Ի՜նչ լավ ձյուն եկավ այս տարի: Իսկական ամանորյա հեքիաթ էր: Երանի ձյունը երբեք չվերջանա: Այդ դեպքում կարելի է ամեն շենքի բակում մի ձնեմարդ պատրաստել: Պատկերացնո՞ւմ եք` որքան ուրախ կլինի: Դուրս ես գալիս փողոց ու տեսնում լիքը ժպտացող ձյունե մարդուկների: Չէ, ձնեմարդը հաստատ ձմռան ամենալավ խաղալիքն է և նաև ամենամեծ խաղալիքը:
Իսկ գիտե՞ք, թե որ խելացի մարդն է առաջին անգամ ձնեմարդ պատրաստել: Պարզվում է` նա ոչ միայն խելացի, այլև շատ տաղանդավոր մարդ է եղել` աշխարհահռչակ քանդակագործ Միքելանջելոն (նրա մասին ես քեզ անպայման կպատմեմ, խոսք եմ տալիս` չեմ մոռանա): Իսկ առաջին ձնեմարդը հիմա կլիներ 500 տարեկան, եթե, իհարկե, չհալչեր:
Գիտե՞ք, ասում են` ձնեմարդը բարի հրեշտակ է: Կախարդական ձյունը իջնում է երկնքից ու բարի մարդուկ դառնում: Եթե նրան թաքուն պատմես քո երազանքը, երբ նա հալչի ու երկինք բարձրանա, քո երազանքն էլ իր հետ կտանի, ու այն անպայման կիրականանա:
Ձնեմարդը Ձմեռ պապիկի հեռավոր բարեկամն է ու նրա օգնականը, միայն թե բնակվում է մարդկանց մոտ, խաղում նրանց հետ ու պահպանում նրանց բնակարանները: Այդ պատճառով էլ մարդիկ հենց իրենց տան կողքին են ձնեմարդ պատրաստում: Նրա քթիկի փոխարեն գազար են դնում, գլխին էլ` շրջած դույլ, որովհետև, ասում են, թե դրանք շատ առատ տարի են խոստանում: Իսկ որպեսզի ոչ ձնեմարդը դրսում սառչի, ոչ էլ հանկարծ դուք հիվանդանաք այս տարի, պետք է նրան նաև տաք շարֆով փաթաթել կամ էլ նրա պարանոցից սխտոր կախել. այդպես մեծահասակներն են ասում:
Եվ հենց մեծահասակների խելքն էլ գնում է ձնեմարդ պատրաստելու համար (բա չգիտեի՞ք): Նրանք անգամ մրցույթներ են կազմակերպում, փորձում են պատրաստել ամենամեծ կամ ամենափոքր ձնեմարդը: Մինչև այսօր նրանց պատրաստած ամենամեծ ձնեմարդը ունեցել է 37 մետր 20 սանտիմետր հասակ` 11-հարկանի շենքից էլ բարձր, պատկերացնո՞ւմ եք: Իսկ ամենապստլո ձնեմարդը 5 անգամ նիհարիկ է մազի հաստությունից: Ի~նչ տարօրինակ մարդիկ են մեծահասակները…
Իսկ մենք եկեք պայմանավորվենք. հենց ձյուն տեղա, բոլորով միասին դուրս կվազենք ու մեր բակերում կպատրաստենք ձմեռային ամենալավ խաղալիքը: Ոչինչ, որ նա շատ մեծ չլինի, կարևորն այն է, որ նա լինի շատ բարի ու ժպտա: Հետո նրա գլխին մի պստլիկ դույլ կդնենք, կփաթաթենք նրան շարֆով ու մենք բոլորս միասին կշշնջանք մեր երազանքները…Կախարդական խաղալիք…
Անահիտ Ալեքսանյան