ԱՊՐԻԼԻ 2-Ը՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Մանկական գրքերի միջազգային օր

1967 թվականին՝ ամբողջ 46 տարի առաջ, ապրիլի 2-ը հռչակվեց մանկական գրքերի միջազգային օր: Ինչպես գրեթե բոլոր տոները, այս մեկն էլ ունի իր տրամաբանությունն ու նպատակները: Սկսենք օրվա ընտրությունից: Մանկական գրքերի միջազգային օր ճանաչվեց հենց ապրիլի 2-ը, որովհետև այսօր աշխարհահռչակ ու երեխաների կողմից անչա՜փ սիրված հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է: Կարծում եմ` բավարար պատճառ է, չէ՞: Այսպես թե այնպես, հեքիաթի արքայի ծննդյան օրը բոլոր երեխաների համար էլ տոն է:

Մանկական գրքերի միջազգային օր
Իսկ հիմա մի քիչ պատմեմ նպատակներից: Գիրքը, չգիտես ինչ հրաշքով, կարողանում է իսկական մայրիկի ու հայրիկի պես դաստիարակել փոքրիկին: Այն դաստիարակում է մեր մեջ ճաշակ, դարձնում է բարի, գրագետ ու նաև իմաստուն: Եվ այս տոնի նպատակն է ևս մեկ անգամ մեզ հիշեցնել գրքի ու հատկապես մանկական գրքի կարևորության մասին: Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ ու առակներ. պատկերացնու՞մ ես, եթե նրանք չլինեին… Ո՛չ, ո՛չ, նույնիսկ պատկերացնել էլ պետք չէ: Որովհետև նրանք կան, և հենց նրանցով են պատրաստվում գեղեցիկ հանդեսներ, ներկայացումներ, տարբեր-տարբեր բեմականացումներ ու նրանց շնորհիվ են երեխաները սկսում երազել ու հավատալ իրենց երազանքներին…

Ամբողջ աշխարհը շատ լուրջ է վերաբերում այս տոնին ու կազմակերպում է լի՜քը հետաքրքիր միջոցառումներ և ընթերցանություններ, իհարկե, փոքրիկների գլխավոր դերակատարությամբ:

Դե ուրեմն, շնորհավոր Հանս Քրիստիան Անդերսենի տարեդարձը, շնորհավոր մանկական գրքերի միջազգային օրն, ու մե՜ծ շնորհակալություն այդ գրքերը ստեղծողներին:

Անի Ավագյան

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։