ՁՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Ձվի միջազգային օրը

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը աշխարհի շատ երկրներում նշվում է մի շատ զվարճալի տոն: Այդ օրը Ձվի միջազգային օրն է: Այս տարօրինակ տոնն իր գոյության համար պարտական է «Ձվի միջազգային հանձնաժողովին», որն էլ հենց որոշել է. ձուն և այն բոլոր ուտեստները, որոնք ձու են պարունակում, պարզապես պարտավոր են ունենալ իրենց սեփական օրը տարվա մեջ: Այդ չափազանց կարևոր որոշումը ընդունվել է 1996 թվականին Վիեննայում:

Այդ օրվանից սկսած թռչնաբուծական ֆաբրիկաները և ձվի սիրահարները անցան գործի: Ի դեպ այդպիսի մարդիկ քիչ չեն, չէ՞ որ ձվի օգնությամբ են պատրաստվում հազարավոր ուտեստներ, որոնք չենք էլ հասցնի թվարկել՝ ձվածեղի տասնյակ տեսակներ, կոտլետներ, թխվածքներ և այլն: Եվ վերջապես այն կարելի է ուտել և առանձին: Հետո պատկերացրեք Սուրբ Զատիկը առանց ձվի… Չէ, ձուն իսկապես արժանի էր դրան…

Ուտե՞լ, թե՞ չուտել

Եթե չհիշենք «Հա՞վը թե ձո՞ւն» հին կռիվը, ապա առանց այդ էլ ձվի մասին շատ վեճեր կան, որոնք շարունակվում են մինչև այսօր: Օգտակա՞ր է այն, թե՞ վնասակար. տարբեր երկրների գիտնականները տարբեր արդյունքներ են ներկայացնում: Բայց և ոչ ոք չի ժխտում. ձուն պարունակում է А, B6, B12 վիտամիններ, ինչպես նաև երկաթ, ցինկ և ֆոսֆոր: Մեկ ձվիկն ապահովում է մեզ անհրաժեշտ սպիտակուցների ամենօրյա չափի 12%-ը և պարունակում է ընդամենը 75 կալորիա, չի բարձրացնում խոլեստերինի քանակն օրգանիզմում: Իսկ ձու ուտելու ամենաճիշտ չափը օրական մեկ ձուն է:

Որտե՞ղ և ինչպե՞ս են նշում ձվի տոնը

Տարբեր երկրներում Ձվի տոնը նշում են տարբեր կերպ: Օրինակ՝ Մավրիկիում, այդ տոը միացրել են աղքատության դեմ պայքարի օրվան, պատրաստել հսկայական ձվածեղ 10.000 ձվից և բաժանել երկրի ամենաաղքատ մարդկանց: Հունգարիայում ամեն տարի կազմակերպվում է ձվից պատրաստված ուտեստների ուրախ փառատոն: Իսկ 2006 թվականին այնտեղ պատրաստվեց աշխարհի ամենամեծ ձվով ուտեստը:

Ավստրիայում տոնից մեկ շաբաթ առաջ հեռուստատեսությամբ սկսվում է մի մարաթոն, որի ընթացքում երկրի լավագույն խհարարները ցույց են տալիս, թե ինչ ուտեստներ կարելի է պատրաստել ձվից: Մի քանի տարի առաջ էլ ձվի միջազգային օրը նրանք երկինք բաց թողեցին մի հսկայական փուչիկ, որի վրա գրված էր. «Ձու… և ամեն ինչ հրաշալի է»:

ԱՄՆ-ում կազմավորվել է հատուկ մարկետինգային ընկերություն, որը համագործակցում է ամերիկյան բազմաթիվ ԶԼՄ-ների հետ: Եվ Ձվի միջազգային օրը այդ բոլոր թերթերը լույս են տեսնում ձվով ուտեստների բաղադրատոմսերով  ու պատմում ձվի արդյունաբերության կարևորության մասին: Ի դեպ, այդ տոնից հետո Լուիզիանա նահանգում նշվում է Մեծ ձվածեղի օրը: Ամեն տարի այս նահանգի խոհարարները հսկայական Բարեկամության ձվածեղ են պատրաստում, որի համար օգտագործվում է  5000 ձու, 6 լիտր բուսական յուղ, 25 լիտր կաթ և 10 կգ կանաչեղեն:

Այս տարի Ձվի միջազգային օրը նշվեց հոկտեմբերի 14-ին, իսկ մենք անգամ չշնորհավորեցինք նրան: Հարգենք մեր տանն ապրող ձվերին և սեղանի ծայրին հարվածելուց ու նրանց կոտրելուց առաջ գոնե բարի ճանապարհ մաղթենք դեպի մեր ստամոքս… Իսկ որպեսզի ձվիկներին ավելի լավ ճանաչեք, առաջարկում ենք ընթերցել նաև այս փոքրիկ հեքիաթը քաջարի Ձվիկի ու նրա ընտանիքի մասին…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։