Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաջերմ և ուրախ տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day): Այսօր բոլոր մարդիկ ավելի գրկաբաց են դառնում ու պատրաստ են ուրախությամբ գրկել անգամ սովորական անցորդների, չէ՞ որ այնքան հեշտ է մի փոքր ջերմություն նվիրել. հարկավոր է միայն ցանկություն:
Այս տոնն առաջին անգամ պաշտոնապես ընդունվել է 1986 թվականին, իսկ հետո մեծ արագությամբ տարածվել է ամբողջ աշխարհով: Տոնի «կանոնադրությունը» թույլ է տալիս գրկել անգամ անծանոթներին. այսօր ոչ ոք այդ մարդուն խելագարի տեղ չի դնի:
Միայն ցավոք ոչ ոք չգիտի, թե ով է այս հրաշալի տոնի հեղինակը և թե ինչու է տոնը նշվում հենց հունվարի 21-ին: Ենթադրում են, որ տոնը «հորինել» են ուսանողները:
Հին լեգենդի համաձայն՝ գրկախառվելով մարդիկ միմյանց են փոխանցում իրենց հոգու ջերմությունը: Այս մտքի հետ անգամ հոգեբաններն են համաձայն: Գրկախառնվելով մենք մեզ զգում ենք ապահով ու սիրված: Գրկախառնվությունները մեզ ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում՝ ողջունելիս ու հրաժեշտ տալիս, ուրախանալիս ու հուզվելիս: Իսկ Գրկախառնությունների օրն էլ պարզապես հիշեցնում է այս փոքրիկ «ուրախության» կարևորության մասին:
Եվ ամենակարևորը, այս տոնը նշելու համար հարկավոր չէ գումար ծախսել կամ նվերներ գնել: Հարկավոր է միայն պինդ գրկել ու մի կտոր ջերմություն նվիրել այն բոլոր մարդկանց, ում սիրում եք:
Անահիտ Ալեքսանյան