Այս տաղանդավոր փոքրիկի՝ մեկը մյուսին գերազնացող հաղթանակները տեսնելով անտարբեր մնալ չի կարող ոչ ոք, հատկապես երբ միջազգային բեմերից հնչող այս ազգանունը հայկական է: Անդրանիկ Ալեքսանյանով բոլորն են հիանում ու հպարտանում՝ լավագույն մասնագետներն ու բոլոր երկրների հանդիսատեսները:
Նրա ձայնը ապշեցնում է, չէ՞ որ 13-ամյա տղան կատարյալ լսողություն ունի, երգում է Ռոբերտինո Լորետիի ձայնով, երգում է այնպիսի երգեր, որոնք ի զորու չեն կատարելու անգամ համաշխարհային շատ մեծություններ: Եվ ի դեպ, նա երգում է միայն մեծական երգեր և մանկական միջազգային մրցույթներում հենց այդպիսի երգերով էլ ներկայանում է ու հաղթանակներ տանում:
Անդրանիկ Ալեքսանյանի մայրիկը՝ Լյուդմիլան, ու հայրիկը՝ Վարդևանը, ծանոթացել են Հայաստանում և միայն տարիներ անց տեղափոխվել են Ուրկրաինայի Խմելնիցկ քաղաք, որտեղ էլ ծնվել է Անդրանիկը: Դեռ 3 տարեկանից նկատվել են Անդրանիկի զարմանալի ունակությունները: Նրա մայրիկը պատմում է, որ այդ տարիներին իրենց տանը կար «Русь» հեռախոս, որտեղ յուրաքանչյուր կոճակ իր երաժշտությունն ուներ: Երբ հավաքում էինք համարը, Անդրանիկն անմիջապես ասում էր, թե ում են զանգահարում: Երաժիշտերն ասում էին, որ նրա լսողությունը կատարյալ է:
Սակայն նույն տարիքում նկատվեց նաև այն, որ Անդրանիկը քայլելիս դժվարությամբ է բարձրացնում ոտքերը, խուսափում է աստիճաններից: Ծնողները դիմեցին բժիշկներին, սակայն նրանք երկար ժամանակ չէին կարողանում որոշել նրա հիանդությունը: Միայն մեկ տարի անց հաստատեցին, որ երեխայի մոտ ախոնդրոդիսպլազիա կոչվող հիանդություն է (ոսկորների թերաճ), թեև այդ տարիքում Անդրանիկն ավելի բարձրահասակ էր իր հասակակիցներից:
Այս հիվանդությունը հանդիպում է 25.000 երեխաներից մեկի մոտ: Հիվանդությունը ժառանագական չէ, Անդրանիկի հայրիկն ու մայրիկը և մյուս հարազատներն այսպիսի խնդիրներ չունեն: Անդրանիկի հասակը վերջին տարիներին ընդամենը մի քանի սանտիմետրով է աճել: Նա դպրոց չի հաճախում, նրան այցելում են մաթեմատիկայի, անգլերենի ու երգեցողության ուսուցիչները, որովհետև բժիշկներն արգելել են տղային հաճախել դասերի. երկար ժամանակ աշակերտական սեղանի մոտ նստելը վնասակար է Անդրանիկի առողջության համար: Նրան արգելվում է նաեւ վազելը. ամռանը Անդրանիկը խաղում է բակում ընկերների հետ, իսկ ձմռանը տնից դուրս չի գալիս, որովհետեւ եթե սայթաքի եւ ոտքը կոտրի, կարող է ընդմիշտ հաշմանդամ մնալ:
Սակայն Անդրանիկը շատ է բարկանում, երբ իրեն խղճում են: Երբ Անդրանիկն իրեն վատ է զգում, միայնակ նստում է սենյակում, իսկ մարդկանց մոտ միշտ ուրախ է: Նա սվտահ է, որ անպայման մեծանալու է ու հասակ է առնելու: Իսկ այսօր նա զբաղվում է իր ձայնով, նոր ու զարմանալի բարդության երգեր է կատարում ու նվաճում հաղթանակներ մեկը մյուսի հետևից: Անդրանիկն ինքը երգեր ու երգերի բառեր է գրում և արդեն հասցրել է ձայնագրել իր առաջին ալբոմը, որը կոչվում է«Փոքրիկ Իշխան»:
Իր ելույթների ժամանակ Անդրանիկը նախընտրում է դասական կոստյումները և ընկերություն է անում ռուսական ու միջազգային երգարվեստի կայացած անհատների հետ, զրուցում նրանց հետ իսկական մեծի նման ու ընդունում նրանց խորհուրդները: Սակայն նա էլ իր մանկական երազնանքներն ունի: Անդրանիկը երզում էր շնիկի մասին և «Սլավյանսկի բազար» մրցույթում հաղթանակ տանելու առթիվ ծնողները իրականացրին նրա երազանքը:
Անդրանիկի համերգներին ասեղ գցելու տեղ չի լինում: Իսկ երբ նա տանն է երգում, հարևաններն անջատում են հեռուստացույցները, որպեսզի նրան լսեն: Դասական երգերից բացի Անդրանիկը կատարում է նաև ուկրաինական և հայկական երգեր: Հայկական երգեր Անդրանիկին հայրիկն է սովորեցնում:
Նրա հաղթանակներն այնքան շատ են, որ հնարավոր չէ անգամ թվարկել. «Հարավային էքսպրեսս» հեռուստամրցույթ- առաջին հորիզոնական և ոսկե մեդալ, հաղթանակ միջազգային «Վեսպրեմյան խաղեր» եւ համաուկրաինական «Պեսնյա նադ Բուգոմ» մրցույթներում, 2007 թ. համաուկրաինական մանկական երգի մրցույթ– առաջին մրցանակ, հաղթանակներ Կիեւում անցկացված «Իմ Հայաստան» եւ Սոչիի «Եվրոպայի հույս» երգի մրցույթներում, Մանկական Երատեսիլ- 5-րդ տեղ, «Գրան պրի»՝ ուկրաինական էստրադային արվեստի մրցույթում, մրցանակ «Ուկրաինայի աստղ»՝ Ուկրաինայի նախագահի կողմից:
Եվ իհարկե այս ամենին բոլորովին վերջերս ավելացավ հաղթանակը Մանկական Նոր ալիք- 2011 մրցույթում: Այս շարքը, համոզված ենք, դեռ բազմաթիվ հաղթանակներով է լրացվելու, և նրա երգացանկում նոր հրաշալի երգեր են հայտնվելու, իսկ մեր տաղանդավոր ազգակցին էլ տեսնելու ենք ամենահեղինակավոր բեմերում՝ առողջ ու միշտ ուրախ: