«Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն»:
Փոքրիկ Իշխան
1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնյան մի բնակարանում լույս աշխարհ եկավ սովորական մի փոքրիկ: Նրան կոչեցին Չարլզ Սպենսեր Չապլին: Փոքրիկի ծնողները՝ Լիլի Հարլին և Չարլզ Չապլինը դերասաններ էին և ծանոթացել էին միևնույն ներկայացման մեջ խաղալիս: Դերասան ծնողների պես փոքրիկ Չարլին էլ բեմ բարձրացավ, երբ ընդամենը 5 տարեկան էր: Ծնողներին, սակայն, նա շատ վաղ կորցրեց: Հայրը, որ հրաշալի երգում էր, կորցրեց ձայնն ու վշտից սկսեց խմել: Նա մահացավ, երբ Չարլին փոքրիկ երեխա էր: Միայնակ մնացած մայրը, չդիմանալով ծանր բեռին, խելագարվեց երկու տարի անց: Չարլին քաղցած ու միայնակ մանկություն ունեցավ, սակայն դժվարությունները նրան ավելի ուժեղ դարձրին:
Շուտով Չարլին լավ պարողի համբավ ձեռք բերեց թատրոնում և փոքրիկ աշխատանք ստացավ: Նա սկսեց նաև ջութակ նվագել և օրական մինչև 16 ժամ պարապում էր: Շուտով հաջողությունը Չարլիին էլ ժպտաց և այդուհետ սկսեց ուղեկցել նրան: Սակայն Չարլին չէր դադարում աշխատել իր վրա: Եվ շուտով նրա տաղանդը նկատեցին հանարահայտ ռեժիսորներ: Նա ստեղծեց «թափառաշրջիկ Չարլիի» կերպարը, որը մինչև այսօր կինոյի ամենահայտնի կերպարներից մեկն է: «Թափառաշրջիկ Չարլին» նկարահանվեց շուրջ մեկ տասնյակ ֆիլմերում, իսկ հետո Չապլինը նաև ռեժիսոր դարձավ: Նա հանդես էր գալիս և որպես ֆիլմի ռեժիսոր, և որպես դերասան: Չարլի Չապլինը լավագույն կատակերգակ դերասանը և համր ֆիլմերի արքան դարձավ ամբողջ աշխարհում:
Չապլինի համբավն այնքան մեծ էր, որ անգամ կազմակերպվում էին Չարլի Չապլինի նմանակման մրցույթներ: Մի անգամ Չապլինն ինքը մասնակցեց այդպիսի մրցույթի: Սակայն ժյուրին նրան անգամ եզրափակիչ չանցկացրեց:
Կինոյի պատմության մեջ հայտնի չէ մեկ այլ անուն, որ Չապլինի պես երկար համարվի լավագույնը լավագույնների մեջ: Չապլինի տաղանդն ու արտիստիզմը մնում են անգերազանցելի, իսկ նրա հմայիչ ու ամաչկոտ ժպիտը մեկ անգամ տեսնելուց հետո չի կարող մոռանալ ոչ մի կինոդիտող…
Անահիտ Ալեքսանյան