արքան,
Իմ հայրիկը յոթ վայրկյան
Մտածում է, զոհ տալիս,
Վտանգից դուրս է գալիս:

Փակցված են մեր պատին
Չեմպիոնները շախմատի.
Լասկեր, Ֆիշեր,Կասպարով,
Պետրոսյան, Տալ ու Կարպով,
Կապաբլանկա, Բոտվիննիկ,
Ալյոխին ու Կրամնիկ:

Անուններն այս հայրիկին
Հարազատ են, թանկագին,
Բայց պաշտում է ավելի
Պետրոսյանին ու Տալին:

Նոր եմ խաղում ես շախմատ.
Դեռ չեմ կարող անել մատ,
Երազում եմ՝ մեծանամ,
Այնպես ուժեղ ես խաղամ,
Դառնամ չեմպիոն մեր բակի
Ու մատ անեմ հայրիկին:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՎԱՐՍԱՎԻՐ Է

Իմ հայրիկը վարսավիր է,
Աշխատելիս անչափ ժիր է,
Անբաժան են նրանից շատ՝
Սուր ածելին, սանր ու մկրատ:

Իմ հայրիկի ափերի մեջ
Պտտում են մարդիկ անվերջ
Գլուխները՝ հնազանդ, կախ,
Մեկ դեպի վեր, մեկ՜ աջ, մեկ՝ ձախ,

Նրա հյուրերն են ամեն օր
Երիտասարդ, հասակավոր
Բժիշկ, երգիչ ու գիտնական,
Եվ դատավոր, և ոստիկան,
ճարտարապետ ու շինարար,
Կոմպոզիտոր ու նախարար:

Իսկ հայրիկը աշխույժ, զվարթ,
Ձեռքերի մեջ՝ սանր, մկրատ,
Հարդարում է մազեր ու հունք,
Գեղեցկացնում բեղ ու մորուք:

Իմ հայրիկը վարսավիր է,
Մարդկանց հանդեպ սիրալիր է,
Ով ուզում է գեղեցկանա՝
Իմ հայրիկին թող հյուր գնա:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՓՈՍՏԱՏԱՐ Է

Իմ հայրիկը փոստատար է,
Հեծանիվով շատ արագ
Հասցնում է, ուր որ հարկն է,
Թերթ, հեռագիր ու նամակ:
Պայուսակը կախած ուսից՝
Սլանում է փողոց, բակ
Մեղմիկ ժպիտը երեսին,
Նրա դեմ դուռ չկա փակ:

Պարտաճանաչ, ամիսը մեկ
Թոշակներ է բաժանում,
Աշխատանքում երբեք, երբեք
Հայրիկս չի ծուլանում
Քաղաք, գյուղ է կապում իրար,
Մտերմացնում է մարդկանց,
Երեք լեզվով կարդում ծրար,
Թեկուզ լինի վատ գրված:

Լուրեր է նա բերում, տանում,
Ամեն ուրախ լուրի հետ
Գովեստներ է նա ստանում
Ու միշտ մնում է համեստ:
Փոստատար է իմ հայրիկը,
Հեծանիվով շատ արագ
Պայուսակն է տանում՝ լիքը
Թերթ, հեռագիր ու նամակ:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՆԿԱՐԻՉ Է

Իմ հայրիկը վրձինն առած,
Ներկապնակը ուսին՝
Բարձրանում է սեգ Արագած՝
Գոհ ժպիտը երեսին:

Մի կիրակի ինձ էլ իր հետ
Տարավ ժայռավոր Գեղարդ,
Գա վանք չէր, այլ իսկական բերդ՝
Պատերին՝ նուրբ նախշ ու զարդ:

Գնացել եմ հայրիկիս հետ
Գոշավանք ու էջմիածին,
Սուրբ Գայանե, Հռիփսիմե,
Այրիվանք ու Հաղարծին:

Սևանա լիճ եմ գնացել,
Դիտել լեռները Գեղամա,
Այդ ամենը անմահացել,
Թանգարանում են հիմա:

Խայտաբղետ նվերներ կան՝
Նատյուրմորտներ, մերկ կանայք,
Այնքան խոսուն ու բնական,
Տեսնեք՝ պիտի զարմանաք:

Մտեք նրա արվեստանոց՝
Թանգարան է շատ շքեղ,
Կա ինքնատիպ մի Զվարթնոց,
Որ չեք գտնի ոչ մի տեղ:

Իմ հայրիկի կտավներից
Ողջ Հայաստանն է խոսում,
Այցելուները հարգալից,
Գովեստի խոսք են ասում:

Իմ հայրիկը վրձինն առած,
Ներկապնակը ուսին՝
Օեգին սար է ելնում զինված՝
Ասես գնում է որսի:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՈՒՍՈՒՑԻՉ Է

Իմ հայրիկը ուսուցիչ է,
Մայրենի լեզվի խոր գիտակ,
Սեղանին կարմիր գրիչ է
Ու տետրեր, տետրեր անքանակ:

Գրքեր է կարդում հաստափոր,
Կարդում է օրվա թերթերը,
Լուրեր են պատմում նորանոր
«Իրավունքը», «Ազգը»,«Եթերը»:

Ինչ էլ կատարվի աշխարհում,
Իմանում է իմ հայրիկը,
Նա անբաժան է համարում
Սփյուռքը և հայրենիքը:

Ուզում է բոլորն անխտիր
Մեր տանը խոսեն անսխալ,
Հայրիկն այնքան է ուշադիր՝
Գանձ է հայերեն ամեն բառ:

Որտեղ սխալ է նկատում,
Նա միշտ ուղղում է անվարան,
Նրան բոլորն են գնահատում,
Կոչում կենդանի բառարան:

Իմ հայրիկը ուսուցիչ է,
Մայրենի լեզվի մասնագետ,
Ձեռքին միշտ կարմիր գրիչ է,
Զգույշ, չվիճեք նրա հետ:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԴԵՐՁԱԿ Է

Հայրիկս հմուտ դերձակ է,
Ունի նուրբ ու բարձր ճաշակ,
Պատվերները թեկուզ շատ են,
Կարում է որակով, արագ:

Առավոտից ուշ երեկո
Անվերջ գալիս են ու գալիս,
Հայրիկից հեռանում են գոհ,
Եվ նոր պատվերներ են տալիս:

Մեկը թե՝ խնդրում եմ, վարպետ,
Կարիր ձմեռվա վերարկու,
Մեկն էլ՝ վարպետ, առանց հերթ
Խալաթ կարիր մինչ իրիկուն:

Վարպետ ջան, խնդրում եմ շտապ
Տաբատս մի քիչ նեղացրու,
Հարսանիք եմ կանչված շաբաթ,
Տես հա, չուշացնես, հասցրու:

Պատվերներ անվերջ, անհատնում,
Շուկա է արտելն իսկական,
Մեկն ուզում է խաշի կոստյում
Կամ վերնաշապիկ տոնական:

Մատիտն ականջի ետևում,
Մետրաչափը գցած վզին,
Հայրիկս չափում է, ձևում,
Որ նոր զգեստը լավ սազի:

Հայրիկս հմուտ դերձակ է,
Ունի նուրբ ու բարձր ճաշակ,
Պատվերները թեկուզ շատ են
Կարում է որակով, արագ:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԴԵՐԱՍԱՆ Է

Իմ հայրիկը դերասան է,
Շնորհալի, խանդավառ,
Ո՝չ Չապլին, ոչ Փափադյան է,
Բայց նա մեծ է ինձ համար:

Ամբողջ օրը հայելու մոտ
Տարբեր դերեր է փորձում,
Պեպո է նա խաղում ցասկոտ
Զիմզիմովին քարկոծում:

Քաջ Նազար է դառնում անվախ
Քարվան կտրում, թալանում,
Շափ ենք տալիս մենք էլ ուրախ
Ու ծիծաղից թուլանում:

Փոքր դերեր է վստահում
Ռեժիսորը հայրիկին,
Իսկ հայրիկը միշտ դժգոհում,
Բողոքում է մայրիկին:

«Տանը խաղանք մենք «Օթելլո»,
Դեզդեմոնա դու խաղա,
Այնպես խաղանք, որ մեր խաղով
Ամբողջ թաղը զարմանա»:

Ու հայրիկը յոթ վայրկյանում
Մայրիկին է «խեղդում» խեղճ,
Մայրիկն այնպես է զայրանում՝
«Վիզս ցավեց, այ անխիղճ».

