ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՈՒՂՏԵՐԸ


Աշխարհում կան բազմաթիվ գեղեցիկ կենդանիներ, բազմաթիվ ուժեղ կենդանիներ, մեծ ու փոքր կենդանիներ, և այս բոլորի մեջ առանձնանում են տարօրինակ ու ինքնատիպ կենդանիները: Նայում ես նրանց ու մտածում. «Բայց ինչո՞ւ են նրանք այսպիսին, ո՞ւմ մտքով է անցել այսպիսի տեսք հաղորդել նրանց»:

Պարզվում է՝ նրանք բոլորովին էլ դժգոհ չեն իրենց արտաքինից, նրանցից ոմանք էլ կարող են այնպես պաշտպանել իրենց իրավունքները, որ երբ փորձես նրանց «հոգու հետ խաղալ», կպատասխանեն, ինչպես որ հարկն է: Այստեղ արդեն բոլորը հասկացան. խոսքն, իհարկե, ուղտերի մասին է:

camel_closeup Սկսենք ամենասկզբից, ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Բա, կան մարդիկ, ոքեր կարծում են, որ ուղտն իրոք չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից 200 լիտր ջուր խմել:

6001320358_fd8ccedf93_b

Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Kid Posing with his Camel in the Desert web 1000 n 72

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ:

Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

Saqqara, Cairo, Egypt -- A policeman's camel awaits his rider. (C) Rick Collier / RickCollier.com. travel; vacation; tour; tourism; tourist; destination; Egypt; Cairo; Saqqara; local; sights; camel; police; desert

Իսկ գիտե՞ք, որ Հյուսիսային Աֆրիկայում ուղտը համարվում է սուրբ կենդանի: Ուղտը նաև պատկերված է Չելյաբինսկի շրջանի դրոշի վրա, թեև այնտեղ ոչ մի ուղտ էլ չկա: Պատճառն այն է, որ շատ տարիներ առաջ, այստեղով անցել են վաճառականների ուղտերի քարավանները և ապահովել քաղաքի բնակիչների հիմնական եկամուտը:

Ուղտերը հրաշալի կարողանում են դիմանալ անապատներում ու մյուս չորային վայրերում: Նրանք կարող են կտրել-անցնել ողջ անապատը՝ իրենց սապատների վրա կրելով հսկայական ծանրության իրեր և ուղևորների: Նրանք շատ ավելի օգտակար են, քան բեռնատար մեքենաները, որովհետև մարդկանց համար նաև հագուստ և ուտելիք են ապահովում: Ուղտերը բեկումնային դեր են ունեցել քաղաքակրթության պատմության մեջ և օգնել մարդկանց գոյատևել ծայրահեղ դժվար պայմաններում: Դարեր շարունակ ուղտերը եղել են մարդկանց լավագույն օգնականները, այսօր էլ շարունակում են զարմացնել ու հիացնել բոլորին, իսկ այն ամենը, ինչ պահանջվում է մեզնից որպես երախտագիտություն, նրանց չբարկացնելն է: Չէ՞ որ տուժողը այս դեպքում, միևնույն է, մենք ենք լինելու…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։