Շատ տարիներ առաջ մառախլապատ Ֆյուն կղզու վրա գտնվող Օդենսե քաղաքում լույս աշխարհ եկավ մի փոքրիկ տղա: Նրան շատ գեղեցիկ չէիր անվանի. տղան երկար քիթ ուներ, փոքրիկ աչքեր, իսկ դեմքի արտահայտությունն այնքան տխուր էր, ասես նա գիտեր ինչ-որ մի բան աշխարհի մասին, որ դեռ ոչ ոքի հայտնի չէր: Տղայի ծնողները բոլորովին հարուստ չէին և ոչինչ չէին կարող տալ իրենց զավակին բացի անսահման սիրուց և «սեն» վերջածանցով ավարտվող ազգանունից՝ Անդերսեն: Այդ վերջածանցը մատնանշում էր տղայի ցածր ծագումը: Մանուկ Անդերսենին շատերն էին ծաղրում ազզգանվան համար ու ասում. «Նրանցից, ում ազգանունն ավարտվում է «սեն»-ով, դժվար թե մի կարգին բան դուրս գա»: Նրանց մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ փոքրիկը մի օր իսկական արքա է դառնալու, հեքիաթի արքա…
Օդենսե քաղաքը հեքիաթային փայտե սնդուկի էր նման: Այստեղ հրաշալի քանդակագործներ ու փորագրիչներ էին բնակվում, և յուրաքանչյուր տուն զարդարված էր զարմանալի փորագրություններով ու պատկերներով: Փորագրիչ էր նաև Հանս Քրիստիան Անդերսենի պապիկը: Նա զարմանալի փայտե արարածներ էր քանդակում ու նվիրում փոքրիկ երեխաներին: Երեխաները նրան պաշտում էին, իսկ մեծահասկաները նրան համարում էին կամ խելագար, կամ էլ կախարդ: Փոքրիկ Անդերսենը ուշադրությամբ զննում էր անգամ ամենափոքրիկ փորագրությունները և զարմանալի պատմություններ հորինում դրանց մասին:
Անդերսենի հայրիկը կոշկակար էր, մայրը՝ լվացարարուհի: Իրենց տղային նրանք թողնում էին ազատ շրջել քաղաքում և երբեք չէին պատժում: Անդերսենը թափառում էր քաղաքի փողոցներում, ժամերով նստում խլուրդի փորած փոսի առջև ու սպասում մինչև նա կրկին դուրս գա: Ապա ականջ էր դնում ջրաղացի ձայներին. նա հավատում էր, որ ջրաղացի տակ գաղտնի ճանապարհ կա, որ տանում է դեպի Չինաստան, և սպասում էր, որ հանկարծ ինչ-որ հրաշքով դուրս կգան փոքրիկ չինացիները՝ զվարճալի խալաթներով, ու կսկսեն վազվզել այս ու այն կողմ: Անդերսենը հավատում ու սպասում էր հրաշքների:
Մի անգամ Անդերսնի մայրիկը կարողացավ նրա համար թատրոնի տոմս գնել: Այս իրադարձությունը հեղաշրջեց Անդերսենի կյանքը: Թատրոնը դարձավ նրա կյանքի մեծագույն երազանքը: Ներկայացումից տուն դառնալով՝ նա հորինեց իր առաջին պիեսը: Ապա սկսեց փոքրիկ ներկայացումներ բեմադրել իր տիկնիկներով: Իսկ ներկայացումների միակ հանդիսատեսը Կառլ անունով կատուն էր, որը սակայն շատ հաճախ քնում էր ներկայացման կեսից: Այս բեմադրություններից շատերը հետագայում նաև նյութ դարձան Անդերսենի հեքիաթների համար:
Սակայն շուտով Անդերսենի հորը պատերազմ զորակոչեցին, և ընտանիքը մնաց աղքատության մեջ: Անդերսենն արդեն թատրոն չէր կարող հաճախել և բավարարվում էր միայն թատրոնների ներկայացումների պաստառները դիտելով, իսկ սյուժեն վերստեղծում էր իր երևակայության մեջ: Նա այնքան գեղեցիկ զգեստներ էր կարում իր տիկնիկների համար, որ մայրը նրան խորհուրդ տվեց դերձակ դառնալ, չէ՞ որ դերձակները միշտ փող ունեն: Բայց Անդերսենը երազում էր դերասան դառնալու մասին:
Պատերազմից հայրը վերադարձավ վիրավորված և կարճ ժամանակ անց մահացավ: Անդերսենը այդ ժամանակ 16 տարեկան էր: Մի քանի կոպեկ գրպանում զնգզնգացնելով՝ նա ճանապարհ ընկավ Կոպենհագեն՝ դերասան դառնալու համար: Իր ողջ քաջությունը հավաքելով՝ մի հայտնի դերասանուհու խնդրեց գնահատել իր կարողությունները: Թեև Անդերսենի մեջ դերասանական տաղանդ դերասանուհին չնկատեց, բայց օգնեց նրան ընդունվել Կոպենհագենի լավագույն քոլեջը: Հարուստ դասընկերները ծաղրում էին Անդերսենին. «Ես ինձ խեղդվող շան դերում էի զգում, որի վրա չար երեխաները քարեր են նետում», – հիշում էր Անդերսենը: Սակայն նա այդպես էլ չչարացավ, իսկ վիարվորանքներից ու ստորացումներից ծնվեց Անդերսենի լավագույն հեքիաթներից մեկը՝ «Անճոռնի ճուտիկը»:
Շուտով Անդերսենն ավարտեց քոլեջը, հետո՝ համալսարանը: Սկսեց գրքեր հրատարակել: Շատերն էին քննադատում նրան՝ մատնանշելով նրա ստոր ծագումը: Մի անգամ մի հանրահայտ քննադատ ընթրիքի ժամանակ մեծագույն բարկությամբ քննադատում էր Անդերսենի բանաստեղծությունները: Երբ նա ավարտեց, տան տերերի փոքրիկ աղջիկը նրան մեկնեց Անդերսենի գիրքը՝ ասելով. «Այստեղ կար նաև «և» բառը. Դուք բաց թողեցիք այն ու մոռացաք քննադատել»: Քննադատը կարմրեց՝ չիմանալով ինչ ասել, իսկ Անդերսենը մի լավ ծիծաղեց: Իր առաջին վաստակած գումարներով Անդերսենը ճանապարհորդեց ու ծանոթացավ հանրահայտ գրողների ու արվեստագետների հետ: Նրանք բոլորը հիանում էին և խոնարհվում Անդերսենի հեքիաթային տաղանդի առջև: Ի վերջո, Անդերսենի հայրենիք Դանիան էլ ընդունեց հեքիաթագրի մեծությունն ու անգամ նրա կենդանության օրոք արձան կանգնեցրեց նրա պատվին:
Այսօր առանց Անդերսենի հեքիաթների անհնար է պատկերացնել մեր մանկությունը: Նրա անունը մաքուր, հեքիաթային աշխարհի խորհրդանիշն է: Անդերսենի անունն է կրում նաև ողջ աշխարհում լավագույն մանկական գրքերի համար շնորհվող ամենաբարձր մրցանակը: Չնայած իրեն բաժին հասած բոլոր դժվարություններին՝ Անդերսենը շարունակում էր կրկնել. «Իմ կյանքն իսկական հեքիաթ է՝ հրաշալի, իրադարձություններով հարուստ: Եթե նույնիսկ այն ժամանակ, երբ ես աղքատ, անօգնական փոքրիկ երեխա էի ու շրջում էի աշխարհում, հայտնվեր մի բարի կախարդ ու ասեր՝ «Ընտրիր քո կյանքի ճանապարհը ու նպատակը, և ես ողջ կյանքում քեզ կուղղորդեմ ու կկատարեմ երազանքներդ», նույնսիկ այդ ժամանակ, իմ կյանքը չէր կարող լինել ավելի հրաշալի, երջանիկ ու գիտակից, որքան հիմա է…»:
Անահիտ Ալեքսանյան