Ֆուտբոլը շատ սիրված խաղ է: Այստեղ 11 խաղացողից բաղկացած երկու թիմեր փորձում են գնդակը գցել իրենց հակառակորդի դարպասի մեջ: Նրանք կարող են օգտագործել մարմնի ցանկացած մաս, բացի ձեռքերից: Միայն դարպասապահին է թույլատրվում ձեռքով կպչել գնդակին իր համար գծված տեղում: Ով ամենաշատ գոլն է խփում, նա էլ հաղթում է:
Սակայն հին ժամանակներում ֆուտբոլը այսպիսին չէր: Այն շատ կոպիտ խաղ էր, որովհետև գնդակը պատրաստում էին իսկական քարից: Ացտեկների ժողովուրդը, որն ապրում էր մոտ 2000 տարի առաջ, խաղում էր մի խաղ, որտեղ պետք էր գնդակն անցկացնել քարե օղակի միջով՝ առանց ձեռքերի: Իսկ ամենատխուրն այն էր, որ պարտվող թիմի ավագին հաճախ սպանում էին՝ որպես զոհ իրենց աստվածներին:
Իսկ մոտ մ․թ․ա․ 206 թվականին չինացիները խաղում էին մեկ ուրիշ նման խաղ: Նրանք հարվածում էին փետուրներով լցված կաշվե գնդակին, որպեսզի զինվորները միշտ ուժեղ և առողջ լինեն: Նույն ժամանակներում ուրիշ հին ազգեր էլ էին սիրում գնդակով խաղեր խաղալ:
Հետո Անգլիայում մարդիկ սկսեցին խաղալ մի խաղ, որտեղ գնդակին խփում էին ոչ միայն ոտքով, այլև բռունցքով: Բայց այս խաղը շատ վտանգավոր էր: Մարդիկ իրար ցավեցնում էին և փչացնում էին տները, որովհետև խաղի կանոններ չկային: Դրա համար էլ ղեկավարները երկար ժամանակով արգելեցին այս խաղը:
Այն վերադարձավ միայն շատ տարիներ անց: Շուտով ֆուտբոլ սկսեցին խաղալ դպրոցներում: Բայց էլի խառնաշփոթ էր, որովհետև որոշ դպրոցներում թույլ էին տալիս ձեռքով խաղալ, իսկ մյուսներում՝ ոչ: Այս խառնաշփոթից հոգնած՝ Քեմբրիջի համալսարանի մի քանի ուսանողներ 1848 թվականին հավաքվեցին և գրեցին 11 կանոն: Նրանք այդ թուղթը մեխեցին ծառի վրա, որպեսզի բոլորը տեսնեն ու հետևեն դրանց: Քեմբրիջի կանոններով արդեն խստիվ արգելվեց ձեռքով խաղալը: Որոշվեց նաև, թե ինչպիսին պետք է լինի գնդակի չափսն ու ձևը: Հենց այս կանոնների պատճառով ֆուտբոլը և ռեգբին բաժանվեցին իրարից և դարձան տարբեր մարզաձևեր:
Դրանից հետո ֆուտբոլը սկսեց շատ սիրվել, հատկապես աշխատող մարդկանց կողմից, ովքեր հոգնած աշխատանքային շաբաթից հետո ուզում էին հանգստանալ և զվարճանալ: Իսկ երբ անգլիացիները գրավում էին ուրիշ երկրներ, խաղը տանում էին իրենց հետ նաև այդ երկրներ: Այսպես ֆուտբոլը տարածվեց ամբողջ աշխարհում:
Շուտով ստեղծվեցին հատուկ ֆուտբոլային ակումբներ: 1872 թվականին խաղացվեց առաջին մեծ խաղը Անգլիայի և Շոտլանդիայի միջև, որն ավարտվեց հավասար հաշվով: Իսկ հետո ստեղծվեց ՖԻՖԱ-ն, որը մինչև հիմա կազմակերպում է բոլոր մեծ խաղերը:
Գիտե՞ք, որ ֆուտբոլի ամենաառաջին աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Ուրուգվայում՝ 1930 թվականին, և հենց Ուրուգվայի թիմն էլ դարձել է աշխարհի ամենաառաջին չեմպիոնը:
