Աբովյան փողոցում զբոսնելիս երևի հանդիպել ես մի ծերունու արձանի: Ցնցոտիների մեջ կծկված նա ծաղիկ է մեկնում անցորդներին: Զարմանալի է, բայց պարզվում է, որ արձանից էլ բարություն ու քնքշություն կարող է ճառագել: Իսկ պատճառն այն է, որ այդ ծաղկավաճառ պապիկը ինքը բարությունն է եղել. նա սիրում էր բոլոր-բոլորին ու ամեն առավոտ թարմ ծաղիկներով բարի լույս էր մաղթում իր քաղաքին: Եվ քաղաքն էլ նրան էր սիրում ու չէր կարող իր կյանքը պատկերացնել առանց այդ ծերունու: Ծաղկավաճառ ծերունուն կոչում էին Կարաբալա…
Կարաբալան վաղուց է մահացել, բայց նրա մասին լեգենդը դեռ շրջում է քաղաքում: Տեսնենք, թե ինչ է պատմում այն: Կարաբալա նշանակում է «սև տղա», սակայն իրականում ծաղկավաճառի անունը Ստեփան Հարությունյան է եղել: Նա ծնվել էր 20-րդ դարի սկզբին, սակայն ոչ ոք չգիտեր նրա ծննդյան ստույգ թվականը: Կարաբալայի ընտանիքը եղել էր հարուստ, սակայն Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո կորցրել էր ամեն ինչ, ձերբակալվել: Ձերբակալության տարիներին նրան լքել էր կինը և արգելել հանդիպել որդուն: Դժբախտ ու միայնակ Կարաբալան այլևս ոչ ոք չուներ և փողոց էր դուրս գալիս իր սրտում ամփոփված մե՜ծ, շա՜տ մեծ սերը նվիրելու սովորական անցորդներին:
Օրը երկու անգամ` վաղ առավոտյան ու երեկոյան նա հայտնվում էր Աբովյան փողոցում՝ ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Եվ քաղաքը լցվում էր երփներանգ ծաղիկներով, դառնում ավելի լուսավոր ու պայծառ: Բարձրահասակ, նիհար Կարաբալան ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջ ձեռքով առաջ էր պարզում մի հատիկ վարդը: Նա կարող էր ծաղիկը պարզապես նվիրել մի գեղեցիկ աղջկա, մի բարեհամբույր կնոջ կամ որևէ ծանոթի, ով այդ պահին կշահեր իր համակրանքը: Ու նրա ծաղիկները մուտք էին գործում մարդկանց բնակարաններ, ժպտում էին ծաղկամանների միջից ու սեր ու բարություն սփռում իրենց շուրջը: Կարաբալան վարդեր էր սիրում վաճառել, թեև պատմում էին, որ առաջին ձնծաղիկները նրա ձեռքով էին քաղաք մտնում դեռ այն ժամանակ, երբ Երևանում ձյունը հալված չէր լինում:
Համաձայն լեգենդի` Կարաբալան վախճանվել է հենց փողոցում: Ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվը նույնպես անհայտ է: Զարմանալի կյանք ապրեց Կարաբալան, որ անհայտ սկիզբ ու անհայտ ավարտ ունեցավ: Նրա կյանքը լի էր տխրությամբ, բայց նա մարդկանց ուրախություն էր բաժանում ու սեր: Նրա հիշատակն ապրեց ավելի երկար, քան ինքը ծաղկավաճառը: Կարաբալան դարձավ անշահախնդիր բարության խորհրդանիշ: Նրա մասին բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր գրվեցին, նրա կերպարը մարմնավորեցին անգամ ֆիլմում: Իսկ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի շնորհիվ Երևանն այսուհետև երբեք չի բաժանվի Կարաբալայից: 1995 թվականին քանդակագործի հրաշալի աշխատանքը տեղադրվեց Կարաբալայի սիրելի Աբովյան փողոցում, այնուհետև տեղափոխվեց Տերյան փողոց: Վերջերս Կարաբալայի արձանը կրկին տեղափոխեցին Աբովյան փողոց, սակայն տեղադրեցին կրկին անհարիր տեղում: Սակայն որտեղ էլ որ գտնվի բարի ծերուկի արձանը, միշտ իր շուրջը զարմանալի աշխարհ է ստեղծում: Կարաբալային նայելիս մարդիկ ավելի բարի են դառնում, ակամայից ժպտում ու մի կտոր ջերմություն իրենց հետ վերցնելով՝ շարունակում են ճանապարհը:
Իսկ դու, վստահ եմ, մյուս անգամ Կարաբալային հանդիպելիս արդեն այլ կերպ նրան կնայես, չէ՞ որ հիմա դու գիտես, որ արտաքուստ խեղճ ու փոքրիկ այս ծերունու մարմնում աշխարհի ամենաբարի սիրտն էր դրված: Փորձենք ամեն մեկս մի քիչ Կարաբալա լինել, մեր քաղաքին հիմա դա ամենից շատ է հարկավոր…
Անահիտ Ալեքսանյան