Շատ տարիներ առաջ մի բարի կախարդ էր ապրում: Նրա անունը Ցողիկ էր: Նա ուներ ոսկեգույն վարսեր և մոխրագույն աչքեր: Նա ապրում էր անտառի խորքում գտնվող մի գեղեցիկ ամրոցում: Ամեն օր Ցողիկը զարթնում էր արեգակի շողերի հետ և նրա հետ շրջում ամբողջ աշխարհով մեկ` կատարելով բարի գործեր: Նա անտեսանելի էր դառնում և օգնում էր տատիկներին անցնել փողոցը, օգնում էր կարիքավոր մարդկանց, շնիկներին պաշտպանում էր ցրտից:
Ցողիկը հատկապես շատ էր սիրում երեխաներին. նա վերևից կոնֆետներ և մրգեր էր նետում նրանց: Նա սիրում էր անցկացնել երեկոները կտուրի վրա ` հետևելով երեխաների զվարճալի խաղերին: Թվում էր , թե Ցողիկը երջանիկ է , սակայն նա գրեթե միշտ տխուր էր: Բարի փերին ուներ մի երազանք ` ունենալ փոքրիկ երեխա, որի հետ կխաղար , կքայլեր փրփուր ամպերի միջով և կթռչեր ամբողջ աշխարհով:
Մի փոքրիկ գյուղում ապրում էր մի աղքատ ընտանիք: Հայրն ու մայրը ամբողջ օրն աշխատում էին ,որպեսզի կերակրեին իրենց տասը երեխաներին: Ամեն երեխայի նրանք սիրում էին յուրովի և չէին կարող իրենց կյանքը պատկերացնել առանց նրանցից որևէ մեկի: Երեխաներից ամենափոքրիկը Կարենն էր: Նա փոքրամարմին և թուլակազմ մի էակ էր: Ծնողներին հատկապես դժվար էր խնամել նրան , սակայն նրանք դա անում էին սիրով ու քնքուշ հոգածությամբ:
Ցողիկը լսել էր այդ բազմազավակ ընտանիքի մասին,գիտեր ,որ նրանք ունեին տասը երեխա , և մտածում էր , որ եթե օրերից մի օր երեխաներից մեկն անհետանա, հոգսաշատ ծնողները չէին նկատի նրա բացակայությունը: Ահա թե ինչու որոշեց առևանգել Կարենին ու թեթևացնել ընտանիքի հոգսը:
Հաջորդ օրը ,երբ արեգակը դեռ քնած էր , բարի կախարդը դարձավ անտեսանելի և մտավ նրանց խրճիթը: Նա առևանգեց քնածԿարենին և տարավ նրան իր ամրոց:
Առավոտյան ,երբ փոքրիկը զարթնեց , սկսեց աչքերով փնտրել մայրիկին , սակայն նա չկար: Անօգնական մանկիկը հուսահատությունից չգիտեր ինչ անել , երբ ներս մտավ Ցողիկը: Նա բռնեց երեխայի ձեռքը, և երկուսով բարձրացան երկինք: Նրանք թռչում էին ծովերի ու օվկիանոսների , դաշտերի ու լեռների վրայով: Երեխան հրճվում էր, ցնծում, այնքա՜ն անակնկալ էր այդ ամենը, այնքա՜ն հեքիաթային , իսկ բարի փերին հալվում էր երանության զգացումից. նա աշխարհի ամենաերջանիկ էակն էր: Հանկարծ երեխան հարցրեց.
-Իսկ որտե՞ղ է մեր խրճիթը։
Ցողիկը տխրեց,բայց չկարողացավ մերժել երեխային:Նրանք դարձան անտեսանելի և իջան խրճիթի կտուրին: Երբ Կարենը ներս նայեց, տեսավ մայրիկին ու հայրիկին , որոնք չէին կարողանում գտնել իրենց տեղը: Մայրիկն ու ինը քույրիկները անընդմեջ լալիս էին , իսկ շփոթված հայրիկը փորձում էր նրանց հանգստացնել ` ասելով.
-Մենք անպայման կգտնենք նրան , անպայման:
Կարենն այլևս չդիմացավ, խնդրեց Ցողիկին իրեն տեսանելի դարձնել: Այդ պահին փերին հասկացավ , թե ինչ է սերը: Ընտանիքը շատ աղքատ էր , բայց, միևնույն է ,նրանք պատրաստ էին անել ամեն ինչ իրենց բոլոր երեխաների համար: Այսպիսով՝ նրանք երկուսն էլ դարձան տեսանելի և մտան խրճիթ: Տեսնելով իրենց սիրելի եղբորը՝ երեխաները փարվեցին նրան անհուն սիրով և գորովանքով:Մայրն ու հայրը համբուրում էին նրա երեսը և շնորհակալություն հայտնում Աստծուն: Այդ տեսարանից ազդված Ցողիկի գլխում մի հրաշալի միտք ծագեց, և նա ասաց.
-Դուք բոլորդ կարող եք տեղափոխվել իմ ամրոցը: Մենք այնտեղ կլինենք երջանիկ , և ես կկարողանամ ամբողջ օրը խաղալ երեխաների հետ:
Սակայն բոլորը միաբերան ասացին ,որ իրենց խրճիթից հարազատ և սիրելի վայր չկա:
Այդ օրվանից սկսած՝ բարի փերին սկսեց ամեն օր այցելել ընտանիքին: Նա կոնֆետներ և խաղալիքներ էր բերում երեխաներին և ամբողջ օրը խաղում նրանց հետ: Կարենը շուտով առողջացավ և սկսեց օգնել հայրիկին: Օրեցօր նրանց կյանքը բարելավվում էր: Նրանք ապրեցին երկար տարիներ իրենց հարազատ խրճիթում ` միմյանց օգնելով և աջակցելով:
Շահանե Առուշանյան
15 տարեկան
ք.Երևան, «Այբ» ավագ դպրոց