Քնում ենք և արթնանում

ՔՆՈՒՄ ԵՆՔ ՈՒ ԱՐԹՆԱՆՈՒՄ

1 min


Արդեն շատ ուշ է ու դու հորանջում ես: Փոքրիկ եղբայրդ կամ քույրիկդ նայում են քեզ ու իրենք էլ են հորանջում: Հետո էլ մեծերն են սկսում համոզել, որ արդեն ուշ է ու պետք է հեռուստացույցն ու համակարգիչը անջատել: Ու եթե անգամ դու համոզված ես, որ քո քունը բոլորովին չի տանում, թնկթնկալով գնում ես քո սենյակ: Եվ չանցած մի քանի վայրկյան դու արդեն գունավոր երազներ ես տեսնում:

Դե իսկ հիմա սպասիր, մինչև դու իսկապես կգնաս քնելու, արի միասին պարզենք. Ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս ու երբ…

Քնում ենք և արթնանում

Նախ ես վստահ եմ, որ դու անպայման ուզում ես իմանալ, թե ինչու, երբ ինչ-որ մեկը հորանջում է, մյուսները նույնպես սկսում են հորանջել: Հնում մարդիկ հորանջելով հայտնում էին մյուսներին, որ քնել են ուզում, դե մյուսներն էլ նույն կերպ պատասխանում էին նրան, եթե համամիտ էին նրա հետ: Իսկ որոշ գիտնականներ էլ ասում են, որ մենք հորանջում ենք, երբ թթվածնի կարիք ենք զգում, և եթե մեզ հետ նույն սենյակում էլի մարդիկ կան, ապա նրանցից ամենազգայուն ու շփվող մարդիկ նույնպես սկսում են հորանջել:

Ըհն, հորանջելու մասին իմացանք, հիմա արի տեսնենք, թե երբ և ինչու է պետք գնալ քնելու: Երբ մենք քնում ենք, մեր մարմինը հանգստանում է, նոր էներգիա է կուտակում: Երբ քնած ենք, մենք մեծանում ենք, հասակ առնում, մեր ոսկորները ամուր են դառնում: Եվ եթե անգամ քո քունն այնքան էլ չի տանում, միևնույն է հարկավոր է քնել հանուն քո սեփական մարմնի:

Քնում ենք և արթնանում

Երբ դու առավոտյան հանգստացած ու մի քիչ էլ մեծացած արթնանաս, նա քեզ շնորհակալություն կհայտնի: Քնել մեզ հարկավոր է 9-10,5 ժամ: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք լիարժեք հանգստանալ և ուժ հավաքել հաջորդ օրվա համար: Իհարկե, դու կարող ես հանգստանալ նաև կեսօրին, ինչպես մանկապարտեզում: Իսկ քնելուց առաջ չմոռանաս լվացվել ու մաքրել ատամները, որպեսզի ուտելիքի մնացորդներ չմնան մեր բերանում:

Երբ դու և քո մարմինը հանգստանում եք, քո ուղեղի մի մասն արթուն է մնում ու դրա շնորհիվ դու երազներ ես տեսնում: Երազների մեջ երբեմն ծանոթ մարդիկ ու ծանոթ դեպքեր են հանդիպում: Հեքիաթն ու մեր առօրյան իրար են խառնվում ու ամեն ինչ երազում երբեմն շատ զվարճալի է դառնում:

Իսկ երբ գալիս է արթնանալու ժամանակը, մեր ուղեղը անցնում է գործի: Նրա մեջ կան հատուկ կենտրոններ, որոնք կառավարում են մեր քնելու և արթնանալու ռեժիմները: Դրանք  մեր «ներքին ժամացույցներն» են և կանգ են առնում այն ժամանակ, երբ արևը մայր է մտնում ու մեզ հուշում են, որ հարկավոր է քնել:

Քնում ենք և արթնանում

Այդ կենտրոնները նաև շատ լավ գիտեն, թե երբ է ծագելու արևը ու առավոտյան վերսկսում են իրենց աշխատանքն ու արթնացնում մեզ: Եթե չլինեին էլեկտրական լույսերը, մեր «ներքին ժամացույցները» ավելի ճիշտ կաշխատեին, և մենք ամեն օր կքնեինք ու կարթնանայինք արևի հետ միասին:

Իհարկե, քնկոտները երբեմն ուշադրություն չեն դարձնում արևի վրա ու քնում են անգամ մինչև կեսօր: Բայց քանի որ մենք արդեն վաղ առավոտյան դասի ենք շտապում, մեզ օգնության կարող է հասնել նաև զարթուցիչը: Բայց այն խանգարում է մեր քունը, որովհետև արագ արթնանալը վնասակար է մեզ համար:

Այնպես որ արի փորձենք քնել մի փոքր ավելի շուտ, որպեսզի տեսնենք ամենագեղեցիկ երազները և որպեսզի մեր մարմինը հանգստանա ու առավոտյան արևի հետ ուրախ-ուրախ արթնանանք ու շտապենք նախաճաշելու: Նախաճաշելո՞ւ… Իսկ այ դրա մասին անպայման կխոսենք մյուս անգամ…

Անահիտ Ալեքսանյան


Մոծակ