ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Մեզ շրջապատող աշխարհն ախր շա՜տ բազմազան է: Եվ կարծում եմ մեր առաքելություններից մեկն էլ այդ աշխարհի բաղադրիչների ուսումնասիրութունն է: Հերթը հասավ անձեռոցիկների մասին խոսելուն. դրանք օրվա մեջ շատ հաճախ ենք օգտագործում և անարդար կլիներ նրանց պատմությանը չանդրադառնալ:

 

sick-childՊարզվում է, որ ժամանակակից անձեռոցիկների նախատիպը թզենու տերևներն են եղել, որոնք դեռևս 3500 տարի առաջ օգտագործվել են ստրուկների կողմից. նրանք ճաշկերույթից հետո դրանցով սրբում էին իրենց տերերի շրթունքները:

Իսկ սեղանի անձեռոցիկները, ասում են, որ ստեղծել են հին հռոմեացիները` չնայած նրանք այդ անձեռոցիկները պատրաստում էին ասբեստի մանրաթելից: Դրանք այնքան թանկ արժեին, որ դրանից կարողանում էին միայն օգտվել ազնվականները: Այդ անձեռոցիկներն օգտագործելուց հետո գցում էին կրակի մեջ:

Կտորից անձեռոցիկները ևս ծնվել են Հին Հռոմում: Դրանք անվանական էին, այսինքն` նրանց վրա ձեռագործում էին  մարդկանց անունների առաջին տառերը: Այն ժամանակ դրանք ավելի մեծ էին և կարելի է ասել նույնիսկ ավելի օրիգինալ` տարբեր գույներով և հետաքրքիր նախշերով:

Միջին դարերում անձեռոցիկի տեսակները սկսեցին շատանալ, զարգանալ ու տարածվել ամբողջ Եվրոպայում: Եվ պատկերացնու՞մ ես` այդ անձեռոցիկներն օգտագործում էին ոչ թե չքնաղ օրիորդներն ու տիկինները, այլ` կոպիտ և  մորուքավոր տղամարդիկ, ովքեր ճաշից հետո սրբում էին իրենց աղտոտված դեմքը: Ահա թե ինչու Անգլիայում, երբ տղամարդիկ արդեն սկսեցին սափրվել, անձեռոցիկներն ավելի քիչ սկսեցին օգտագործվել:

Benimm_

Ռուսաստանում, օրինակ, Պետրոս Առաջինի շնորհիվ է անձեռոցիկը հայտնի դարձել և տարածում գտել: Նրա օրոք անգամ սկսեցին ողջույնի փոխարեն օգտագործել հետևյալ արտահայտությունը. «Салфет Вашей милости!» («Անձեռոցիկ, Ձե՛րդ պայծառափայլություն»):

Թղթե անձեռոցիկները մեր օրերում է, որ տարածված են և մենք անձեռոցիկ ասելով, հաճախ հենց դա էլ հասկանում ենք: Այսօր  անձեռոցիկները նույնիսկ դառնում են նաև արվեստի գլուխգործոցներ:

Դե ինչ, ուրեմն շնորհակալություն հռոմեացիներին նման անհրաժեշտ իր ստեղծելու համար:

Հ.Գ. Իմ սիրելի մոծակասեր ընթերցող, եթե ցանկություն ունես ինչ-որ այլ իրի պատմության մասին տեղեկություններ ստանալու, մոծաբանության մեջ նշիր, հաջորդ պատմությունը հենց այդ իրի մասին կլինի:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։