ԵՐՇԻԿԻ ՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏԸ. 3D ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՄՈՒԼՏՖԻԼՄ


Ձեզ ենք ներկայացնում 3D կարճամետրաժ մուլտֆիլմ, որը պատմում է մի անմոռանալի ամառային օրվա մասին։ Մաքսն ուսումնական տարին ավարտել է՝ փայլուն գնահատականներով, հրաշալի վարք ցուցաբերելով ու մի կարգին նիհարելով։ Առջևում ամառային արձակուրդներն են, իսկ Մաքսի համար ճիշտ այն ժամանակը, երբ սովորաբար բացում էր իր «գանձարանը» ու իրեն մի լավ երես տալիս։ Չդիմանալով գայթակղությանը Մաքսը որոշում է իսկական խնջույք կազմակերպել իր համար՝ չկասկածելով, որ առջևում դժվար «ճակատամարտ է սպասվում։

Վերջապես ես դա արեցի: Ընդամենը մեկ կիսամյակային «ութ»: Օրագիրս պարզապես գլուխգործոց էր: Իսկ ամենակարևորը՝ ողջ տարվա ընթացքում ոչ մի հեռախոսազանգ ծնողներիս:

Բայց իսկական հաղթանակը՞: Ես վերջապես ազատվել էի «թմբլիկի» կարգավիճակից: Էլ ոչ ոք չէր կարող ինձ Ցմփոր, Պոնչո, Խոզուկ կոչել, ես դարձել էի իսկական սպորտսմեն։

Առջևում ամառային արձակուրդներն էին, ինչը նշանակում էր, որ եկել էր իմ «Գանձարանի» հանդիսավոր բացման ժամանակը:

«Ի՞նչ գնեմ»,- մտածում էի ես: Ֆուտբոլի գնդա՞կ: Չէ մի չէ, արդեն հինգ հատ ունեմ: Խոսող ռոբո՞տ: Չէ, դա պարզապես հայրիկից կուզեմ (ախր, ո՞վ իր նման տղա ունի), հաստատ չի մերժի: Մեքենաների հավաքածո՞ւ: Խաղալիք ավտոմեքենաների հավաքածո՞ւ, ինչպե՞ս չես ամաչում. հո դու երեխա չե՞ս, ասում էի ես ինքս ինձ։

Հետո պատուհանից դուրս նայեցի ու տեսա Արթուրին` իմ մանկության ընկերոջը, իմ թմբլիկ մանկության ընկերոջը: Արթուրն իր մեծ փորը մի կերպ տեղավորել էր հեծանիվի վրա, ու բուլկին բերանը խցկելով, փողոցով առաջ էր շարժվում:

Ես երանությամբ նայեցի Արթուրին, հիշեցի քաղցր օրերը ու էլ չդիմացա, վերցրի գումարիս մի մասը ու վազեցի մոտակա խանութ: Բուլկի գնեցի, պաղպաղակ, տորթ ու … երշիկ: Որքա՜ն ժամանակ է` չէի կերել այդ հրաշքը: Այ սա ընտրություն էր․․․

Ուրախ-ուրախ դուրս եկա խանութից ու հենց այդ պահին… Ախր, որտեղից ծլեց այդ շունը, հարձակվեց գանձերիս վրա ու սկսեց քաշքշել դրանք: Տորթն ու պաղպաղակը ընկան գետնին, իսկ երշիկս, խեղճ երշիկս ձգվեց, երկարեց, արդեն ուզում էր կիսվել, երբ շունը հաղթանակ տարավ:

Աչքերս լցվեցին ու վազող շան հետևից լացակումած գոռացի.

-Տա՛ր, տա՛ր, տեսնեմ առանց հացի ո՞նց ես ուտելու…

Էլ չդիմացա, նստեց քարին ու լաց եղա: Նայեցի պաղպաղակին, որ հալվել-վերջացել էր, տորթից հետք անգամ չէր մնացել, միակ մխիթարանքս բուլկին էր, որ արցունքներից աղի ձողիկ էր դարձել: Չնայած դրան՝ սկսեցի մեծ հաճույքով ուտել այն:

Հետո Արթուրին հանդիպեցի, պատմեցի հետս կատարվածը, ու երկուսով մի կուշտ ծիծաղեցինք: Պարզվում է՝ ամեն ինչ ավելի համեղ է թվում, երբ կիսում ես ընկերոջդ հետ: Արթուրն էլ բացեց իր գաձարանը, միասին խանութ գնացինք, լիքը բուլկի գնեցինք ու երշիկ, և ոչ մի շուն այս անգամ չհամարձակվեց մեզ մոտ գալ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։