Մուլտֆիլմի փոքրիկ հերոսները ուրախ զվարճալի ձայներով են խոսում: Իրականում ոչ թե նրանք են խոսում, այլ ինչ-որ մեկը, որ թաքնվել է էկրանի մյուս կողմում, խոսում է նրանց փոխարեն: Այդ ինչ-որ մեկին կոչում են հնչյունավորող: Իրական կյանքում հնչյունավորողը այդպես չի խոսում, բայց նմանեցնում է իր ձայնը, կարողանում է փոփոխել այն, և մեզ էլ թվում է, թե նապաստակին, մկնիկին կամ մեկ այլ հերոսի ենք լսում: Իսկ երբեմն հնչյունավորողը մկնիկի ձայնով է խոսում նաև իրական կյանքում: Այդպես շատ հազվադեպ է պատահում, և պատահեց հենց Կլարա Ռումյանովայի հետ: Ուզում ես իմանալ, թե ով է Կլարա Ռումյանովան: Ծանոթացիր. Կլարա Ռումյանովա ՝ նույն ինքը Չեբուրաշկա, Մանչուկը, «Դե սպասիր»-ի նապաստակը, Վասիլիսան, Մամոնտիկը, որ փնտրում էր իր մայրիկին, Անգետիկի ընկերուհի Երիցուկը և շատ այլ մուլտհերոսներ: Նրանց բոլորի փոխարեն խոսում է Կլարա Ռումյանովան:
Երբ Կլարան դեռ երեխա էր, նրա ձայնը շատ ցածր էր (ցածր համարվում են տղամարդկանց ձայները, իսկ բարձր` երեխաների և կանանց ձայները): Կլարան երգում էր և համերգային շրջագայություններից մեկի ժամանակ, երբ արդեն ուսանող էր, շատ ուժեղ հիվանդացավ թոքաբորբով: Հիվանդության պատճառով նա կորցրեց ձայնը: Բժիշկները նրան կես տարի արգելեցին խոսել: Եվ երբ կես տարին անցավ ու Կլարային թույլ տվեցին խոսել, բոլորը զարմանքից քարացել էին. նա խոսում էր մուլտֆիլմերի մանկական ձայնով: Մեծական երգեր Կլարա Ռումյանովան այլևս չերգեց, բայց փոխարենը երգեց շատ մանկական երգեր և սկսեց մուլտֆիլմեր հնչյունավորել: Նա հնչյունավորել ավելի քան 150 մուլտֆիլմ: Նրա ձայնով են խոսում մեզ սիրելի ու հարազատ գրեթե բոլոր մուլտհերոսները… Կլարա Ռումյանովայի ձայնը ասես կախարդական լինի` բարի, միամիտ ու անկեղծ, և շատերը սիրում են այս բոլոր մուլտֆիլմերը հենց այդ ձայնի շնորհիվ…
Անահիտ Ալեքսանյան