Ծափահարում ենք մենք ուժգին,
Մայրիկն իսկույն ներում է,
Մեղմիկ գրկում է հայրիկին
Ու միասին պարում են:

Միշտ աշխույժ են անցնում այսպես
Իմ հայրիկի խաղերը.
Փոքրիկ ու մեծ հանդիսատես
Գիտեն իրենց տեղերը:

Իմ հայրիկը դերասան է,
Շնորհալի, խանդավառ,
Ո՝չ Չապլին, ո՝չ Փափազյան է,
Բայց նա մեծ է ինձ համար:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Է

Հայրիկս կանաչ զգեստ հագած՝
Կանգնած է սահմանի վրա,
Ով էլ որ լինի սահմանազանց՝
Չի ազատվի ձեռքից նրա:

Հեռադիտակը միշտ աչքերին՝
Հայրիկս սահմանն է հսկում,
Նույնիսկ ցրտին, խավար գիշերին
Զգոն կանգնած է իր պոստում:

Գյումրին, Հայաստանն է թիկունքին,
Իսկ դիմացը՝ թուրք ոսոխը,
Որ եղեռնի դաժան օրերին
Զավթել է մեր հայոց հողը:

Հայրիկիս ահից թռչունն անգամ
Սահմանը չի կարոդ անցնել,
Ուղեկալն այնքան է մարտական՝
Անսասան պատնեշ է դարձել:

Դե կյանք է, պատահի թե հանկարծ
Մեկը մեր հողը սողոսկի,
Հավատարիմ Ռեքսը կատաղած՝
Լրտեսին իսկույն կճանկի:

Մեր հողը, մեր քունն է պաշտպանում
Իմ հայրիկը սահմանապահ,
Սահմանի այն ափից թշնամուն
Չկա անցնելու մի Ծապան:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ Է

Թե գթասիրտ Աստված
Աղքատին չգթա՝
Խնայի կտոր հաց,
Հայրիկս հույս կտա:
Պարտքն է բանաստեղծի
Միշտ ձեռք մեկնել ընկածին:

Մեկը երջանիկ է.
Ծնունդ է հարկի տակ,
Ուրախ հարսանիք է,
Կնունք է կամ պսակ:
Պարտքն է բանաստեղծի՜
Ծով խինդը տարածի:

Բանաստեղծ հայրիկս
Բոլորի հետ է միշտ,
Կիսում է հավասար
Եվ խնդություն, եվ վիշտ:
Ծաղիկներից բացված
Երգեր է նա հյուսում,
Աշնանը բարակած
Առվի ձայնն է լսում:

Լուսինն ու աստղերը
ժպտում են չափածո,
Ոսկեգույն արտերում
Ծփում են ինչպես ծով:
Հանգիստ չունի տանը.
Գրում է անընդհատ,
Սիրում Հայաստանը
Կյանքից, երգից էլ շատ:

Մի օր մայրիկն ասաց.
Բավական է գրես,
Գիրքն անցյալում մնաց,
Ո՞վ է կարդում էլ քեզ:
Նեղացավ հայրիկը.
Առանց գրքի, երգի
Փուլ կգա երկինքը,
Սյունը՝ տիեզերքի:

ճիշտն ասած այս խոսքից
Բան չհասկացա ես,
Բայց դե առանց գրքի
Ձանձրալի է այնպես:
Ուզում եմ ինձ համար
Երգ ու գիրք գրի նա,
Որ երկինքը հանկարծ
Մեզ վրա փուլ չգա:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՊԱՏՄԱԲԱՆ Է

Իմ հայրիկը պատմաբան է
Շատ անվանի,
Անգիր գիտի հին քարտեզը
Հայաստանի:

Նա ասում է՝ մերն են եղել
Կարսն ու Վանը,
Մուշը, Սասունն,
Արդահանը:

Կիլիկիան ու Ախթամարը,
Տարոնն, Անին,
Մասիս սարը:
Թուրքը բռնի Տեր է դարձել,
Մեր վանքերը Քանդել, պղծել:

Իմ հայրիկը ասում է ինձ.
Հիշի՝ր, տղաս,
Երբ մեծանաս,
Իմ պատգամը Չմոռանաս:

Պիտի դատի առաջ կանգնեն
Թուրք գողերը,
Պիտի հային վերադարձվեն
Մեր հողերը:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԱՅԳԵՊԱՆ Է

Իմ հայրիկը այգեպան է,
Ծառերն այնքան է սիրում,
Մրգով լիքն է միշտ գրպանը,
Այնպես անուշ են բուրում:

Մեր տանը միշտ անպակաս են
Ծիրանը, տանձ, խնձորը,
Խաղողը, թուզն ու կեռասը,
Սերկևիլը, սալորը:

Երկու ծառ էլ ես եմ տնկել,
Իմ հայրիկի ճոխ այգում,
Երկու գարուն է անցկացել,
Բայց ծառերս չեն ծաղկում:

Հայրիկն ասաց.
-Քիչ համբերի,
Հաջորդ գարնանն անպայման
Քո բալենին, սալորենին
Կծաղկեն ու բերք կտան:

