Դեռ մի քանի օր է, ինչ ամառ է, բայց ամռան արևն արդեն հասցրել է մեզ մի լավ տաքացնել: Մենք ամբողջ ձմեռ սպասում, երազում ենք ամռան արևին ու երբ նա վերջապես գալիս է, հանկարծ մայրիկն ասում է՝ «Արևի տակ երկար չմնաս»: Մայրիկը միանգամայն ճիշտ է, բայց արևահարումից պաշտպանվելու շատ տարբերակներ կան:
Շոգ ամռանը ցանկալի է տնից դուրս գալ կամ առավոտյան ժամը 7 – ից 11-ը, կամ էլ ժամը 17 – ից հետո, երբ արևն արդեն մայր է մտնում, մյուս ցերեկային ժամերին արևի ճառագայթները կարող են վտանգավոր լինել, այնպես որ խուսափիր արևահարումից:
Տնից դուրս գալիս պետք է թեթև հագնվել, ցանկալի չէ կրել սև գույնի հագուստ, այն ավելի շատ է կլանում արևի ճառագայթները:
Երբեք ավելորդություն մի համարիր գլխարկը, այն կպաշտպանի քեզ կիզիչ արևից:
Տնից դուրս գալիս քեզ հետ անպայման ջուր վերցրու՝ անընդհատ դեմքը և ձեռքերը լվանալու համար, բացի այդ շոգ եղանակին սովորաբար ավելի հաճախ են ծարավում:
Ամռանը շատ կարևոր է նաև սննդին հետևելը, պետք է հնարավորինս խուսափել մսից, մսային կերակուրներից և նախապատվությունը տալ թարմ բանջարեղենին: Շատ մրգեր կեր, ինչպես նաև խուսափիր գազավորված ըմպելիքներից և խմիր միայն բնական մրգերից պատրաստված հյութ:
Բայց եթե այնուամենայնիվ արևն արդեն հասցրել է «համբուրել» քո այտերը, և դրանից առաջացել են պեպեններ, ապա կարող ես կանոնավոր կերպով առավոտյան և երեկոյան դեմքը շփել մաղադանոսի թուրմից պատրաստված սառցե կտորներով, կամ էլ պարզապես կիտրոնով:
Ամառը դեռ նոր է սկսվում, և նշված բոլոր «չիկարելիներին» պետք է հետևել հենց սկզբից: Մաղթում եմ քեզ հաճելի ամառ:
Տիգրանուհի Թասլակյան