ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՍԻՆ


6 shares

Հետաքրքիր է՝ եթե հետազոտություն անցկացնեինք, աշխարհում ո՞ր բառը կճանաչվեր ամենահաճախ օգտագործվողը… Նույնիսկ չմտածեցիր էլ, չէ՞: Ես նույնպես: Համոզված եմ, որ այդ բառը կլիներ «մայրիկ»-ը: Եվ եթե նույնիսկ դա այդպես չէ, կարևոր չէ: Որովհետև մեկ է, մենք այսօր պետք է բանաստեղծություն գրենք հենց այդ բառով կոչվող աշխարհում մեզ համար ամենաթանկ մարդու մասին, բանաստեղծություն մայրիկի մասին:

Այո՛, այո՛, բանաստեղծություն և դեմքդ ծամածռելու կարիք չկա: Հենց հիմա վերցրու մի ռետին և ջնջիր բոլոր դժգոհություններդ, կասկածանքներդ և «չեմ կարող»-ներդ, միայն թե զգույշ, ժպիտդ չջնջես:

Իրականում ոչ մի դժվար բան չկա: Կարևորը ցանկությունն է, ինչը, համոզված եմ, որ երկուսս էլ ունենք: Դե ուրեմն մի կողմ դիր ռետինը և վերցրու թուղթ ու գրիչ. ահա՛ այն ամենն, ինչ անհրաժեշտ է բանաստեղծություն գրելու համար:  Իսկ հիմա ուշադիր հետևիր այս խորհուրդներին.

– Բանաստեղծության չափը կարող ես ինքդ որոշել: Այն կարող է լինել նույնիսկ քառատող: Բայց հիշի՛ր, բանաստեղծության ամենակարևոր նախապայմանը. այն պետք է հանգեր ունենա: Համեմատենք՝

Գեղեցիկ ես ու բարի,

Հեքիաթային մի փերի:

Սրանք հանգավորված տողեր էին, իսկ ահա ներքևում նույն բառերն են, բայց հանգ չկա:

Բարի ու գեղեցիկ ես,

Հեքիաթային մի փերի:

Եվ ո՞րն է, ըստ քեզ, ավելի գեղեցիկ: Դե, իհարկե, հանգավորված տարբերակը:

Ինչպես գրել բանաստեղծություն մայրիկի մասին

– Բանաստեղծությանդ մեջ անպայման պետք է լինեն մայրերին և հատկապես քո մայրիկին բնութագրող բառեր, արտահայտություններ ու երբեմն նաև չափազանցված գովասանքներ՝ սիրելի՛ մայրիկ, աստվածուհի,  ինձ համար մի ողջ աշխարհ, գեղեցկուհի և այլն:

– Այնտեղ պետք է լինեն շնորհակալական խոսքեր, չէ՞ որ այնքան առիթ ունենք մայրիկին շնորհակալություն հայտնելու: Կարող ես գրել ընդամենը «շնորհակալություն որ դու կաս»:

– Շա՜տ համեմատություններ արա: Օրինակ՝ համեմատիր նրան գարնան, արևի, գեղեցիկ ծաղիկների հետ:

– Մայրիկի բնավորությունը նկարագրի՛ր, կարող ես դարձյալ համեմատություններ անել՝ «բարությունդ ծով է անսահման»:

– Նկարագրիր, թե դու ինչքա՜ն շատ ես սիրում նրան և թե նա ինչքան կարևոր է քեզ համար:

– Կարող ես գրել նաև այն մասին, թե երբ մեծանաս, ինչեր ես անելու մայրիկիդ համար:

– Ոչ մի դեպքում կեղծ խոսքեր չգրես, լա՞վ, թե չէ մայրիկն անպայման գլխի կընկնի և այդքան էլ չի հավանի: Ընդհակառակը, գրի՛ր քո բառապաշարով, քո տաքուկ ու անկեղծ խոսքերով:

Հիշի՛ր նաև, որ բանաստեղծությունդ կարող է միանգամից չստացվել: Գուցե մի քանի տող գրելու համար պահանջվի մի ամբողջ ժամ: Այնպես որ, ոչ մի դեպքում չհուսահատվես: Անգամ ամենահայտնի ու սիրված բանաստեղծներից է երկար ժամանակ պահանջվում գեղեցիկ բանաստեղծություն գրելու համար: Կարևորն ահռելի ու հսկայական ցանկությունն է, համբերությունն ի՞նչ է, որ չունենանք…

Հ.Գ. Չմոռանա՛ս նաև մոծաբանություններում գրել քո արդեն պատրաստի ու գեղեցիկ բանաստեղծությունը:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

6 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։