ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ»


Կյանքն առանց բռնության

Նոյեմբերի 17-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մանկական նկարների ցուցահանդես էր կազմակերպել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը: Ցուցահանդեսի մասնակիցները Երևանի և մարզերի դպրոցների աշակերտներն էին, իսկ նրանց նկարները կրում էին «Կյանքն առանց բռնության» խորագիրը: Նշենք, որ նոյեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է բռնության դեմ պայքարի օրը, և այս մրցույթով ու ցուցահանդեսով հայ փոքրիկները միանում են աշխարհին ու բարձրացնում իրենց բողոքի ձայնը բռնության դեմ: 

Եթե ցուցահանեսը Ձեզ հետաքրքրեց, ապա կարող եք շտապել Խնկո Ապոր անվան գրադարան, նկարները ցուցադրվելու են նաև նոյեմբերի 18-ին և սպասելու են ձեր շատ կարևոր կարծիքին: Իսկ մինչև այդ պատմենք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ: Ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով երեխաների խնամքի և  պաշտպանության 4 գիշերօթիկ հաստատություններում և երևանյան ու  մարզային 37 դպրոցներում հայտարարվեց նկարների մրցույթ: Մրցույթին մասնակցեցին Ստեփանավան, Ալավերդի, Կապան և Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքերի դպրոցների աշխատանքները:

Կյանքն առանց բռնության

Եվ հենց այս դպրոցներում լավագույնը ճանաչված 47 նկարներն էլ հայտնվեցին Խնկո-Ապոր անվան գրադարանում ու փորձեցին ներկայացնել մեծահասակներին ու իրենց հասկակակիցներին, թե ցանկության ու ջանքերի շնորհիվ որքան ապահով և երջանիկ աշխարհ կարելի է կառուցել: Ցուցադրված նկարներից մեկը ճանաչվելու է հաղթող` ֆեյսբուքյան քվեարկության միջոցով: Քվեարկությունը ընթանալու է «Երեխաների իրավունքների պաշտպանության ցանց» ֆեյսբուքյան էջում, իսկ հաղթողի անունը հայտարարվելու է նոյեմբերի 19-ին: Հաղթած նկարի համար պոստեր է պատրաստվելու, որը բազմացվելու և տարածվելու է հանրապետության ողջ տարածքով, իսկ մնացած 46 նկարներով պատրաստվելու են օրացույցներ, որոնք նույնպես տարածվելու են:

«Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի կարևորագույն նպատակներից է ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը թե´ տանը, թե´ դպրոցում և թե´ հաստատությունում: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում բազմիցս կազմակերպվել են բռնության երևույթների ճանաչմանն ու  արձագանքմանն ուղղված  տարբեր  միջոցառումներ: Այս ցուցահանդեսը բռնության դեմ պայքարի  շրջանակներում իրականացվող հերթական միջոցառումն  է: Այ հիմա արդեն, կարող եք շտապել Խնկո Ապոր անվան գրադարան և գնահատել տաղանդավոր փոքրիկների աշխատանքները…

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։