Այո, այս տարի մեզ մոտ իսկապես ձմեռը շատ «ցուրտը դուրս եկավ», չնայած այդքան սպասված ամանորյա ձյուն այդպես էլ չտեսանք: Ինչևէ, Նոր տարին արդեն սկսվել է` իր հետ բերելով նոր բողոքներ: Ոչ, չեմ շարունակելու բողոքել, բայց այս ցուրտ ձմեռն ինձ ստիպեց քչփորել շարֆի պատմությունը և անպայման ներկայացնել քեզ:
Բացի նրանից, որ այն մեզ միշտ պաշտպանում է ցրտից ու զանազան հիվանդություններից, պետք է խոստովանենք, որ մեր հագուստին նոր ոճ և տրամադրություն էլ է հաղորդում: Եվ մենք կարղ ենք ամռանն էլ շարֆ կրել` արհամարհելով անտանելի շոգը:
Պարզվեց, որ շարֆը գոյություն է ունեցել դեռ շատ հին ժամանակներից և 2000 տարվա պատմություն ունի (իմիջայլոց, այդ ժամանակ շարֆ անվանումը դեռևս գոյություն չուներ): Այն նախ հայտնվել է Հին Չինաստանում:
Բայց, պատկերացնու՞մ ես, այդ ժամանակ շարֆն իրենից ներկայացնում էր մի սովորական, հասարակ հյուսվածք` ծալված մի քանի անգամ, որն օգտագործում էին բացառապես զինվորները. չէ՞ որ նրանց անհրաժեշտ էր տաքացնել կոկորդը:
Հետո շարֆը հասել է Հռոմ, Ռումինիա, Խորվաթիա, Փարիզ… Լյուդովիկոս 14-րդին ցնցել էր այս նորարարությունը, և ինքն էլ դարձավ շարֆի մեծ սիրահար: Իսկ Պետրոս 1-ինի մտահղացմամբ շարֆն օգտագործվում էր սպաներին զինվորներից տարբերելու համար: Այսպես դարերով անցնելով` միայն վերջերս շարֆը սկսվեց ընկալվել այլ կերպ, սկսեցին կարվել շարֆեր տարբեր կտորներով, գույներով, երկարությունով և օգտագործվել արդեն որպես աքսեսուար: Կանայք նաև դրանք կապում էին գլխներին:
Մինչև հիմա էլ տարբեր ազգի ներկայացուցիչներ, այդ թվում և մեր տատիկները, շարֆը կրում են` ծածկելով իրենց գլուխները: Իսկ մենք` աղջիկներս չենք մոռանում կրել այն եկեղեցում:
Եվ այսպես շարֆի զարգացման պատմությունը ձգվում է մինչև մեր օրերը: Մեր սերունդը մի քիչ ավելի թիթիզ է, ինչն էլ հագուստի դիզայներներին ստիպում է ավելի հետաքրքիր ու նորաոճ գաղափարներ ունենալ: Այնպես որ, հիմա մայրիկներն այլևս կարիք չունեն մեզ ստիպել շարֆ կրել, մենք առանց ստիպելու էլ կրում ենք, միայն թե ոչ թե չմրսելու, այլ գեղեցիկ լինելու համար:
Բայց մայրիկների համար հաստատ ոչ մի տարբերություն չկա…
Անի Ավագյան