Ամառ է, շոգ և երևի հիմա դու էլ ինձ պես ուտում ես այնքան պաղպաղակ, ինչքան սիրտդ ուզում է: Պաղպաղակի փայտիկները շարվում են իրար կողք և սպասում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Իհարկե, նրանց մեծ մասը հայտնվում է աղբամանում, բայց ես քեզ ավելի լավ տարբերակ եմ առաջարկում: Պարզվում է՝ պաղպաղակի փայտիկները շատ օգտակար կարող են լինել և մի փոքր ջանքերի շնորհիվ հրաշալի իրերի կարող են վերածվել: Ահա դրանցից մի քանիսը:
ՆԿԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ
Վերցրու պաղպաղակի փայտիկները, լվա պաղպաղակի հետքերը և հորիզոնական կողք կողքի շարելով՝ սոսնձիր միմյանց: Այս օրինակին հետելով՝ փայտիկներից տնակ պատրաստիր: Ապա վերցրու ևս մի քանի փայտիկ և սոսնձիր դրանք մյուս փայտիկներին ուղղահայաց: Նոր փայտիկներից քառակուսի ստացիր և հենց այդ քառակուսու մեջ էլ դիր քո լուսանկարը:
Երկրորդ տարբերակի համար նույնիսկ փայտիկները սոսնձելու հարկ չկա: Կարող ես ամրացնել իրար՝ թելերով կապելով: Ետևի կողմից սոսնձիր նկարը և մի թելիկ էլ ամրացրու նկարի վերին հատվածում՝ պատից կախելու համար:
ՓԱԶԼ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՓԱՅՏԻԿՆԵՐԻՑ
Պաղպաղակի փայտիկներից փազլ պատրաստելու համար քեզ նախ հարկավոր է ընտրել այն նկարը, որից կցանկանայիր փազլ պատրաստել: Նկարի ընտրությունից հետո փայտիկները շարիր կողք կողքի և փայտիկների վրա սոսնձիր նկարը: Ապա վերցրու դանակը և զգուշերոն առանձնացրու փայտիկներն իրարից՝ միաժամանակ կտրելով նկարը:
ԾԱՂԿԱՄԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՓԱՅՏԻԿՆԵՐԻՑ
Վերցրու ամենասովորական մետաղյա տուփը և նրա շուրջը շարիր մեր փայտիկները: Ապա մի լավ ամրացրու պարանով:
Ապա տեղադրիր ծաղիկները՝ իհարկե չմոռանալով ջուր լցնել ծաղկամանի մեջ:
Ահա այսպիսի հրաշալի իրեր կարելի է պատրաստել ամենասովորական պաղպաղակի փայտիկներից: Ես նաև վստահ եմ, որ այս տարբերակները պատրաստելուց հետո քո գլխում հազար ու մի նոր գաղափարներ կծնվեն: Իսկ երբ «ծնվեն», չմոռանաս նաև ինձ տեղյակ պահել դրանց մասին:
Դե ինչ, բռնվեք պաղպաղակներ…