ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ


1 share

Եթե տանը շնիկ կամ կատու ունես, երևի նկատել ես, որ երբեմն, երբ նրանց ինչ-որ բան ես ասում, խնդրում ես քո հողաթափիկները բերել կամ էլ բարևել ձեր տան հյուրերին, նրանք խելոք ենթարկվում են քեզ: Նրանք քեզ հասկանում են անգամ այն ժամանակ, երբ տխուր ես լինում: Մոտենում են, նստում կողքին ու քեզ նման տխրում, ու երբ նայում ես նրանց աչքերին, հասկանում ես, թե որքան խելացի են նրանք:

Դե իհարկե, նրանք դպրոց չեն հաճախում քեզ նման, բայց փոխարենը, նրանց կարելի է վարժեցնել ու սովորեցնել ամեն ինչ: Օրինակ, քո փիսիկին կարող ես սովորեցնել ինքնուրույն պետքարան գնալ, մի քանի փորձից հետո նա կընտելանա ու միշտ կհետևի կարգ ու կանոնին: Իսկ շներին էլ կարելի է հաշվել սովորեցնել մինչը հինգը, նրանք կարողանում են նաև  պարզ մաթեմատիկական հաշվարկներ անել և հասկանալ մինչև  250 բառ և ժեստ:

Smart-Rat-HD-animal-desktop-Wallpapers-2z31wj6ljpiuu7t142lrey

Իսկ գիտե՞ս, որ միայն շների ու կատուների նման, գուցե նրանցից էլ ավելի խելացի են առնետները: Եթե առնետներին վարժեցնեն, նրանք կարողանում են տարբերակել լեզուները և մարդկային ձայները: Առնետները նաև վրիժառու են. եթե վնասեք նրանց փոքրիկին, նրանք անպայման վրեժ կլուծեն: Իսկ երբ առնետները թակարդ են տեսնում, այնքան են ցնցում այն, մինչև թակարդի զսպանակը դուրս է թռչում, և այդ ժամանակ հանգիստ վայելում են թակարդի խայծը: Առնետները անմիջապես զգում են նաև, երբ ուտելիքը թունավորված է լինում, անգամ թաթիկներով ետ են պահում մյուս առնետներին ու զգուշացնում վտանգի մասին:

Շատ խելացի են համարվում նաև խոզերն ու ոչխարները: Խոզուկները ժամանակի հրաշալի զգացողություն ունեն ու րոպեների ճշտությամբ գիտեն, թե երբ է իրենց ճաշի ժամը: Իսկ ոչխարներն էլ հրաշալի հիշողություն ունեն և անսխալ հիշում են մարդկանց ու կենդանիների դեմքերը: Միայն թե նրանք շատ վախկոտ են, ահա թե ինչու մարդիկ նրանց երբեմն հիմար են համարում:

elephant-painting

Ամենախելացի կենդանիների ցուցակում իր պատվավոր տեղն ունի նաև աշխարհի ամենամեծ կաթնասունը՝ փիղը: Նա այնքան խելացի է, որ կարող է ճանաչել ինքն իրեն հայելու մեջ: Փղերը նույնպես շատ լավ հիշողություն ունեն, դա հարկավոր է թշնամիներին ու բարեկամներին տարբերելու համար: Եվ եթե մեկը հայտնվի իր թշնամիների ցուցակում, ապա փիղը այլևս երբեք նրան չի վստահի: Մայրիկ փղերը նաև չափազանց հոգատար են ոչ միայն իրենց բալիկների, այլև ամուսինների հանդեպ: Իսկ միմյանց հետ փղերը հաղորդակցվում են շատ խուլ մի ձայնով ու իրենց յուրահատուկ մաշկի միջոցով կարողանում են հասկանալ, թե ինչ է ասում իրենց ընկեր փիղը: Փղերը նաև շատ բարի են ու բնական աղետների ժամանակ օգնության են հասնում մարդկանց:

maxresdefault (11)

Շատ խելացի են ոչ միայն կաթնասունները, այլև թռչունները. Օրինակ՝ թութակները կարողանում են կտուցով բռնել թելն ու ասեղը ու կար անել, իսկ ագռավները իրենց ուզածին կարողանում են հասնել ամեն գնով: Օրինակ, եթե ընկույզը չեն կարողանում կոտրել, բարձրացնում են այն իրենց հետ մինչև ծառի վերին ճյուղը ու ներքև նետում այնքան անգամ, մինչև որ կոտրվի: Ագռավները նաև ճանաչված գողեր են ու թռցնում են համարյա ամեն ինչ և զարդարում իրենց բույնը ձեռք բերած գողոնով:

Խելացի կենդանիներ նաև ծովում են ապրում: Ութոտնուկներն, օրինակ, ոչ միայն ֆուտբոլային խաղերի արդյունքն են կարողանում գուշակել, այլև տարբերում են մարդկանց դեմքերը, ճանաչում են երկրաչափական պատկերները: Ծով թափված անպետք իրերից իրենց համար շատ ինքնատիպ բնակարաններ են կառուցում, իսկ հետապնդող թշնամիներից էլ հրաշալիորեն խուսափում են՝ փոխելով իրենց ողջ գունավորումը մեկ վայրկյանից ավելի քիչ ժամանակահատվածում:

Դելֆիններն էլ այնքան խելացի են, որքան և հմայիչ: Նրանց կարելի է սովորեցնել փրկել խեղդվող մարդկանց, հետազոտել ծովի հատակը ու հայտնաբերել խորտակված նավեր: Դելֆինները նաև ունեն իրենց հատուկ հաղորդակցման լեզուն՝ ուլտրաձայնը:

1920x1080_smart_monkey-401614

Դե իսկ ամենախելացի կենդանիները, իհարկե, կապիկներն են, իսկ նրանցից խելացին էլ շիմպանզեն է: Պատկերացնո՞ւմ ես, նրանք անգամ համակարգչից են գլուխ հանում: Եթե նրանց վարժեցնեն, նրանք կկարողանան հաշվել, խոսել խուլ ու համրերի լեզվով և ինքնուրույն հագնվել:

Այնպես որ, միայն մարդիկ չեն խելացի, մեր չորքոտանի, փետրավոր ու պոչավոր բարեկամները գրեթե չեն զիջում մեզ և հրաշալի ընկերներ ու «զրուցակիցներ» կարող են լինել մեզ համար:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։