Եղնիկները հնուց ի վեր խորհրդանշել են ազնվականություն և բարություն, գեղեցկություն և մաքրություն: Շատ ժողովուրդներ են եղնիկներին դարձրել իրենց առասպելների ու հեքիաթների հերոս, իսկ աշխարհի լավագույն մուլտիպլիկատորների շնորհիվ նրանք հայտնվում են նաև մեր սիրելի մուլտֆիլմերում:
Եղնիկները կամ եղջերուները ապրում են գրեթե ամենուր՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Նրանք բնակություն են հաստատել նաև Հայաստանի անտառներում: Հանդիպում են տարբեր չափերի եղնիկներ ՝ նապաստակի մեծությունից մինչև ձիու չափերի: Եղնիկները բուսակեր են, սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով ու քարաքոսերով: Եվ, ի դեպ, նրանք շատ են սիրում նաև բանան ուտել: Իսկ ձմռանը ստիպված են լինում կերը փնտրել և փորելով հանել ձյան տակից:
Աշնանը եղջերուների մորթին հաստանում է, որպեսզի նրանք ձմռանը չմրսեն: Կճղակները նույնպես փոփոխվում են տարվա եղանակներին համապատասխան: Ձմռանը դրանց ծայրերն ավելի արտահայտված են դառնում, որպեսզի մխրճվեն ձյան մեջ և թույլ չտան եղջերուներին սահել սառույցի վրա: Ձմռանը կճղակները նաև օգնում են եղջերուներին փորել ձյունը ուտելիք գտնելու համար:
Փոքրիկ եղնիկները ծնվում են մարմնի վրա պուտերով, որոնք ժամանակի ընթացքում անհետանում են: Ծնվելուց ընդամենը 90 րոպե հետո եղնիկները կարող են աշխատել, իսկ ի քանի ժամ անց կարող են արդեն հաղթահարել մի քանի կիլոմետր տարածք: Երկար ժամանակ ձագերը ապրում են իրենց մայրիկների հետ և միայն մեծանալուց հետո են լքում իրենց հոտը:
Հյուսիսային եղջերուներից թե էգերը, թե արուները ունեն եղջյուրներ, արուների եղջյուրները, սակայն, ձմռան սկզբին ընկնում են, իսկ էգերինը՝ շատ ավելի ուշ: Ստացվում է, որ Սանտա Կլաուսին ամենայն հավանականությամբ տեղափոխում են էգ եղջերուները:
Եղջյուրների ճյուղերից կարելի է որոշել նաև եղջերուների տարիքը: Եղջյուրներ չունեն միայն ջրային եղնիկները, բայց փոխարենը նրանք փոքրիկ ժանիքներ ունեն, որոնք նրանց համար եղջյուրների պես պաշտպանիչ դեր են կատարում:
Իսկ ընկած եղջյուրները դառնում են կեր կրծողների և այլ կենդանիների համար, քանի որ դրանք կալցիումի և հանքային նյութերի հրաշալի աղբյուր են:
Եղջերվի կաթը ամենաօգտակար կաթն է բոլոր կաթնասունների շրջանում: Այն պարունակում է 22% կաթի յուղ և 10% սպիտակուց, մինչդեռ կովի կաթի յուղն ընդմաենը 3-4% է:
Հյուսիսի բնակիչները էջ եղջերուներին կոչում են կով, արուներին՝ ցուլ, իսկ ձագերին՝ հորթ:
Եղնիկները մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունեն: Գիտնականները բացահայտել են, որ նրանք կանգնում են դեմքով կամ հյուսիս կամ հարավ և երբ խմբով են լինում, ապա ողջ խումբը նայում է մեկ ուղղությամբ: