Մի անգամ, երբ մի փոքրիկ տղա հիվանդ էր, նրան այցելեց զարմանալի ու տարօրինակ մի բժիշկ: Փոքրիկ հիվանդին քնելու և դեղահաբեր նշանակելու փոխարեն՝ նա նստեց ուղղակի հատակին ու սկսեց աշխույժ զրուցել, ծիծաղաշարժ պատմություններ անել: Հիվանդն սկսեց լիաթոք ծիծաղել և ասես մի կախարդական ուժի օգնությամբ իրեն լավ զգալ:
Այ քեզ բժիշկ. ուրեմն նա երեխաներին բուժում է ծիծաղով: Տարիներ անց այդ փոքրիկ տղան սկսեց բանաստեղծություններ գրել և գրեց այնպիսի բանաստեղծություններ, որոնք զվարճություն և ուրախություն են պատճառում երեխաներին: «Եվ եթե իմ բանաստեղծությունները հիմա իսկապես կարող են զվարճացնել ձեզ, ապա ես այն բժշկի նման ինձ վարձատրված կզգամ»,- գրել է այդ տղան, ով իրականում ճանաչված մանկագիր Հենրիկ Սևանն է:
Հենրիկ Սևանի զվարթ բանաստեղծությունները դեղահաբերի նման հրաշագործ ազդեցություն են գործում երեխաների մտքի և հոգու վրա: Մեր կայքում դուք կծանոթանաք և կընթերցեք նրա անչափ հետաքրքիր և ուրախ գործերը: Իսկ այստեղ մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Հենրիկ Սևանիբանաստեղծությունները մեր ազգակից մոծակների մասին:
ՄՈԾԱԿՆ ՈՒ ՍԱՅԼԸ
Ոտքի տակ է փորձանքը՝
Սայլից ընկավ մոծակը,
Թարսի նման սայլն էլ մեծ
Թև ու թիկունքը ճզմեց:
Մոծակները լուրն առան,
Իրենց եղբոր մոտ թռան,
Եկան՝ վերքը կապեցին,
Աղի արցունք թափեցին:
Մի ծեր մոծակ մոտեցավ,
Եղբոր վրա կռացավ,
Ասաց.- Ոչինչ, սայլից նենգ
Մենք քո վրեժը կառնենք:
-Դարդ մի անի, բարեկամ,-
Ասաց մոծակն արնաքամ,-
Ես իմ ոխը հանեցի,
Սայլին մի լավ խայթեցի:
ԿԱՐՃԱՏԵՍ ՄՈԾԱԿԸ
Անտառում կար մի մոծակ՝
Մի կարճատես, կարճ դերձակ,
Կարճ էր չափում, կարճ կտրում,
Թևն ու փեշը կարճ կարում,
Գոհ էր ճանճի կարճ ձագը.
-Ի՜նչ շնորհքով դերձակ է: