ՓՇԱՊԱՏ ԳՆԴԱԿ ՈԶՆԻՆԵՐ


ոզնիներ

Յուրահատուկ, շա՜տ յուրահատուկ այս կենդանիների մասին այնքան քիչ բան գիտենք և այնքան բան դեռ պիտի իմանանք: Դե ուրեմն առանց ժամանակ կորցնելու, սկսենք միասին ուսումնասիրել փշապատ ոզնիների պատմությունը:

Մեզ հայտնի է ոզնիների ամբողջ 20 տեսակ, որոնք ընդգրկվում են երկու ենթաընտանիքներում՝ առնետանման ոզնիներ և իսկական ոզնիներ: Իսկականներին բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը և մկանները, որոնց կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդակի: Ա՛յ հենց այս տեսակին էլ մենք ամենից շատ ենք տեսնում: Նրանք բնակվում են անտառներում, այգիներում, թփուտներում և կիսաանապատներում, միայն թե հեռու ջրային տարածքներից:

ոզնիներ

Բնության մեջ ոզնիները ոչ միայն բնակվում են հեռու ջրային տարածքներից, այլ նաև խուսափում են ամենասովորական անձրևից, որովհետև ջրի թեկուզ մի փոքրիկ կաթիլի դեպքում ոզնու փշոտ գնդակը իր կամքին հակառակ փափկում է և չի կարողանում պաշտպանել իր տիրոջը: Նրանց հենց այս թուլությունից օգտվում են իրենց թշնամիները և հարձակվելով ոզնիների վրա՝ առաջին բանը որ անում են, դա մոտեցնելն է ջրային տարածքներին:

Ոզնիները խոսում են սուլոցներով, բայց եթե հանկարծ բարկանում են, սկսում են փնթփնթալ: Այս յուրօրինակ կենդանիները շատ քիչ են ապրում, ընդամենը վեց տարի: Եվ այդ տարիների մեծ մասն էլ քնած են անցկացնում, որովհետև ոզնիները ձմռանը խոր քուն են մտնում: Քնում են մոտավորապես 127 օր: Իսկ գարնանն արթնանում են շատ քաղցած ու շատ նիհարած: Հենց այդ պատճառով էլ արթնանալուն պես շտապում են մի բան ուտելու և կեր փնտրելով՝ այս ու այն կողմ են անում թփերն ու տերևները, իսկ այդ խշխշոցից շատ հեշտ է նրանց գտնելը ինչպես մեր, այնպես էլ մյուս կենդանիների համար: Բացի աղմուկով կեր փնտրելուց, ոզնիները նաև շատ աղմուկով են ուտում: Իսկ նրանց ճաշացանկի մեջ ներառված են ամենատարբեր միջատները: Եվ, իմիջայլոց, նրանք նաև վերացնում են վնասակար միջատներին:

ոզնիներ

Ընտանեկան կյանքը ոզնիների մոտ այդքան էլ հաջող չէ: Փոքրիկների ծնունդից անմիջապես հետո հայր-ոզնին հեռանում է նրանցից՝ խնամակալությունը վստահելով մայր-ոզնուն: Ամեն ընտանիքում ծնվում է հիմնականում հինգ ոզնի:

Փոքրիկ ոզնուկները լույս աշխարհ են գալիս մերկ ու կույր՝ կշռելով ընդամենը 12 գրամ: Բայց մի քանի ժամից նրանց վրա հայտնվում են փափուկ փշիկներ: Իսկ երբ ոզնիները մեծանում են, նրանց մարմնի երկարությունը հասնում է 20-25, պոչինը՝ 2-3,5 սմ-ի: Փշերն էլ հիմնականում լինում են 3 սմ, որոնց օգնությամբ նրանք ոչ միայն պաշտպանվում են, այլ նաև կեր են կրում: Եվ, իմիջայլոց, նրանք չեն վախենում ընկնել հինգ մետր բարձրությունից, որովհետև, վստահ են՝ փշերը հաստատ իրենց կպաշպանեն: Ամեն օր ոզնիների փշերից մի քանիսն ընկնում են, բայց դրանց փոխարեն աճում են միանգամայն նորերը, ինչպես մարդու մազերն են:  Իսկ գիտե՞ք, որ մենք շատ հանգիստ կարող ենք շոյել ոզնիներին, նրանք երբեք մեզ չեն ծակծկի, եթե, իհարկե, շոյենք դեմքից դեպի մեջք ուղղությամբ:

Եվ վերջում. ինչպես աշխարհի բոլոր-բոլոր մայրիկները, ոզնի-մայրիկները նույնպես անփոխարինելի են իրենց փոքրիկների համար: Նրանք շատ լավ են խնամում իրենց փոքրիկներին. տանում են զբոսանքի և խաղում նրանց հետ: Որքան էլ զարմանալի լինի, ոզնիները շատ են սիրում խաղալ կատուների, հատկապես նրանց պոչերի հետ:

Ոզնիների մասին ահա այսքանը, իսկ դու համբերատար սպասիր քո մյուս կենդանի- ընկերների հետ ծանոթանալուն…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։