Անհամբեր եմ, քիչ, քիչ մնաց,
Երրորդ գարունը կգա,
Ծառերը՝ իմ ձեռքով տնկած,
Առաջին բերքը կտան:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է

Պատգամավոր է իմ հայրիկը,
Միշտ խոսում է ժողովում,
Ռադիոյով, տանն ու ամեն տեղ
Իրենց արածն են գովում:

Ասում է՝ միանշանակ
Բազում հարցեր են լուծել,
Աշխատել են անչափ հստակ,
Մարդկանց մասին մտածել:

ճիշտն ասած, ես իմ հայրիկի
Գործից բան չեմ հասկանում,
Գիտեմ՝ ճարտար լեզու ունի,
Խոսում է, չի վերջանում:

Պատգամավորն ի՞նչ է անում,
Գուցե փոքր եմ, մեծանամ՝
Այն ժամանակ իմ հայրիկի
Արածը ճիշտ կիմանամ:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է

Իմ հայրիկը ֆուտբոլիստ է,
Խաղում է նա անթերի,
Հարձակման մեջ այնքան խիստ է,
Ով էլ լինի՝ չի ների:

Նա Պելեի, Զիդանի պես
Շատ ուժգին է հարվածում,
Հակառակորդ թիմերի մեջ
Ահ ու խուճապ տարածում:

Իմ հայրիկը «Արարատում»
Դեռ գնդակ չի խփել շեղ,
Իմ հայրիկի շնորհիվ ինձ,
ճանաչում են ամեն տեղ:

Գերազանց եմ միշտ սովորում,
Բա ծուլանա՞մ, ամոթ չի՞,
Որ ժողովում ծնողական
Իմ հայրիկը ամաչի:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԲԺԻՇԿ Է

ճերմակ խալաթ է
Հայրիկս հագնում,
Հիվանդներին է
Բուժում, միշտ օգնում:

Նա քանի սրտի ՛
Արատ է բուժել,
Քանի՜ քանիսի՜ն
Կյանք է պարգևել:

Հայրիկս հաճախ
Մնում է անքուն,
Մահամերձին է
Կյանք տալիս, փրկում:

Իմ երազանքն է՝
Դառնալ սրտաբան,
Ու սրտեր բուժել
Հայրիկիս նման:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ՎԱՐՈՐԴ Է

Հայրիկս վարորդ է,
Ավտոբուսի,
Մի վատ խոսք չեմ լսել
Նրա մասին:

Վարում է մեքենան
Միշտ անխափան,
Ուղևոր է տանում
Գորիս, Կապան:

Սլանում է դժվար
ճամփաներով,
Իջնում է զիգզագ
Կեռմաններով:

Գարնանը հայրիկս
Ամեն անգամ
Մանուշակ է բերում
Նուրբ, ալպիական:

Աշնանը բերում է
Ընկույզ ու նուռ,
Մուրաբա՝ մակնիշը
«Թուզ. Զանգեգուր»:

Երբ արձակուրդ լինի,
Օրեր գան տաք,
Գնալու եմ
Գորիս Տաթևի վանք:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԳՅՈՒՂԱՊԵՏ Է

Իմ հայրիկը ընտրվեց գյուղապետ,
Այդ օրից դարձավ նա ամենագետ:
Գետի վրա նոր կամուրջ կառուցեց,
Այգիների համար ջրանցք բացեց:

Գյուղացու հոգսը լավ է հասկանում,
Ամեն հարցից էլ գլուխ է հանում:
Հանգստի այգի դարձրեց խոպանը,
Կանգնեցրեց Անդրանիկի արձանը:

Մանկապարտեզին նոր շենք նվիրեց,
Դպրոցի կիսատ շենքը ավարտեց:
Գյուղում ով հանդիպի ինձ փողոցում,
Գոհ ժպտում է ու իր սիրտն է բացում.

Երկար կյանք ունենա գյուղապետը՝
Մեր պարծանքը, իր գործի վարպետը:

ԻՄ ՀԱՅՐԻԿԸ ԴԱՏԱՎՈՐ է

Իմ հայրիկը արդարամիտ
Դատավոր է,
Անմեղների թիկունքն է միշտ,
Զորավոր է:
Նա դատում է ավազակին,
Չարին, գողին,
Խաբեբային, կռվազանին
Ու գռփողին:

Չարիք ծնող վատ բարքերը
Նա ատում է,
Պաշտպանում է օրենքները
Ու դատում է:
Իմ հայրիկը արդարամիտ
Դատավոր է,
Թող հայրիկից վախենա,
ո վ Մեղավոր է:


Like it? Share with your friends!

9 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։