ԲՈՒՏԵՐԲՐՈԴ ԱՌՅՈՒԾ


բուտերբրոդ առյուծ

Առավոտյան առյուծի կաթ դժվար թե կարողանանք խմել, բայց կարող ենք նրան ամբողջությամբ ուտել… Ի՞նչ կասես… Դե լավ, լավ, դա էլ գուցե մի փոքր դժվար կլինի, բայց հո՞ կարող ենք ուտել բուտերբրոդ առյուծ… Սա հաստատ կարող ենք, բայց նախքան ուտելը մենք պետք է այն պատրաստենք:

Անհրաժեշտ բաղադրիչներ

Մեկ կտոր սպիտակ հաց
Մեկ հատ հազարի տերև
Բժշկական երշիկ
Ոլոռի և ձիթապտղի մեկ-երկու հատիկ
Պանիր (ցանկալի է մի քանի տեսակ)
Սամիթ և կետչուպ:

Ինչպե՞ս պատրաստել

Հացը միանգամից կդնենք մատուցվող ափսեի մեջ, որի վրա՝ հազարի մեկ տերևը: Երշիկը կկտրենք կլոր ձևով՝ առյուծի մարմնի համար, և կդնենք հազարի տերևի վրա, իսկ երշիկի վրա կդնենք կլոր կտրած պանիրի մեկ շերտ: Որպես առյուծի թաթիկներ կծառայեն էլի պանրի շերտերը, միայն ոչ թե կլոր, այլ կիսալուսնաձև կտրած: Բժշկական երշիկը մեզ նաև պետք է պոչը պատրաստելու համար: Նեղ ու երկար կկտրենք երշիկը և կդնենք առյուծի մարմնի աջ կողմից:

Կարծես թե մնաց գլուխը պատրաստենք: Հոլանդական պանիրը կկտրենք նախ կլոր: Հետո կկտրատենք նրա ծայրերը, ինչպես նկարում է պատկերված: Երշիկի շերտից պետք է ստանանք երեք շրջանակ. երկուսը՝ առյուծի ականջների, իսկ մեկը՝ մռութիկի համար: Երշիկները կդնենք իրենց տեղերում: Ոլոռի երկու հատիկները կծառայեն իբրև աչքեր, իսկ ձիթապտղի հատիկը՝ իբրև քթիկ: Սամիթի տերևներով կստանանք առյուծի հոնքերը, բեղիկներն ու պոչի ներքևի հատվածը: Վե՜րջ… Չէ, չէ, մեկ րոպե, իսկ շուրթե՞րը… Իսկ շուրթերը կնկարենք կետչուպի օգնությամբ: Ա՛յ հիմա իսկապես վերջ: Շտապենք ուտել, բարի ախորժա՜կ բոլորիս… 

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։