Լինում է, չի լինում մի անտառ է լինում: Այնտեղ հաշտ ու համերաշխ ապրում էին բոլոր կենդանինեը: Բոլորն էլ բարի ու աշխատասեր էին, առավոտյան արևի պայծառ շողերի հետ արթնանում էին, մաքրում էին իրենց բները, ապա ուրախ-զվարթ երգելով գնում էին անտառի խորքը ` պտուղներ հավաքելու:
Անտառի բնակիչներից էր նաև փոքրիկ ոզնին: Բայց փշերի փոխարեն պատված էր փափուկ և փայլուն մորթով: Մի անգամ պտուղներ հավաքելիս ճանապարհին նա ծարավեց, վազեց դեպի գետակը ջուր խմելու և հանկարծ ջրի մեջ տեսավ իր արտացոլանքը: Արևի շողերն ընկել էին նրա փափուկ և փարթամ մորթու վրա` ավելի գեղեցկացնելով դրանց փայլը: Նրան այնքան դուր եկավ իր գեղեցիկ տեսքը, որ մոռացավ ընկերների մասին, նստեց գետակի ափին ու սկսեց հիանալ իր պատկերով: Նա ամեն օր գալիս նստւմ էր գետափին ու ժամերով նայում իրեն: Նա այնքան ծուլացավ, որ այլևս չէր օգնում իր ընկերներին, չէր հավաքում մրգեր ու տերևներ: Նա դարձել էր հպարտ ու ինքնահավան:
Սկզբում բոլոր կենդանիները գալիս էին նրա մոտ, հարցուփորձ անում` թե ինչ է պատահել, բայց նրա կոպիտ պատասխաններից վիրավորված` արտասվում էին ու հեռանում :
Հանկարծ նա նկատեց, որ օրեցօր իր փափուկ մորթին կոշտանում է, կորցնում երբեմնի փայլն ու գեղեցկությունը: Եվ կամաց-կամաց ոզնին պատվեց կոշտ ու սուր փշերով: Նա շատ տխրեց, սկսեց լալ, բայց տեսավ, որ ոչ մի կենդանի չի նկատում իր տխուր տրամադրությունը: Նա զգաց, որ մենակ է մնացել: Այլևս ոչ ոք չէր կանչում նրան խաղալու, ոչ ոք չէր խոսում իր հետ: Բոլոր ընկերները հեռացել էին իրենից:
Ոզնին զղջաց իր արարքների համար, հասկացավ իր բոլոր սխալները: Նա որոշեց գնալ և ներում խնդրել ընկերներից և քանի որ մնացած կենդանիները սիրում էին ոզնուն, ներեցին նրան: Ոզնին միացավ նրանց խաղին: Նա այնքան էր ուրախացել, որ երգում էր ու վազվզում, նույնիսկ չնկատեց, թե ինչպես ոտքը սայթաքեց, ընկավ ու կծիկի նման գլորվեց: Երբ ընկերները մոտեցան, տեսան, որ մի քանի վայրկյանում ոզնին փշերի վրա է հավաքել մրգեր ու տերևներ: Այս ամենը նրան այնքան զզվարճալի թվաց, որ նույնիսկ սկսեց սիրել իր նոր հանդերձանքը: Այսուհետ նա սկսեց օգնել իր ընկերներին` ամեն օր փշերի վրա հավաքելով մրգեր ու պտուղներ: Նա իրեն շատ երջանիկ էր զգում:
Տիգրան Աթոյան
9 տարեկան
Ք.Վանաձոր, 11-րդ դպրոց