ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՄՐՋՅՈՒՆՆԵՐ


8 shares


Մրջյուններն
աշխարհի ամենազարմանալի արարածներից են: Մրջյունների աշխարհում գործող հասարակական կարգը ամենից շատն է հիշեցնում մարդկային հասարակությունը: Եվ մրջնագիտության յուրաքանչյուր նոր բացահայտում ապացուցում է դա ևս մեկ անգամ: Դե ինչ, պարզենք թե ինչ գիտենք ու չգիտենք աշխարհի ամենաաշխատասեր միջատների մասին:

Մրջյունները ամենահին միջատներից են: Հնագետները հայտնաբերել են ավելի քան 100 միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ:

Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից:

Մրջյունները կարող են բարձրացնել իրենց քաշից 100 անգամ ավելի ծանր բեռներ:

Մրջյունները նաև երբեք չեն քնում:

Նրանք ամենակեր են. ինչ ասես որ չեն բերում նրանք իրենց մրջնանոց:

Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև 4 օր, իսկ երբ նրանց հանեն և տեղափոխեն չոր տեղ, որոշ ժամանակ անց նրանք կկենդանանան և իրենց կպահեն այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել:

Նրանք կարող են նաև ճզմված մնալ 1 կգ քաշով ապակիների միջև այնքան անշարժ, ասես չեն էլ շնչում: Բայց բավական է հեռացնել ծանրությունը և նրանք կրկին իրենց հրաշալի կզգան:

387606

Մրջյունների թագուհիների ողջ բան ու գործը ձվադրելն է: Ձվիկներին նրանք հետո չեն էլ մոտենում, դրանց մասին հոգում են աշխատավոր մրջյունները, պաշտպանում են հարձակումներից  ու նաև կերակրում: Այո, այո,  մրջյունների ձվերը սնվելու և աճելու հատկություն ունեն: Փոքրիկ ձվերը դեռ չեն պարունակում այնքան սննդարար նյութեր, որքան անհրաժեշտ է նոր մրջյունիկի լույս աշխարհ գալու համար: Այդ պատճառով էլ ձվիկների խնամակալները պարբերաբար լիզում են նրանց: Սննդարար նյութերը թափանցում են ձվերի մեջ և նրանք սկսում են մեծանալ:

Մրջյունները նաև շատ մաքրասեր են ու մաքրակենցաղ: Մրջնանոցներում կան հատուկ հավաքարար-մրջյուններ: Նրանց պարտականությունն է բնից դուրս տանել աղբն ու բոլոր անպետք բաները:

Յուրաքանչյուր մրջնանոց իր յուրահատուկ հոտն ունի: Հենց դրա շնորհիվ էլ մրջյուններն անմիջապես գլխի են ընկնում, երբ իրենց «օջախ» անծանոթ մրջյուն է մտնում:

Մրջյունները երկու ստամոքս ունեն: Մեկը իրենց «անձնական օգտագործման» համար, մյուսը՝ իրենց պաշարով մյուս մրջյունների հետ կիսվելու համար:

Մրջյունները ունեն պատժելու իրենց ձևերը: Եթե առողջ ու աշխատունակ մրջյունը մի քանի անգամ «գործից» վերադառնում է առանց պաշարի, նրան մահապատժի են ենթարկում: Բայց փոխարենը նրանք մեծ հոգատարությամբ են վերաբերվում և կերակրում են արդեն ծերացած ու աշխատելու անընդունակ մրջյուններին:

Պետք է իմանալ նաև, որ ոչ բոլոր մրջյուններն են աշխատասեր: Նրանց մեջ նաև ծույլիկներ են հանդիպում: Աշխատասերները կազմում են 80%-ը: Գիտնականները նաև հետաքրքիր մի փորձ են կատարել: Երկար ժամանակ հետևելով մի խումբ մրջյունների վարքին՝ նրանք առանձնացրել են աշխատասերների մի մասը: Առաջին խմբում իրավիճակն այս դեպքում էլ չի փոխվել: Ծույլիկներն այդպես էլ չեն սկսել աշխատել, իսկ աշխատասերները գործի են անցել կրկնակի եռանդով: Երևի թե կան նաև «ի ծնե» ծույլիկներ:

Եվ վերջում ասեմ, որ իր կյանքի ընթացքում ամեն մարդ «հանդիպում է» մեկ միլիոն մրջյունի: Այնպես որ, երբեմն ներքև նայեք ու ասեք. «Ողջույն, աշխատավոր ժողովուրդ»…


Like it? Share with your friends!

8 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։