Քեզ հետ էլ է, չէ՞ պատահել այնպես, որ հանկարծ նկատել ես, որ քեզ հետ խոսում են, զարմացած ասել ես՝ «ի՞նչ», և պարզվել է` այդ մարդը արդեն երկար ժամանակ է փորձում է քեզ ինչ-որ բան ասել: Այո՛, մեղավորն ականջակալն է: Մեր օրերում շատ դժվար է պատկերացնել կյանքն առանց ականջակալների: Դրանք մեզ օգնում են լի՜քը մարդկանց մեջ առանձնանալ, իսկ առանձնացած ժամանակ միայնակ չզգալ: Ու հիմա ժամանակն է ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր ստեղծել են այս հրաշքը:
Եթե քեզ էլ է թվում, թե ականջակալներն օգտագործվել են անգամ «քարե դարում», ապա ասեմ, որ ո՛չ, դրանք ստեղծվել են ընդամենը 1958 թվականին: Իրենց գյուտն այդ ժամանակ ներկայացրին Ջոն Կոսսը և Մարտին Լանգոմը: Առաջին ականջակալները ստեղծվեցին օդագնացության համար և դարձան իսկական հիթ: Առաջին ստերեո-ականջակալներն անվանվեցին SP-3:
Ջոն Կոսսի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք վայելել երաժշտությունը բոլորից առանձին: Սակայն, խորամանկ ճապոնացիները մեծ հաջողությունը կանխազգալով` շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեցին ավելի զարգացած ականջակալներ ` հիմնվելով Կոսսի ստեղծածի վրա: Բանն այն է, որ «ԿՈՍՍ» ընկերության արտադրած ականջակալները շա՜տ մեծ էին և անհարմար, իսկ ճապոնացիներն ուղղեցին դա մի քանի ամսում:
Հետագա տարիներին ականջակալները գնալով կատարելագործվեցին, սակայն թերությունները դեռ շատ էին: Ավելի գեղեցիկ ականջակալները ստեղծվեցին 1980-ին, երբ լույս աշխարհ եկան փոքրիկ խաղարկիչները (փլեյեր): Իսկ 90-ականներին վերջապես ստեղծվեցին մեզ լավ ծանոթ ականջակալները` փոքրիկ և հարմարավետ:
Մեր օրերում ականջակալները սկսել են օգտագործել նաև ոչ միայն երաժշտություն լսելու համար… Դե, դու ինձ հաստատ հասկացար: Ուսուցիչներն այնքան ուշադիր են դարձել ծածկաթերթերի նկատմամբ, որ երեխաներին մնում էր ինչ-որ ուրիշ բան մտածել և մտածեցին… Բայց փոխարենը շատ ավելի հեշտ է և պատվաբեր սովորելը, չէ՞:
Լավ, մի փոքրիկ խորհուրդ էլ ու վերջ. ժամանակակից ականջակալները մի փոքր վտանգավոր են: Շատ բարձր երաժշտություն լսելու դեպքում ականջի թմբկաթաղանթը կարող է վնասվել, այնպես որ ուշադիր եղիր:
Անի Ավագյան