Շա՜տ, շա՜տ քիչ է մնացել Ամանորին և արդեն պետք է մտածենք նվերների մասին… Այս անգամ էլ չենք դավաճանի մեր սկզբունքներին և ամեն-ամե՜ն ինչ կանենք մեր ձեռքերով: Առաջարկում եմ պատրաստել ամանորյա բացիկներ, համաձա՞յն ես:
Բացիկ 1: Կանաչ, կարմիր, սպիտակ և վարդագույն գունավոր թղթեր, սպիտակ ներկ, սոսինձ, սև գրիչ և անսահմա՜ն երևակայություն. ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ: Կանաչ թուղթը հավասար և ուղիղ պետք է ծալենք:
Իսկ այն ինչ հիմա մենք կանենք, լավ կլինի մայրիկը չտեսնի :): Մեր ամբողջ ձեռքը պետք է պատենք սպիտակ ներկով և թողնենք մեր ձեռքի հետքը բացիկի առաջամասում: Ի՞նչ է սա… Սա Ձմեռ պապիկի մորուքն է, այո՛, այո՛ աշխարհի ամենատարօրինակ մորուքը: Դե հիմա շու՜տ, շու՜տ շտապիր լոգարան և մի լավ լվա ձեռքդ: Անցանք առաջ: Վարդագույն թղթից մեզ հարկավոր է ընդամենը երկու շա՜տ փոքրիկ շրջանակ: Դրանք կսոսնձենք մորուքի ամենավերևում: Ահա և կարմրած թուշիկները: Կարմիր թղթից կստանանք նրա գլխարկն ու քիթիկը: Սպիտակ թղթից էլ կկտրենք ինը հատիկ շրջանակ գլխարկի և աչքերի համար: Դե իսկ սև գրիչը մեզ կօգնի նկարել Ձմեռ պապիկի աչքերն ու զարմացա՜ծ, շա՜տ զարմացած բերանը: Սա առաջին բացիկը՜, անցանք հաջորդին:
Բացիկ 2: Իսկ ահա այս երկրորդ բացիկն այդքան էլ պահանջկոտ չէ: Ընդամենը կանաչ, կարմիր, դեղին թղթեր ու սոսինձ: Դեղին թուղթը հավասար ծալիր և դիր մի կողմ: Հիմա մի պահ պետք է վերադառնանք դպրոց: Ո՛չ, ո՛չ, մի՛ դժգոհիր, միայն մտքով պիտի վերադառնանք և հիշենք այն հովհարները, որոնք պատրաստում էինք թղթից: Հիշեցի՞նք, շա՜տ լավ: Ուրեմն պետք է պատրաստենք նույն հովհարները մեր ունեցած կանաչ թղթով: Ընդամենը հինգ, տարբեր չափերի հովհար: Հմմմ, իսկ ու՞ր դրեցինք մեր դեղին բացիկը… Այո՛, այո՛ հենց դա, վերցրու և հենց այդ բացիկի մեջ էլ սկսիր սոսնձել հովհարների ծայրերը: Տոնածառը պատրաստ է, մնաց աստղիկը, որն էլ կպատրաստենք կարմիր թղթից:
Ահա բացիկի երկու տարբերակ մենք արդեն ունենք: Հա՜, չմոռանաս միայն դրանց ներսում գրես քո գեղեցիկ և անկեղծ բարեմաղթանքնե՜րը…
Անի Ավագյան