Մայիսյան ամենահետաքրքիր տոների թվին է դասվում նաև թանգարանների միջազգային օրը: Այս տոնը ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 18–ին: Այն օրացույցում հայտնվել է 1977թ.-ին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի հերթական նիստի ժամանակ ընդունվեց ռուսական կազմակերպության առաջարկը այդ մշակութային տոնի վերաբերյալ: Եվ 1978թ.-ից սկսած Թանգարանների միջազգային օրը սկսեց նշվել ավելի քան 150 երկրներում, որոնցից մեկն էլ Հայաստանն է:
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ բոլոր երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ՝ Հայաստանում, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: Դրանցից մեկն էլ «Թանգարանային գիշերն» է, որի շրջանակներում հանրապետության թանգարանները յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով ողջ գիշեր ներկայանում են այցելուներին:
Թանգարաններ մեզ մոտ շատ կան՝ «Պատմության թանգարան», «Բնապահպանության թանգարան» «Ժամանակակից արվեստի թանգարան»… Այս տոնը հնարավորություն է և լավ առիթ այցելելու այն թանգարանները, որտեղ դեռ չեք եղել, այնպես որ շտապեք արվեստի հետ ծանոթանալու և գեղագիտական հաճույք ստանալու:
Այս օրը նաև թանգարանի աշխատակիցների տոնն է, շնորհավո՜ր:
Տիգրանուհի Թասլակյան